«Թուրքիայի վրա Իրա՞քն է հարձակվելու, Իրա՞նը, թե Ռուսաստա՞նը». քեմալական կուսակցության առաջնորդ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է իշխանություններին ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու համար։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Թուրքիան Ռուսաստանից գնած S-400-ները ետ կվերադարձնի՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշմանը, ընդդիմադիր գործիչը պատասխանել է:
«Գնեցին, բայց թե ինչո՞ւ գնեցին, ոչ մեկ չգիտի։ Ո՞վ է մեր դեմ հարձակվելու: Սիրիայում «S-200» կա ռուս զինվորների գլխավորությամբ։ Սիրիայի ՀՕՊ համակարգերը Մերձավոր Արևելքում ամենաուժեղն են։ Դա բոլորը գիտեն։ Թուրքիայի վրա Իրա՞քն է հարձակվելու, Իրա՞նը, թե Ռուսաստա՞նը։ Մենք Հունաստանի հե՞տ ենք բախվելու, ինչ է։ Հունաստանը ՆԱՏՕ-ում է»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Թուրքիային S-400-ի մասերի երկրորդ խմբաքանակն է ուղարկել։ ԱՄՆ-ն արդեն հասցրել է պատժամիջոց կիրառել՝ կասեցնելով Թուրքիայի մասնակցությունն ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում։