«Ընդամենը պետք էր Արամ Բարսեղյանին ազատազրկել». Տիգրան Աթանեսյանը` Արմեն Աշոտյանի օգնականի ձերբակալության մասին

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում վատնման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արամ Բարսեղյանը:

Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման մեջ, որ 2009-2016թթ-ին, զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ-ին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016թթ-ին ՀՀ ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016թ.-ի մարտ ամսից՝ Ա. Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017թթ-ին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում:

2009-2017թթ. ընթացքում Ա. Բարսեղյանը, ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Ա. Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8.734.118 ՀՀ դրամ գումար, ինչով օժանդակել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը:

Հարուցված քրեական գործն ու այդ գործով ձերբակալությունը թերևս հետաքրքրություն չառաջացներ, եթե ձերբակալվողը չլիներ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդը, օգնականը, սանիկն ու ընկերը:

Ինքը` Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Դա արվել է մի գործի շրջանակներում, որը արդեն մի քանի ամիս է, ինչ հարուցված է, և այդ ընթացքում Արամը բազմիցս բացակայել է երկրից և վերադարձել՝ լավ հասկանալով, որ հետապնդման վտանգ կա:

Այն, որ իմ և իմ շրջապատի հանդեպ «կեղտ որոնելու» աշխատանքները տարվում են իշխանափոխության հենց սկզբից, ես վաղուց գիտեի: Տեսնելով, որ ուղղակի ինձ վրա գործ սարքել չի ստացվում, այս իշխանություններն անցել են իմ ընկերներին և բարեկամներին»:

«Իմ մտերիմ մարդու ձերբակալությունը բացառապես քաղաքական է և ուղղակիորեն կապված է իմ անձի հետ: Իմ հնչեցրած փաստարկված քննադատությանն իշխանությունը պատասխանում է նման ցածր, էժան քայլերով՝ փորձելով ինձ լռեցնել իմ մերձավորների նկատմամբ քրեական հետապնդման միջոցով։

Ակնհայտ է, որ տվյալ հանձնարարականը տրվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից»` նշել էր ՀՀԿ փոխնախագահը` ըստ էության իշխանություններին և անձամբ վարչապետ Փաշինյանին մեղադրելով քաղաքական հաշվեհարդարի մեջ:

Արմեն Աշոտյանի օգնական Արամ Բարսեղյանի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Տիգրան Աթանեսյանը երեկ գիշեր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որոմ նշել էր.

«Սովորաբար գույքի հափշտակության վերաբերյալ գործերով վարույթ իրականացնող մարմնին նախ և առաջ հետաքրքրում է վնասի հատուցման խնդիրը։ Այդ հարցը ամենաքննարկվողն է։ Արմեն Աշոտյանի ընկերոջ` Արամ Բարսեղյանի դեպքում այդ հարցը ոչ մեկին չհետաքրքրեց, անգամ չքննարկվեց, մինչդեռ նման առաջարկ իմ կողմից հնչեցվել է։ Ա.Բարսեղյանի ձերբակալումը իմ կողմից արդեն բողոքարկվել է դատարանին, հուսամ գործը կվերադառնա իրավական հուն»:

168.am-ի հետ զրույցում Տիգրան Աթանեսյանը նախ նշեց, որ գործի ընթացքի հետ կապված տեղեկատվություն տրամադրելու սահմանափակումների մասին թեպետ ՀՔԾ-ն իրեն զգուշացրել է` վկայակոչելով նախաքննական գաղտնիքը, սակայն իրենք իրենց հաղորդագրության մեջ ամենայն մանրամասնությամբ գրել են այդ մասին: Երևի ուզում են մամուլի հրապարակմամբ առաջինը լինել:

«Շարքային քրեական գործ է, և ըստ էության, որպես կանոն, նման գործերի ավարտը լինում է այն, որ անձը հատուցում է վնասը: Նախկինում էլ, հիմա էլ, որպես կանոն, անձանց նման գործերով ձերբակալում են, որպեսզի շանտաժի ենթարկեն, որ վնասը շուտ հատուցեն: Հատուցելուց հետո կորցնում են հետաքրքրությունը: Այս դեպքը հակառակն էր. ոչ ոքի վնասի հատուցումը բացարձակ չհետաքրքրեց: Ոչ նման պահանջ եղավ, ոչ առաջարկ, ոչ հաշվեհարմար տրամադրեցին»,- ասաց Տիգրան Աթանեսյանը` նշելով, որ իր կողմից առաջարկ հնչեցվել է:

Նա հավելում է, որ անկախ նրանից, որ իրենց կարծիքով` վնասը սխալ է հաշվարկված, այս պահին հաշվարկված վնասի չափն իրենք պատրաստ էին վճարել, որպեսզի հարցն առհասարակ վերանար:

«Դա չի հետաքրքրել, միանգամից գնացել են ձերբակալման: Ոչ ցուցմունքն է հետաքրքրել. Ցուցմունք կտա, թե չի տա: Ընդամենը պետք էր Արամ Բարսեղյանին ազատազրկել: Թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ինչո՞ւ այսպիսի արտասովոր վարքագիծ դրսևորվեց այս գործով, ես դա թողնում եմ հասարակության դատին»,- նշեց փաստաբանը:

Մեր այն հարցին, թե, ըստ լուրերի, Արամ Բարսեղյանը վատառողջ է, և թունավորվելու հետ կապված` առողջական խնդիր ունի, արդյո՞ք նրան բուժօգնություն տրամադրվել է, թե՞ ոչ, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ այս պահին տեղեկատվություն չկա, որ Արամ Բարսեղյանն իրեն վատ է զգում, առողջական խնդիրներ մի քանի օր առաջ է ունեցել, բայց համոզված է, որ անհրաժեշտության դեպքում նա կստանա բուժօգնություն:

Փաստաբանը հերքեց նաև այն լուրերը, թե թույլ չեն տվել, որ Արամ Բարսեղյանին հագուստ ու սնունդ փոխանցեն՝ նշելով, որ դա ընդամենը ձերբակալվածների պահման վայրի հետ կապված` կանոնակարգային խնդիր է եղել, ու վստահ է, որ ամեն ինչ շտկվել է:

168.am-ի այն դիտարկմանը, թե վերջին մեկ տարում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ շատ ավելի խոշոր գումարների հետ առնչվող վնասներ են փախհատուցվել, և ոչ միայն ձերբակալություն չի եղել, այլ առհասարակ քրեական գործեր են կարճվել, իշխանություններն էլ բազմիցս հայտարարել են, թե իրենց խնդիրը մարդկանց ազատազրկելը չէ, այլ պետությանը պատճառված վնասը փոխհատուցելը, այս դեպքում իրավապահ մարմինների նման գործելաոճն արդյո՞ք չի վկայում քաղաքական ենթատեքստի ու Արմեն Աշոտյանին, ինչպես ինքն է հայտարարել՝ լռեցնելու փորձի մասին, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց.

«Ես առավել քան համոզված եմ, որ պարոն Աշոտյանն իր դիրքորոշումը կարող է հստակ ներկայացնել; Իմ աշխատանքը պրոցեսը իրավական հունի մեջ պահելն է: Եվ ես վստահ եմ, որ այն սովորական հունով չի ընթանում: Կոնկրետ վնասի հատուցման ամենակարևոր հարցը ոչ ոքի չի հետաքրքրում, հետևաբար կարելի է անել այլ դատողություններ: Բայց այդ դատողությունն արդեն իրավական դաշտից դուրս է»:

Արամ Բարսեղյանի փաստաբանը հավելեց նաև՝ իրենք  բողոքարկել են ձերբակալման որոշումը: Այն կքննվի այսօր` ժամը 18.00-ին, Նոր Նորքի նստավայրում, Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս