Սուտը քաղաքական կատեգորիա չէ

Նոր աշխարհակարգի ձևավորման համար մրցակցությունը զգալիորեն մեծացրել է շահադիտական գործոնի ազդեցությունը հասարակական գործընթացների, մասնավորապես՝ հետխորհրդային տրանսֆորմացիայի երկրներում ձևավորված վարչակարգերի գնահատման և դասակարգման վրա:

Այդ ազդեցությունը նվազագույնի հասցնելու առավել արդյունավետ ճանապարհը գնահատման նոր՝ հնարավորինս ճշգրիտ մոտեցումների և մեթոդների կիրառումն է: Խնդիրն առավել բարդ է այն դեպքում, երբ գնահատման առարկան բնութագրվում է ոչ միայն քաղաքական համակարգի և դրա ինստիտուտների, իշխանության կազմակերպման իրավական նորմերով և կառուցվածքային մեխանիզմներով, այլև արժեքներով, վարքագծով և այլն:

Ժամանակակից աշխարհում սոցիոմշակութային կյանքի այլ ոլորտների նման քաղաքական կյանքում ևս բեմը և բեմականացումը, թատրոնը և թատերայնացումը քաղաքական գործընթացների անբաժան մասն են:

Քաղաքական կյանքի թատերայնացումը դրսևորվում է՝ ինչպես քաղաքական իրական գործընթացների կազմակերպման, ուղղորդման ընթացքում, այնպես էլ՝ սոցիալական դիսկուրսի դաշտում, ինչն արտահայտված է լայն տարածում գտած քաղաքական խաղ, քաղաքական բեմ, քաղաքական խաղի կանոններ և այլ հասկացությունների տեսքով:

Քաղաքական կյանքի՝ թատրոնային հասկացություններով նկարագրությունը հուշում է, որ գործ ունենք թատրոնի ինքնատիպ տեսակի հետ, որի խաղարկման դաշտը և՛ «փողոցն» է (հրապարակը), և՛ մեդիան (ԶԼՄ-ները, տեղեկատվական և սոցիալական կայքերը՝ որպես մեկ ամբողջություն):

Քաղաքականությունը, լինելով սոցիալական իրականության բաղկացուցիչ մաս, նույնպես ենթարկվում է սոցիալական ներկայացման տրամաբանությանը՝ իրեն հատուկ խաղացանկով, դերերով, սյուժեով, լեզվով, պատմություններով և այլն:

Այս թեմայի մասին խոսելիս պետք է փաստել, որ քաղաքական կյանքում փոխվում են միայն դերակատարները, իրադարձությունները հաջորդում են իրար, սակայն քաղաքական կյանքի բեմականացման տրամաբանությունը գրեթե անփոփոխ է մնում:

Օրինակ՝ աշխարհում տեղի ունեցած հեղափոխությունները՝ իրենց պատճառներով, ընթացքով և այլ առանձնահատկություններով, տարբեր են, սակայն առանցքային սյուժեն, դերերի բաշխվածությունը, իրադարձությունների առասպելականացումը, չարի և բարու հակադրությունը, որոշ դեպքերում՝ անգամ կարգախոսներն ու լեզուն նման են, այսինքն՝ բեմից բեմ, խաղացողից խաղացող՝ ներկայացումն այլ տեսք և ձև է ստանում, սակայն բովանդակությունը գրեթե նույնն է: Այս համատեքստում քաղաքական կյանքը կարելի է դիտարկել՝ որպես ինքնատիպ խաղի տեսակ՝ «քաղաքական թատրոն», որն իր հերթին՝ բաղկացած է քաղաքականության «բեմահարթակից», «ետնաբեմից» (կուլիս) և «հանդիսասրահից»:

Քաղաքական թատրոնի անուղղակի մասնակիցն այս դեպքում հանդիսատեսն է, որի ուշադրությունն ուղղված է քաղաքականության բեմահարթակին, իսկ անմիջական մասնակիցը քաղաքական «գործիչ-դերասանն» է, որը խաղում է քաղաքականության բեմում: Այն, ինչ տեղի ուենցավ մեկուկես տարի առաջ Հայաստանում, ավելի, քան տրագիկոմեդիա, չես անվանի, քանի որ մանիպուլյացիոն հստակ դասագրքային թեզեր ու քայլեր իրականացնելով, կարողացան մարդկանց, այսպես ասած՝ զոմբիացնել և իշխանազավթում իրականացնել։

Սա տեղի ունեցավ բոլորիս աչքի առաջ, առանց որևէ այլևայլության, սակայն մարդկանց սպասումներն ի դերև ելան. ամենուր սուտ էր ու կեղծիք։

Գիտակից սեգմենտի համար պարզ է, որ ներկայումս ՀՀ-ում բացահայտ նկատվում են դիկտատուրայի սաղմեր, որի շահերն ամբողջությամբ սպասարկում են գործող վարչակարգին։

Գործող վարչապետն ու իրեն սատարող «ակտիվը» տասնյակ տարիներ, իսկ առավել ակտիվ վերջին յոթ-ութ տարում` գոռում-գոչում, բղավում, սրա-նրա մասին բամբասում, ճիշտ ու սուտ իրար խառնած լուրեր էին տարածում կոռուպցիայի, համատարած թալանի, անօրինականությունների, ստրկացման, բռնաճնշումների, քաղաքական հաշվեհարդարների և մարդկությանը հայտնի և անհայտ մնացած անիրավությունների մասին:

Այդքան տարի այնքան թմբկահարեցին, այնքան սուտ ու ճիշտ խառնեցին իրար, որ ժողովուրդն իր համար անհերքելի կարծիք ձևավորեց, ու… Մերժեց: Մերժեց` ինքն էլ մինչև վերջ և հստակ չիմանալով, թե ի՞նչն է մերժում, ո՞ւմ է մերժում, արդյո՞ք մերժում է, ինչո՞ւ է մերժում… «Պետք» էր մերժել՝ մերժեց: Բայց հարցը, խնդիրը, կոնկրետ մարդիկ, ովքեր իբր` կոռուպցիայի մեջ թաղված էին եղել, ովքեր` իբր ստրկացրել էին, գողացել էին, թալանել էին (իմիջիայլոց` այդպես էլ պարզ չդարձավ, թե ո՞վ էր թալանել, ո՞ւմ էին թալանել, ո՞ւմ էին ստրկացրել, ե՞րբ, այդ թալանվողն ի՞նչ էր ստեղծել կամ ունեցել, որ ինչ-որ մեկն էլ` թալանել էր իրեն), ո՞ւր են:

Ի վերջո՝ Հայաստանում այդչափ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար: Համակարգվա՞ծ էր, թե՞ անհամակարգ: Ո՞ւր են այդ հինգ, տասը կամ գուցե քսան հոգին, որ իբր բյուջեն «կերել են», բոլորին թալանել են, ստրկացրել են, ովքե՞ր էին նրանք:

Ցանկացած գիտակից քաղաքացի արդեն գիտի պատասխանը` չի եղել այն և այնքան, ինչ և ինչքան ասել են, գրել են և, մեղմ ասած՝ խաբել են ժողովրդին:

Բնականաբար, շատերի մոտ հարց է առաջանում «իզմ»-եր մերժող Նիկոլ Փաշինյանին՝ ո՞ւր են խոստացած ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, իրավահավասարությունը, արդարությունը, իրավունքի գերակայությունը, սերն ու համերաշխությունը, տնտեսական թռիչքը, ահռելի ներդրումները, ներգաղթողների, զբոսաշրջիկների և ներդրողների գլխապատառ հոսքը դեպի ՀՀ, պետբյուջեի մուտքերի կտրուկ ավելացումը:

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս