Ինչպե՞ս է ԱՄՆ-ն Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրում, կամ գործո՞ւմ է արդյոք 907-րդ բանաձևը
907-րդ բանաձևի պատմությունը
ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ի օգոստոսին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ ընդունեցին «Ազատության աջակցության ակտ» օրենքը, որով նախատեսվում էր օժանդակել Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ստեղծելու դեմոկրատական կառավարման մոդել և ազատական տնտեսություն: Այդ ակտը (օրենքը) գործողությունների ծավալուն փաթեթ է, որը տարբեր ուղղություններով ճանապարհային քարտեզ է։
Ըստ էության, այն գործադիր իշխանության տարբեր մարմինների համար նախատեսված քաղաքական փաստաթուղթ է։ «Ազատության աջակցության ակտ»-ը նախատեսում էր տնտեսության, բիզնեսի, գյուղատնտեսության և այլ ուղղություններով ծավալուն օժանդակություն Ռուսաստանին և նորանկախ բոլոր պետություններին, որոնց ԱՄՆ նախագահը հատուկ ուղերձով ճանաչել և որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն էր հայտնել 1991թ․ դեկտեմբերի 25-ին:
Հաշվի առնելով Արցախի դեմ հրահրված պատերազմը՝ հայ համայնքի և լոբբիստների աշխատանքի շնորհիվ «Ազատության աջակցության ակտ»-ի տեքստում 1992թ. նախաձեռնվեց 907-րդ բանաձևը (հոդվածը), որով արգելվեց ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել, հետևաբար՝ զեկուցել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման համար և ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: 907-րդ բանաձևի նախաձեռնողը դեմոկրատ սենատոր Ջոն Քերին էր: Նախագահ Բուշի կողմից օրենքի ստորագրման պահից այն ուժի մեջ մտավ և դարձավ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների համար խոչընդոտ՝ ուժի մեջ մնալով շուրջ 10 տարի։
Այդ տարիների ընթացքում Ադրբեջանը ԱՊՀ միակ պետությունն էր, որ ԱՄՆ կառավարությունից ուղղակի օժանդակություն չէր կարողանում ստանալ։ Բազմաթիվ փորձեր՝ թե՛ դիվանագիտական խողովակներով, թե՛ լոբբիստների կողմից, իրականացվում էին, սակայն հայ լոբբիստներին հաջողվում էր բանաձևը թողնել ուժի մեջ։ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական իրադարձություններից հետո ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշը, ազգային անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով, դիմեց Կոնգրեսին՝ հնարավորություն խնդրելով յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցել 907 բանաձևը և ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին, եթե․
1) անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ-ի ջանքերին՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար,
2) անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ զինված ուժերին, կամ կոալիցիոն գործընկերների գործնական պատրաստվածությանը` միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար․
3) կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար․
4) չի խաթարի, կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին և դրանց շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով:
Հետևաբար, ստացվում է, որ ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ուղղված իր ամենամյա նամակով հաստատում է, որ 907-րդ բանաձևի շրջանցումը և Ադրբեջանին տրամադրվող օգնությունը չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ (այստեղ տեքստից արդեն իսկ հանված են «Լեռնային Ղարաբաղ» բառերը, որոնք ներառված են 907-րդ բանաձևի հիմնական տեքստում): Հաշվի առնելով ԱՄՆ ազգային շահերը, ազգային անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգը, ինչպես նաև կոալիցիոն գործողություններն Աֆղանստանում և Իրաքում, սեպտեմբերի 11-ին ահաբեկչական գործողություններից հետո ստեղծված իրողությունը, հայ համայնքն ու լոբբիստները չէին կարող հակազդել բանաձևի շրջանցմանը, և դա ամեն տարի արվում է՝ նույն սկզբունքով և նույն տեքստով, երբ ԱՄՆ նախագահը այդ մասին տեղեկացնում է Կոնգրեսին: Առաջին անգամ այս նամակը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից 2001 թվականի հունվարի 15-ին, իսկ վերջին անգամ՝ նախագահ Թրամփի կողմից 2019 թվականի մարտի 18-ին:
Ադրբեջանին տրամադրված ամերիկյան ռազմական օգնությունը
Ադրբեջանը սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո մշտապես եղել է ԱՄՆ-ի կողմից անվտանգության ոլորտին տրամադրվող օգնության ակտիվ ստացող պետություն՝ 2002 թվականից ի վեր ստանալով շուրջ 411,6 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն։
Այս գումարը բաշխվել է անվտանգության ոլորտին վերաբերող 20-ից ավել ծրագրերի միջոցով։ Ծրագրերի մեջ առավել խոշորներից է «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման» ծրագիրը (51 միլիոն ԱՄՆ դոլար), որը վարկեր և դրամաշնորհ է տրամադրում ամերիկյան արտադրության ռազմամթերքի ցուցակում ներառված ռազմական արտադրանքի (defence article) և ծառայությունների ձեռքբերման համար։ Մեկ այլ ծրագիր էլ ուղղված է զենքի չտարածման, հակաահաբեկչության, ականազերծման և դրանց հետ կապված աշխատանքների իրականացմանը, որի համար ԱՄՆ-ն տրամադրել է մոտ 37 մլն դոլարի օգնություն։
Այստեղ հատկապես անհանգստացնող է «Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստմանն ուղղված ծրագիրը», որի շրջանակում 2002թ.-ից սկսած յուրաքանչյուր բյուջետային տարի Ադրբեջանը ստացել է օգնություն, որն ընդհանուր առմամբ կազմում է մոտ 13 մլն դոլար։ Ռազմական ոլորտում կրթական մեկ այլ ծրագիր է «Ահաբեկչության դեմ պայքարի կրթաթոշակային ծրագիրը»։
Այդ օգնության ընդհանուր ծավալը կազմում է 2,8 մլն ԱՄՆ դոլար։ Ռազմական ոլորտի կրթական նման ծրագրերի շրջանակում ամեն տարի ադրբեջանցի ռազմական ոլորտի մասնագետներ վերապատրաստվում կամ կրթություն են ստանում ԱՄՆ-ի առաջատար ռազմական կրթական հաստատություններում։ Այս տարիների ընթացքում ֆինանսավորվող ծրագրերի թիվը կրճատվել է, սակայն դրանից տրամադրվող օգնության ծավալը ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է՝ ներառելով միայն մի քանի ծրագրեր։ 2018-19թթ. տրամադրվող օգնության առյուծի բաժինն ընկնում է այսպես կոչված «Բանաձև 333-ին՝ գործընկեր պետության հզորությունների զարգացման» ծրագրին, որի համար ստացվել է 101,5 մլն ԱՄՆ դոլար օգնություն։
Այս ծրագիրը իրենից ներկայացնում է դեռևս 2006թ.-ից գործող «Համաշխարհային վերապատրաստում և սպառազինում» ծրագրի ընդլայնված և համընդգրկուն տարբերակը։ Այն իր մեջ ներառում է հակաահաբեկչական, ծովային և սահմանային անվտանգության, ռազմահետախուզական օպերացիաների և համաշխարհային կոալիցիոն օպերացիաներին աջակցող գործունեության իրականացումը և այլն։
Հայաստանին տրամադրված ռազմական օգնությունը
2002 թվականից ի վեր Հայաստանին տրամադրված օգնությունը այս նույն ծրագրերի շրջանակներում եղել է մոտ երկու անգամ ավելի քիչ՝ կազմելով շուրջ 196 մլն դոլար։ «Օտարեկրյա ռազմական ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ստացել են նույն չափի ֆինանսական օգնություն ԱՄՆ-ից՝ 51 մլն դոլարի չափով։
Իսկ «Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստմանն ուղղված» ծրագրի շրջանակում Հայաստանը ստացել է մի փոքր ավելի քիչ ֆինանսական օգնություն քան Ադրբեջանը՝ 10 մլն դոլար։ Ազատության աջակցության ակտի անվտանգության ոլորտի աջակցության ծրագրով Հայաստանը միայն մինչև 2007թ․-ը ստացել է 18 մլն ԱՄՆ դոլար աջակցություն, ի տարբերություն Ադրբեջանի ստացած 19 մլն-ի։
Փաստացի, Ադրբեջանի և Հայաստանի անվտանգային ոլորտում ստացված օգնության զգալի տարբերությունը եղել է հենց վերջին երկու՝ 2018-2019թթ․ ընթացքում, որի հիմնական պատճառը թաքնված է վերոնշյալ «Բանաձև 333. գործընկեր պետության հզորությունների զարգացում» ծրագրի շրջանակում, որին Ադրբեջանին հաջողվեց միանալ 2018թ-ին՝ ձեռք բերելով զգալի ֆինասնական աջակցություն:
Առաջարկություններ
2016թ. ապրիլյան ռազմական բախումների ընթացքում, Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած հարձակման ժամանակ, հայկական պաշտպանական ուժերի կողմից սպանվել էին ադրբեջանական բանակի երկու բարձրաստիճան սպա, ովքեր Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության շրջանակներում ուսանել էին ԱՄՆ-ում: Տեղեկություններն այս մասին հայտնվել էին սոցիալական ցանցերում դեպքերից օրեր անց։ Մասնավորապես Էմիլ Սանամյանի կողմից բացահայտվել էր, որ դրանք փոխգնդապետ Մուրադ Միրզաևն էր, ով ուսանել էր Տեխասի նահանգի Սան Անտոնիոյի Ռազմական լեզվաբանական ինստիտուտում և մասնակցել Վիրջինիայի ռազմածովային ուժերի սպայական հատուկ դասընթացներին և փոխգնդապետ Վուգար Յուսիֆովը՝ Թալիշում սպանված երկրորդ ադրբեջանցի զինվորականը, ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության շրջանակներում ուսանել է Արիզոնա նահանգի ռազմական հետախուզության կենտրոնում:
Փաստորեն ստացվում է, որ ԱՄՆ-ից ստացված ռազմական օգնության շրջանակներում ձեռք բերված օգնությունն Ադրբեջանը օգտագործել է Լեռնային Ղարաբաղի դեմ՝ սանձազերծելով ապրիլյան պատերազմը, ինչը ակնհայտորեն խաթարեց և խոչընդոտեց Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին և դրանց շարունակական ջանքերին։
Սա ըստ էության 907-րդ բանաձևի կոպիտ խախտում է ադրբեջանական իշխանությունների կողմից։ Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության զրոյականացումը։
Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել դիվանագիտություն-համայնք-լոբբիստական աշխատանք ձևաչափով և հարցը բերել հայ-ամերիկյան քաղաքական հարաբերությունների օրակարգ։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ Սենատի ու Ներկայացուցիչների Պալատի միջոցով Հայաստանը կարող է ազդեցություն ունենալ Սպիտակ Տանը կայացվող որոշումների վրա։
Միաժամանակ, եթե հայկական երկու հանրապետությունների հետախուզությունները որևէ տեղեկություններ ունենան այն մասին, որ Ադրբեջանն իր կողմից ստացված ամերիկյան օգնությունն օգտագործում է Հայաստանի, կամ Արցախի դեմ, ապա սա լուրջ հնարավորություններ կստեղծի խնդիրը քննարկելու Վաշինգտոնի հետ։ Ինչպես հայտնի է, հայ համայնքը կարողանում է լուրջ աշխատանք իրականացնել օրենսդիր մարմնում, սակայն գործադիրում, մանավանդ՝ հանրապետական վարչակազմի պարագայում, առանձնապես լայն հնարավորություններ չունի։ ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայաստանին աջակցող խմբի միջոցով հնարավոր է համապատասխան օրինագիծ դնել շրջանառության մեջ և ակտիվ աշխատել այս ուղղությամբ՝ նպատակ ունենալով վերջնականապես դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը ԱՄՆ-ի կողմից։
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն