«Տեսակապի ընթացքում ասվածը չմտահոգեց, քանի որ այդ ամենը գրված էր արդեն «Էլարդի» եզրակացության մեջ». Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերի վերաբերյալ հարցին՝ ասաց, որ իրեն չի մտահոգել այն, ինչ ասվել է տեսակապի ընթացքում, բայց մտահոգում են բոլոր հանքերի շահագործման բնապահպանական ռիսկերը.

«Տեսակապի ընթացքում ասվածը չմտահոգեց, քանի որ այդ ամենը գրված էր արդեն «Էլարդի» եզրակացության մեջ, բայց ինձ մտահոգում են բոլոր հանքերի շահագործման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը»:

Լրագրողների այն հարցին, թե կա՞ պարտադրանք, որ մեր պետությունը պետք է Ամուլսարի հանքը շահագործի, Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ միայն մեկ պարտադրանք կա.

«Միակ պարտադրանքը, որը կա, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով մամուլում տարածված լուրերին, թե ինքը կապ ունի «Էլարդի» հետ և Ամուլսարի հարցում ունի անձնական շահագրգռվածություն, Տիգրան Ավինյանն ասաց, որ իր միակ շահը պետական շահի պաշտպանությունն է.

«Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն, դա պետական շահի պաշտպանությունն է և պահպանումը: Որևէ այլ շահագրգռվածություն ես չունեմ և չեմ կարող ունենալ»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս