«Ներքաղաքական գործընթացներում անթույլատրելի է կարմիր գծի անցումը». Արցախի հերոս Արշավիր Ղարամյան

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԱԽՔ), Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն անհրաժեշտություն է համարում զերծ մնալ արհեստական ձևավորած կեղծ օրակարգի շուրջ ծավալվող քննարկումներից, որոնք «մասնատիր, որ տիրես» առաքելությունը պիտի կատարեն:

Գեներալի խոսքով՝ պետք է զգոն լինել, դրանք լարում են մտցնում հանրության ներսում և թույլ չեն տալիս այլևս պահպանել միասնականության գաղափարը:

Շուտով կբոլորի երրորդ տասնամյակը, ինչ Արցախի անկախությունն և կայացած Հայոց բանակը՝ որպես պատմական և հոգևոր արժեքներ, մեկ միանական ամբողջականության մեջ են ընկալվում, որովհետև դրանցից մեկի ձեռքբերումն առանց մյուսի՝ հաջողել դժվար կլիներ: Ուստի Արցախի հերոսի կոչը բոլորիս՝ անկախ մեր ունեցած հասարակական ու քաղաքական դիրքից, անկախ ծննդավայրից, մեկն է՝ չտրվել խարդավանքների, որպեսզի նորից վերահաստատվի համազգային վստահությունը և հարգանքը հայոց բանակի և աշխարհազորի հանդեպ։

Արցախի անկախության տոնական օրով 168.am-ի հետ զրույցում իր մտորումների շուրջ կիսվում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը:

– Արցախի անկախության խորհուրդը, խնդրում ենք, հնարավորինս կարճ բանաձևել՝ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի խաղաղ բնակչի համար (ծննդավայրն է) և այն մարդու ընկալմամբ, ով ֆիզիկական ահռելի ուժով, ինքնապաշտպանության կամքով և իրենը պահելու բնազդով է վաստակել հայրենիքի անկախությունը:

– Արցախի անկախությունը Հայաստանի և Արցախի պետականության ամրապնդման, հայ ժողովրդի պայքարի հաղթանակի խորհուրդն է իր մեջ կրում: Իրականում ազգային-ազատագրական պայքարը սկսվել է դեռևս մի քանի դար առաջ, Արցախի և Հայաստանի նորագույն պատմության փուլում այդ պայքարի արդյունքը դրսևորվեց միանգամից երկու հայկական պետությունների կազմավորմամբ: Արցախյան զարթոնքը եկել էր խմբագրելու 20-րդ դարի 20-ական թվականներին՝ Արցախի նկատմամբ դրսևորված անարդարացի մոտեցումը: Իսկ ահա 1980-ականների վերջին ծավալված համառ ազատագրական պայքարը, որը դրսևորվում էր հզոր, միասնական հավաքների միջոցով, հանդիպելով Ադրբեջանի ուժեղ դիմադրությանը, հանգեցրեց ռազմական լայնածավալ գործողությունների:

Արցախում, Հայաստանում և սփյուռքում ապրող հայ մարդն ինքնաբերաբար ռազմիկ դարձավ, զենք վերցրեց և անմնացորդ իրեն նվիրեց մեր սուրբ պայքարին: Արդյունքը մեր հաղթանակն է, Արցախի ու Հայաստանի պետականության կառուցումն ու շենացումը, որը պետք է պահենք, ամրապնդենք ու զարգացնենք ողջ ներուժով: Ի սկզբանե Արցախի ցանկացած բնակավայրում ապրող մեր հայրենակիցների համար, այդ թվում՝ իմ հայրենի Ակնաղբյուրում, շարժման սկզբին, որևէ մեկը չէր մտածում անկախության մասին: Մեր պայքարն առաջին հերթին՝ մեր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից փրկելու համար էր, մեր հայրենի հողը պահելու ու ադրբեջանական կամայականություններին վերջ տալու խնդիր էր լուծում, իսկ վերջնանպատակն Արցախի և Հայաստանի վերամիավորումն էր:

– Այդ դեպքում ինչո՞ւ ի սկզբանե չգնացինք Հայաստանի և Արցախի վերամիավորման ճանապարհով, այլ ընտրվեց անկախության գաղափարը:

– Միջազգային իրավունքի և ԽՍՀՄ իրավական դաշտի տեսանկյունից, գործընթացը սահուն տանելու նպատակով, դեռ այդ ժամանակ, որոշում կայացվեց այդ փուլում գնալու ոչ թե վերամիավորման, այլ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման ճանապարհով, ինչն իրավական, քաղաքական առումով առավել նպատակահարմար էր: Ի վերջո, այս երկար գործընթացի եզրափակիչ, տրամաբանական ավարտի փուլը Հայաստանի և Արցախի միավորումն է մեզ համար:

– Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ հնչեցնում էր «Միացում», «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսները: Արդյո՞ք այս ձևակերպումներն այս փուլում վտանգավոր չեն, մանավանդ, երբ բանակցային գործընթացում ջանում ենք Արցախը որպես երրորդ կողմ ներգրավել:

– Արդեն ասացի, որ մեր վերջնական նպատակը Հայաստանի և Արցախի վերամիավորումն է, իսկ թե երբ կհասնենք այդ հանգրվանին, դա արդեն կախված է մեծ թվով գործոններից և իրողություններից՝ բանակցային գործընթացից՝ մինչև աշխարհաքաղաքական իրողություններ: Ամեն ինչ իր ժամանակն ու գինն ունի, շարժվելու ենք այնպես, ինչպես մեր համազգային շահերն են պահանջում:

Մի առիթով ասել եմ և նորից ընդգծեմ՝ Հայաստանն ու Արցախը երկու եղբայրական երկրներ չեն, որովհետև կա մեկ երկիր հայկական` ՀԱՅԱՍՏԱՆ: Ե՞րբ ենք վերջապես սովորելու երկիրն ու պետությունը տարբերակել միմյանցից: Հայաստան երկրի մեծ մասը զավթված, օկուպացված է օտար, ոչ հայկական պետությունների կողմից, իսկ Հայաստան երկրի հայահպատակ հատվածում կա Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն:

Ուստի այս համատեքստում անընդունելի է, երբ Հայաստանն անվանում են Մայր Հայրենիք. իրականում հայրենիքը մեկն է, և այդ տիրույթում հայր, մայր, դուստր չկա: Հայաստանցին ու արցախցին էլ եղբայրական ժողովուրդներ չեն, որովհետև մենք մեկ միասնական մարմին, սիրտ, հոգի ու արյուն ենք, մենք ՀԱՅ ենք, և վե՛րջ: 

Ներքաղաքական գործընթացներում անթույլատրելի է կարմիր գիծն անցնելը

– Տարիներ առաջ անկախությունը պահելու վախեր կարծես այսքան չկային։ Որքանո՞վ են ներքաղաքական գործընթացները խոցելի դարձնում Արցախի անկախությունն անսասան պահելու հնարավորությունը:

– Մեզանից է կախված, մեր քաղաքական, գաղափարական հասունությունից, թե ինչպես կվարվենք մեր ձեռքբերումների հետ: Ներքաղաքական գործընթացներում անթույլատրելի է կարմիր գծից անցումը, այս առումով համախմբվածությունն ու միասնականությունը պետք է լինի ցանկացած քաղաքական ուժի, գործչի առաջնային օրակարգում: Արտաքին քաղաքականության առումով, պետք է ճկունություն դրսևորել՝ հաշվի առնել տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունն ու անվտանգային ռիսկերը:

Մեր տարածաշրջանն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ուշադրության կենտրոնում է գտնվում, հետևաբար՝ շատ կարևոր է միջազգային գործընկերների համար ընկալելի լինել՝ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակով պետություն ես ներկայացնում: Ցանկացած դեպքում Արցախն ազնիվ է մեր գործընկերների հետ հարաբերություններում, իսկ մեր դիրքորոշումը շատ հստակ է:

– Բանակի ներսում թալանչիներ, խանգարողներ փնտրելու արտաքին միջամտությունը կարծես շարունակվում է, ի՞նչ վտանգներ է պարունակում այս գործընթացն իր մեջ:

– Բանակը յուրաքանչյուրիս մեջ է, յուրաքանչյուրս նրա մի մասնիկն ենք: Ազգ-բանակ գաղափարը զուտ հայեցակարգային մոտեցում չէ, դա մեր բնական վիճակն է: Երբ խոսում ենք հասարակության մեջ առկա արատավոր երևույթների մասին, ցավոք, դրանք որոշակի չափով ներթափանցում են նաև զինված ուժեր: Մեր խնդիրն այն է, որ տարբեր գործիքակազմերի ներգործությամբ նվազեցնենք վտանգավոր երևույթների ծավալը բանակի ներսում, որովհետև կոռուպցիան և նմանատիպ երևույթների առկայությունն առհասարակ չարիք են և խոցելի են դարձնում մեր անվտանգությունն արտաքին պաշտպանական միջավայրում:

 Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ անգամներ փորձ է արվել օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար

– Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, գուցե քաղաքական նպատակներով, շրջանառութան մեջ դրվեց այսպիսի կոշտ գնահատական՝ Արցախի ազատագրական շարժման ժամանակ երկարատև պատերազմը հաղթեց հայ ազգը, սակայն ցավալի կորուստներ ունեցավ բանակն ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում: Ինչպիսի՞ն է գեներալի գնահատականն այդ հարցում:

– Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ անգամներ է փորձ արվել օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար, ընդհուպ՝ միտումնավոր շրջանառության մեջ են դրվել այնպիսի վտանգավոր թեզեր, որոնք, թերևս, աշխատեցին միայն այդ օրերին, երբ մարդկանց ուշադրությունը միայն մեկ ուղղությամբ էր կենտրոնացված, որոշակի իմաստով կար նաև ինֆորմացիոն սով: Նկատեցինք, թե ինչպես կրքերն ավելի բորբոքելու համար որոշ ոչ կոմպետենտների կողմից նորից դաշտ նետվեցին դավաճանական թեզեր` «ղարաբաղցիները թուրք են, իսկ արցախցիները՝ հայ», «ինչու են մեր երեխաները ծառայում Արցախում», «2016 թ. ապրիլին ընդամենը մեկ արցախցի է զոհվել» և այլ աբսուրդի հասնող մտքի մոտեցումներ:

Ի վերջո, ապրիլյան պատերազմը վերլուծելով՝ պետք է հաշվի առնել, թե ինչ խնդիր էր դրել Ադրբեջանն իր զորքի առաջ, ի՞նչ գնով և ի՞նչ խնդիր լուծեց, ի վերջո: Ադրբեջանի գլխավոր խնդիրն ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծումն է եղել, ինչը միանշանակորեն տապալվեց: Ադրբեջանի գրոհային ստորաբաժանումները սպանվածների ու վիրավորների բարձր թվի արդյունքում անմարտունակ դարձան, դրանց մեջ զգալի թիվ էին կազմում, ի դեպ, էլիտար ստորաբաժանումները: Զոհերի թիվը՝ տարբեր տեղեկությունների վերլուծություններով, անցնում է 1000-ը, վիրավորների թիվը 2500-ից ավելի է:

Ցավոք, պատերազմի ամենամեծ չարիքը դա զոհերն են, որից զերծ չմնաց նաև հայկական զինուժը: Ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում ունեցանք 75 զոհ, որոնց ընտանիքների ու հարազատների առջև գլուխ եմ խոնարհում: Ես կարծում եմ, որ մեր զինվորը, սպան ապրիլյան պատերազմում իր խնդիրը լուծեց:

Սյուզի Բադոյան

Հ.Գ. Արշավիր Ղարամյանը 1980-ականների շարժման առաջին կամավորներից է եղել, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆալկուլտետի ուսանողը կամավորագրվել է հայրենի Ակնաղբյուրում կազմավորված ջոկատին: Ռազմական մկրտությունը սկսել է Ամարասի հովտի պաշտպանական գործողություններում, հետագայում իրեն է վստահվել մի ամբողջ գումարտակ:

Պաշտպանության բանակի Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ գումարտակի (ՄՀԳ) հրամանատարն ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին, և նրա ղեկավարած գումարտակը եղել է ռազմաճակատի բոլոր թեժ կետերում:

Տեսանյութեր

Լրահոս