«Գրպանահատը հայտնաբերվել է, բայց տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց, իսկ հետագայում՝ նաև բողոքից». Հարություն Անոյան

Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Հարություն Անոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2018թ. մայրաքաղաք Երևանում արձանագրվել է գրպանահատության 518 դեպք, բացահայտվել է 334-ը, իսկ 2019թ. առայսօր արձանագրվել է գրպանահատության 363 դեպք, բացահայտվել է 179-ը:

Անդրադառնալով լրագրողի կողմից գրպանահատներին նկարելու դեպքին, որը լայն արձագանք գտավ սոցցանցերում, նա ասաց, որ գրպանահատը հայտնաբերվել է, բայց տուժողը հրաժարվել է հաղորդում տալուց, իսկ հետագայում՝ նաև բողոքից. «Վերջին դեպքում ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել, որ իրեն դանակով վնասել են, նույն անձը կրկին հայտնաբերվել է, բերման է ենթարկվել ոստիկանություն, տվյալ պահին նախապատրաստվում են նյութեր ոստիկանությունում»:

Դիտարկմանը, որ գրպանահատին բացահայտելուց հետո նա անպայման վրեժխնդիր է լինում, հիմնականում՝ սուր կտրող-ծակող գործիքով, ոստիկանության պաշտոնյան պատասխանեց, որ  նման դեպքերը շատ քիչ են:

«Տարվա մեջ դա կարող է լինել մի քանի անգամ: Սովորաբար գրպանահատը բռնվելու պահին հարմար առիթ է փնտրում, որ հեռանա տարածքից: Այդ կարծիքը քաղաքացիների մեջ է, որ իրենց կվնասեն»,- ասաց Անոյանը:

Հարցին՝ հանրության  մոտ տարածված կարծիք կա, որ երթուղայինի վարորդներն ու գրպանահատները համագործակցում են, քայլեր կատարվե՞լ են դա բացահայտելու մասով, նա պատասխանեց, որ շատ դեպքերում հենց երթուղայինի վարորդներն են նկատում գրպանահատներին ու կանգնեցնում մեքենան և ահազանգում ոստիկանություն. «Ուղղակի գրպանահատը հարմար առիթ է փնտրում՝ որտեղ ավելի շատ մարդ կլինի, և ընտրում է տվյալ երթուղայինը: Բացառվում է, որ վարորդներն ու գրպանահատները համագործակցեն: Մեր աշխատակիցները շուրջօրյա ծառայություն են իրականացնում երթուղայիններում, նման դեպք այսքան ժամանակ չի արձանագրվել»:

Տեսանյութեր

Լրահոս