«Կարծում եմ՝ վեթինգի գործընթացը պետք է սկսել ինձանից՝ որպես ԲԴԽ նախագահի». Ռուբեն Վարդազարյան
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ իր ընտրվելուց հետո ԲԴԽ-ում աշխատանքներն ընթանում են բավականին դրական և կառուցողական մթնոլորտում։
Ըստ նրա, ԲԴԽ-ում բոլորը զինված են համբերատարությամբ և պատրաստ աշխատելու՝ իրենց ունակություններն ու կարողությունները ներդնելու հանուն Հայաստանի։
«ԲԴԽ-ում աշխատանքը ծանրաբեռնված է, գրեթե ամեն օր ունենում ենք քննարկումներ, միակ փոփոխությունը, որն արձանագրել ենք և կարող եմ փոխանցել, այն է, որ այսուհետ լինելու ենք չափազանց բաց և թափանցիկ, ցանկացած պահի պատրաստ ենք պատասխանել լրագրողների բոլոր հարցերին»,- նշեց Ռ.Վարդազարյանը։
Անդրադառնալով վեթինգի գործընթացին և հարցին, թե ինչպե՞ս է այն մեկնարկելու և արդյո՞ք ԲԴԽ անդամները ենթարկվելու են վեթինգի, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ ԲԴԽ անդամները պարտադիր անցնելու են բարեվարքության ստուգման գործընթացը։
«Կարծում եմ՝ այդ գործընթացը պետք է սկսել հենց ինձանից՝ որպես ԲԴԽ նախագահի, այնուհետ ԲԴԽ անդամներից, հետո դատավորներից։ Թե ինչպես է այն մեկնարկելու, այս պահին ժամկետի առումով դժվարանում եմ ասել, քանի որ կարգավորումները դեռ ընթացքի մեջ են, բայց որ մոտ ժամանակներս այն լինելու է՝ վստահ եմ»,- նշեց ԲԴԽ նախագահը։
Ինչ վերաբերում է դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ հրապարկված ռազմավարությանը, Ռուբեն Վարդազարյանը շեշտեց, որ այն բավականին հավակնոտ ռազմավարություն է, որը դրական է գնահատում։
«Այստեղ բավականին ծավալուն աշխատանք է կատարվել, եթե շահագրգիռ բոլոր կողմերը հետևողական լինեն և քայլ առ քայլ փորձեն իրականություն դարձնել այդ ռազմավարության ծրագրում նշված գործողությունները, ապա որոշ ժամանակ անց կունենանք վստահելի դատաիրավական համակարգ»,- ընդգծեց ԲԴԽ նախագահը։
Զվարթ Խաչատրյան