Բաժիններ՝

Դպրոցական միասնական համազգե՞ստ, թե՞ ազատ հագուստ. նախարարության ու կրթության փորձագետի դիրքորոշումը

Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, այս տարի կիրակի օր է:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության փոխանցմամբ՝ դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու: Սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Սա միակ օրն է, որ աշակերտների 90 տոկոսը  դպրոց կհաճախի սև ու սպիտակ հագուստով, իսկ դրանից հետո կհագնվեն ուսուցիչներից էլ լավ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք ծրագրեր կա՞ն դպրոցական միասնական համազգեստ ունենալու հետ կապված, նա պատասխանեց, որ ոչ:

«Մենք դեմք ենք դպրոցների կողմից հագուստ պարտադրելուն, որովհետև դա ծնողների համար հավելյալ ֆինանսական բեռ է ստեղծում, դրամահավաքների առիթ է հանդիսանում:

Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին. այդ որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր ծնողի և երեխայի կողմից: Նախարարությունը դեմ չէ սև ու սպիտակին, դեմ է սև ու սպիտակը որևէ մեկին պարտադրելուն» ,- նշեց ԿԳՄՍ փոխնախարարը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով էլ՝ ցանկալի է, որ համազգեստ լինի, բայց վատ տարբերակ էլ չէ ողջամտության սահմաններում  ազատ հագուստը:

«Ճիշտն այն է, որ դպրոցը գա ինչ-որ մի համաձայնության, ու այդ ձևով անեն: Այստեղ կարևոր է նաև այն, որ համազգեստը լինի ճաշակով, ոչ թե անճաշակ, ու երեխաները չցանկանան կրել»,- ասաց Սերոբ Խաչատրյանը:

Նշենք, որ այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին անգամ մոտավորապես 48 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս և երկրորդ մաս։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին: Երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք այս տարի վերահրատարակվելու էին: Կարևորը՝ այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի: Տարրական դասարաններին դրանք կտրվեն անվճար:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս