Քոչարյանի պաշտպանական խումբը դիտարկում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով բողոք ներկայացնելու հնարավորությունը

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանի խոսքով՝ Հայաստանում պետք է լինեն նվազագույն ստանդարտներ, որի նկատմամբ տոլերանտությունը պետք է լինի զրո։ Նա վստահեցրեց, որ այստեղ խոսքը Ռոբերտ Քոչարյանի ազատության կամ անազատության մասին չէ, այլ ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության մասին, քանի որ ցանկացած պահի բնակչության մի մասը կարող է սիրել կամ չսիրել որևէ մեկին, չնայած, չսիրելուց դեպի սիրելը հաճախ մեկ քայլ է։

«Օրինակ, դրանցից մեկն անձի անհետացումն է, երբ տվյալ մարդուն ձերբակալում են և չեն ասում, թե որտեղ է գտնվում, ինչը տեղի է ունեցել մեկ տարի առաջ»,- շեշտեց նա։

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ ի հավելումն ՄԻԵԴ ևս մեկ բողոք ներկայացնելու և արագ կոմունիկացիայի խնդրի, քանի որ ժամանակի ընթացքում խախտումների ծավալը և խորությունն ավելի է մեծացել, դիտարկումն են նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով համապատասխան բողոք ներկայացնելու հնարավորությունը։

«Ներպետական ատյաններում իրավունքների պաշտպանության հետ կապված քննարկում ենք, թե ինչ գործողություններ է անհրաժեշտ իրականացնել, քանի որ կա գործ, բողոք, և ըստ էության անձի ազատության հարցը դատարանի կողմից պետք է քննվի, որից հետո պետք է ազատ արձակվի։ Կա հիմնավոր կասկած, որ այն հոդվածը, որի հիման վրա իրականացվել է կալանավորումը՝ հակասահմանադրական է։ Որքանով տեղյակ ենք, սա առաջին դեպքն է, երբ անձը երկրորդ անգամ կալանավորվել է, առաջին դեպքն է, երբ անձը գտնվել է դատարանում և չի կարողացել խոսել։ ՄԱԿ-ում ըստ էության ներկայացնելու ենք դատական պաշտպանության բացակայության խնդիրը»,- շեշտեց Արամ Օրբելյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս