Մետրոպոլիտենը՝ քաղաքացիների դժգոհությունը հարուցած վնասված ու հին ժետոնների մասին
Քաղաքացիները հաճախ են բողոքում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի կողմից տրվող ժետոններից: Ասում են՝ երբեմն դրանք վնասված են լինում, չեն կարողանում անցնել անցակետն ու իրանք ստիպված են լինում նորից ժետոն գնել:
Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են այս հարցը լուծելու համար, նա պատասխանեց.
«Նման դեպքերում շարժասանդուղքի հերթապահը մոտենում է քաղաքացիներին՝ կա՛մ բացում են, որ քաղաքացիներն անցնեն, կա՛մ կրկին ժետոնը տեղադրում են: Մի փոքր փակագծերը բացեմ և տեղեկացնեմ, որ շուտով կսկսեն ժետոնների նոր քանակը գործածության մեջ դնել: Ժետոնների առաջին չափաքանակը որ արվել է՝ երկար տարիներ մեզ ծառայում է: Քաղաքակիրրթ երկրներում ժետոնային համակարգն արդեն դուրս է եկել, անցել են քարտային համակարգի: Հայաստանում մի պահ կրկին ներդրվել է քարտային համակարգը, պարզապես տեխնիկական խնդիրների պատճառով կասեցվել է, բայց հիմա ամեն ինչ արվում է, որ սեպտեմբերին՝ նոր ուսումնական տարվա սկզբին, ունենանք նոր ժետոններ և քարտեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը:
Հարցին՝ դեռևս 2011 թվականին քաղաքացիները դժգոհում էին, որ մետրոպոլիտենի ժետոնի վաճառքի կետերում իրենց երկուսից ավելի ժետոն հրաժարվում են վաճառել, արդյո՞ք նման որոշում այսօր ևս կա, Տաթև Խաչատրյանը պատասխանեց՝ ինչքան ուզեն՝ կգնեն մարդիկ:
«Շատ է լինում, որ, երբ զբոսաշրջիկները գալիս են Հայաստան՝ ցանկանում են խորհրդանիշներից մեկը համարվող մետրոն մտնել, ու նրանցից շատերը ժետոնը գնում ու տանում են իրենց հետ: Այսինքն, կա ժետոնների չափաքանակ, որ հաճախ չի մտնում հաջորդ օրվա գործածության մեջ: Վաճառվում ու, կարելի է ասել, չեն օգտագործվում, դրա համար որոշակի քանակով ժետոններ պակասել են: Ամեն դեպքում՝ տնօրինության ուշադրության կենտրոնում է, այս պահին աշխատանքներ են տանում, որպեսզի նոր ուսումնական տարվա սկզբին ունենանք նոր ժետոններ, վերականգնենք նաև քարտային համակարգը»,- ասաց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակը:
Անի Կարապետյան