«Դատախազից հարցրեք, եթե կասեն, որ դատախազությունը` որպես մեղադրող կողմ, պնդում է, մենք դատաքննության ժամանակ կտանք այդ հարցերի պատասխանները». Արամ Օրբելյան
«Եթե հոդվածի վերնագիրը հանենք, որտեղ որոշակի էպատաժային էլեմենտ կա, այնտեղ բավականին բալանսավորված էլեմենտներ կան։ Կարող է՝ 100 տոկոսով բալանսավորված չէ, մի կողմի կարծիքը շատ է, մյուսինը՝ ավելի քիչ, բայց մենք տեսնում ենք, որ կա հստակ քննադատություն վարույթն իրականացնող մարմնի։ Դա այն է, ինչ մենք ենք բարձրաձայնում։ Որ վարույթը թափանցիկ չէ, վարույթի մեղադրական կողմը մասնակից է այն պրոցեսներին, ինչի վերաբերյալ գործը քննում են, կա որոշակի քաղաքական ենթատեքստ, կա որոշակի պրոցեսների տրամաբանության փոխկապակցվածություն։ Եթե փորձեմ թարգմանել, Կարնեգի կենտրոնից Սթրոնսկիի հետ էինք քննարկում, և նա ասում է, որ բավականին հարցեր ունեմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը մասնակից է եղել, անհրաժեշտ է, որ լինի լրիվ թափանցիկ, որպեսզի պարզ լինի, Հայաստանը ռիսկի է դիմում մոտենալ վրացական սցենարին, երբ առաջին հայացքից շատ լավ դեմոկրատական փոփոխություներ էին, որոնք վերջում ավարտվում են խառը դիկտատուրայի էլեմենտներով և անձնական խնդիրների լուծմամբ»,- օգոստոսի 7-ին «Սիվիլնեթի» եթերում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը՝ շեշտելով, որ հոդվածն իրականում իր ամբողջության մեջ ցույց է տալիս, որ պրոցեսն ունի լրջագույն խնդիրներ։
Այն դիտարկմանը, թե հոդվածի ու մեղադրական եզրակացության միջև բավականին նմանություններ կան, և այստեղ գաղտնիք չկար, բայց օրինակ՝ «ցուցարարների ուղղությամբ կրակելու հրաման տվել է Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, ով այդ գործով վկայի կարգավիճակ ունի, հարցաքննվել է, և, ի դեպ, արդեն իսկ հերքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքները, «20 հոգանոց խումբը եղել է Բաղրամյան 26-ի նկուղային հարկում, և որ նրանց այցելել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը», և «Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի ֆինանսավորման մասին», որը 2008թ մարտի 1-ից ժողովրդական բանահյուսության մեջ տարածված է, Արամ Օրբելյանը պատասխանեց.
«Իմ աչքով չի ընկել մի վկայի ցուցմունք, ով ասի՝ հա, ես այստեղ էի, էս մարդիկ էլ եկան, ինձ տեսան: Ես ասուլիսի ժամանակ էլ բարձրաձայնեցի, որ մենք ասել ենք` տվեք մեզ, մենք այդ 600 հատորին ծանոթանանք: «Մարտի 1»-ի գործի մասին է խոսքը: Մեզ մերժել են: Մենք հիմա դա դատարանում բողոքարկում ենք, որովհետև մենք ունենք հիմնավոր կասկածներ, այդ 600 հատորում պարունակվում են մի շարք նյութեր, որոնք էլ ավելի են վատացնում վիճակը: Առանց այդ էլ այսքանով ոչ մի բան ապացուցված չէ, իսկ նրանով շատ բաներ կհերքվեն էլ ավելի հստակ ու միանշանակ, չնայած մենք հերքելու պարտականություն չունենք»,- նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամը` հավելելով, որ իրենք չգիտեն` ինչ կա ինչպես՝ մարտի 1-ի նյութերում, այնպես էլ՝ ԱԱԾ-ի կորած նյութերում:
Արամ Օրբելյանի խոսքով` ինքը նաև մինչև հրապարակումը, երբ լրագրողն իրենից հարցրել է այդ մասին, քրեակատարողական հիմնարկում Ռոբերտ Քոչարյանին է հարցրել, թե այցելե՞լ է արդյոք Օգանովսկուն, ինչը վերջինս հերքել է` նշելով, որ որևէ մեկի չի այցելել, որևէ հարց չի քննարկել: Խոսքն այդ խմբի մասին է:
Հաջորդիվ Արամ Օրբելյանը մեջբերումներ կատարեց հենց գեներալ Օգանովսկու հարցաքննությունից:
«Հարց -Ասացեք` Երևանում գտնվելու ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին հանդիպե՞լ եք, թե՞ ոչ: Պատասխան -Նրանց հետ անձամբ չեմ հանդիպել, իմ կապը եղել է օպերատիվ շտաբի հետ, որի ղեկավարը Յուրի Խաչատուրովն է»,- ասված է հարցաքննության արձանագրության մեջ:
Գործի նյութերում հենց Օգանովսկու ցուցմունքով գրված է նաև, որ գեներալ Սամվել Կարապետյանը 1991թ.-ից մինչ օրս ծառայում է զինված ուժերում, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, իսկ 2001-2008թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, 2009-ից զբաղեցրել է ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, 2001-ից ունեցել է գեներալ-մայորի կոչում, Արցախի հերոս է:
Հարցին, թե ինչո՞ւ է գեներալ Օգանովսկին մարտի 1-ին գտնվել Երևանում, փաստաբանն ասաց, որ, որպեսզի ինքը կարողանա պատասխանել այդ հարցին, ստիպված պետք է լինի դռնփակ դատական նիստի որոշակի տվյալներ բացահայտել, որի իրավունքը չունի:
«Բայց դատաքննության որևէ փուլում, երբ այդ մասը, հուսով եմ, դռնփակ չի լինի, մենք արդեն հավելյալ կկարողանանք պարզաբանել` ինչ կապ ունի Օգանովսկին տարբեր զինված ստորաբաժանումների, Հայաստանի բանակի հետ, կամ չունի: Դրա համար ես այս պահին չեմ կարող հավելյալ տեղեկություն տալ»,- հավելեց Արամ Օրբելյանը:
Շարունակելով հրապարակել Օգանովսկու ցուցմունքները` Արամ Օրբելյանը ևս մեկ մեջբերում է կատարում քննիչի հարցադրումներից:
«Հարց -Գործով ձեռք բերված տվյալների համաձայն` ԼՂՀ-ից ժամանած զորքի մի մասը 2008թ. մարտի 1-ին տեղակայվել է Երևան քաղաքի Շահումյանի հրապարակում, իսկ որոշ ծառայողներ մասնակցություն են ունեցել փետրվարի 29-ի լույս 1-ի գիշերը Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձություններին և բռնություն են գործադրել քնած ցուցարարների նկատմամբ, և նրանց հանել են Ազատության հրապարակից: Ի՞նչ կասեք դրա մասին:
Պատասխան -Մենք որևէ ցուցարարի հետ շփում չենք ունեցել: Այդ մասին լսել եմ առավոտյան` ժամը 9-ին, իմացել եմ, որ ոստիկանության ծառայողները գիշերը միջոցառում են իրականացրել Երևանի Ազատության հրապարակում: Բայց մենք դրանց մասնակից չենք եղել»: Ապա գեներալը հավելել է, որ ինքը եղել է Կառավարության շենքում, դուրս չի եկել, շփում չի ունեցել, հստակ հանձնարարություն է եղել, ոչ մեկի հետ շփում չի եղել, իրեն տեղակայել են Կառավարության շենքում, ասել են` հանձնարարություն լինի, կասեն, այդպես էլ ոչինչ չեն ասել, ու իրենք գնացել են:
«Սկսենք նրանից, որ սա քննչական տեխնիկա է, կարող է խորամանկություն դիտվել, բայց հարցադրումները պետք է լինեն բաց և ոչ ուղղորդող: Այս հարցի մեջ արդեն երևում է, որ կան պնդումներ, որ քաղաքացիների նկատմամբ բռնություններ կան, և այլն: Հարցը չի տրվում բաց տեսքով` հասկանալու համար` ինչ են արել»,- ասում է Արամ Օրբելյանն ու հավելում, որ չի բացառվում, որ BBC-ի լրագրողին ասած լինեն քննիչի հարցերը:
Հարցաքննության մեկ այլ դրվագում հնչում է հետևյալ հարցը`
«Հարց -Առանձնացված 60 հոգանոց խմբից նման հրաման կատարելու պատրաստակամություն է հայտնել 20 հոգի (խոսքը ցուցարարների վրա կրակելու մասին է): Այնուհետև նրանց տեղափոխել են ՀՀ նախագահական նստավայր, պահել են նկուղային հարկում, որտեղ հանդերձավորել են դաշտային հանդերձանքով: Ըստ գործով ձեռք բերված տվյալների` 20 հոգանոց խմբի մեջ անմիջական ղեկավար է նշանակվել…. (անուններ են տրվում, թե ովքեր են): Մարտի 1-ին նշված խմբի անձնակազմից ձևավորվել են 4 հոգանոց փոքր խմբեր, որոնք ուղարկվել են փոքր կենտրոնական փողոցներ, ստացել են հատուկ առաջադրանք: Կրակել են ժողովրդի վրա: Ի՞նչ կասեք այդ մասին:
Պատասխան -Իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են: Այս մարդուն ճանաչում եմ, նա Երևան եկել է, էս մյուսին ճանաչում եմ, նա ծառայող է: Մեզ հետ ոչ մի կապ չի ունեցել: Այս երկու մականունավորներին չգիտեմ, թե ովքեր են: Ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել: Քանի որ ես չգիտեի, թե ինձ ինչ խնդիր են առաջադրել, զորքերի հետ այդ թեման չեմ խոսել»:
Դիտարկմանը, թե տարօրինակ է այդ լարված օրերին հրամանատարի տեղակալին Երևան բերել, Արամ Օրբելյանը պատասխանեց, որ փոխելով հարցադրումը` հասկանանք, որ, եթե դա Պաշտպանության բանակը չլիներ, այլ լիներ ՀՀ տարածքից բերված կայազորի ինչ-որ զինվորներ, արդյոք մեղադրանքի էությունը կփոխվե՞ր, թե՞ չէ:
«Այսինքն` եթե, ենթադրենք, ըստ դատախազի, ոչ թե լիներ պաշտպանության բանակ, այլ այլ զորախումբ` ՀՀ տարածքից, ի՞նչ էր փոխվելու: Եթե խնդիրն «ինչու է բերվել»-ն է, ապա որտեղը կարևոր չէ, իսկ եթե դա էլ է կարևոր, նորից եմ ասում, դատախազից հարցրեք, եթե կասեն, որ դատախազությունը` որպես մեղադրող կողմ, պնդում է, մենք դատաքննության ժամանակ կտանք այդ հարցերի պատասխանները»,- եզրափակեց Արամ Օրբելյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար Սավզյան