«Վերջին երկու տարիներին ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է՝ 0, իսկ Ադրբեջանին՝ շուրջ 100 միլիոն դոլար ռազմական օգնություն». ամերիկագետ
Այսօր միջազգայնագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» հիմնադիր Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում ինֆոգրաֆիկա էր տեղադրել, որը նկարագրում էր ամերիկյան ռազմական օգնությունն Ադրբեջանին։ Այն տվյալներ է Ադրբեջանին տրված ռազմական օգնության չափի մասին՝ սկսած 2001թ.։ Այդ ինֆոգրաֆիկան ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ 2001թ.-ին 3.6 միլիոն դոլարով սկսված օգնությունը, տարիների հետ ավելանալով, 2019-ին կազմել է 42.9 միլիոն դոլար։
Հատկանշական է, որ ըստ այդ ինֆոգրաֆիկայի՝ ԱՄՆ-ը Ադրբեջանին ամենաշատը գումարային արտահայտությամբ ռազմական օգնություն ցուցաբերել է 2008թ.՝ 48.9 միլիոն դոլար, իսկ 2018թ. այդ գումարը կազմել է 59.6 միլիոն դոլար։
Այսինքն՝ Հայաստանում իրականացված իշխանափոխության, ոչ բռնի, «թավշյա» իրադարձությունների տարում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունը պատմության ընթացքում ամենամեծն է եղել։
168.am-ի հետ զրույցում Սուրեն Սարգսյանն ասաց, որ քանի որ Միացյալ Նահանգների համար մեր տարածաշրջանում Ադրբեջանն ունի առանցքային նշանակություն, թեկուզև այն առումով, որ Ադրբեջանն ԱՄՆ-ին լուրջ լոգիստիկ աջակցություն է ցուցաբերում Աֆղանստանի հարցում, այսինքն՝ ԱՄՆ-ը Աֆղանստան զենք ու զինամթերք է տեղափոխում՝ նաև օգտագործելով ադրբեջանական ավիաբազաները, սա, իհարկե, Միացյալ Նահանգների համար կարևոր նշանակություն ունի, ու զարմանալի չէ, որ ԱՄՆ-ը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Ադրբեջանին։
«Եվ, իհարկե, էներգետիկ ռեսուրսների տեսանկյունից Միացյալ Նահանգների համար լուրջ նշանակություն ունի Ադրբեջանը։ Երրորդ կարևոր ուղղությունը, թե ինչո՞ւ է Ադրբեջանը կարևոր Միացյալ Նահանգների համար, հնարավոր հակաիրանական գործողություններում Ադրբեջանի գոնե փոքր ներգրավվածությունն է։ Իհարկե, ես չեմ հավատում, որ Ադրբեջանը հակաիրանական հստակ քայլեր և գործողություններ կկարողանա իրականացնել, բայց ակնհայտ է, որ փոքր և մանր հարցերում Ադրբեջանն ինչ-ինչ քայլերի կգնա՝ աջակցելու ԱՄՆ-ին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ»,- նշեց միջազգայնագետը։
Մեր այն դիտարկմանը, թե բոլորովին վերջերս բավականին ներկայացուցչական պատվիրակություն էր մեկնել ԱՄՆ՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, ով, ի դեպ, շուրջ երկու շաբաթ այնտեղ էր, հնարավո՞ր չէր որևէ կերպ հավասարակշռել տրամադրվող օգնությունը, Սուրեն Սարգսյանն ասաց, որ Միացյալ Նահանգներից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, որն այժմ հասանելի է բաց աղբյուրներից, նախատեսված է 2018 թ. բյուջեով՝ 2019թ.-ի համար, և 2017թ. բյուջեով՝ 2018-ի համար, և այստեղ բալանսավորելու հնարավորություն, հեռանկար չկա, որովհետև մեծ հաշվով՝ ԱՄՆ-ը առաջնորդվում է սեփական շահերով։
«Իսկ սեփական շահերից բխում է հենց Ադրբեջանի հետ նման հարաբերությունների կառուցումը, որովհետև վերջինս ռազմավարական նշանակություն ունեցող պետություն է Միացյալ Նահանգների համար»,- նկատեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
168.am-ի հարցին, թե ինչ կարգի օգնություն է տրվելու ԱՄՆ-ի կողմից Հայաստանին, Սուրեն Սարգսյանն ասաց, որ արտաքին օգնության խողովակով 2020թ. մեր երկրին տրվելու է 6 մլն 750 հազար դոլար, իսկ անվտանգության օգնության խողովակով, որն Ադրբեջանի համար վերջին երկու տարիներին կազմել է շուրջ 100 միլիոն դոլար, Հայաստանին նախատեսված է տրամադրել 0 դոլար։
Համեմատության համար պետք է նշել, որ «Foreign Assistance»-ի, այսինքն՝ արտաքին օգնության խողովակով 2019թ. այդ գումարը $6.4մլն էր, 2018-ին` $6.80մլն, 2017-ին` $26.41մլն, 2016-ին` $23.10մլն:
2020թ. նախատեսված գումարից`
$100.000 կտրամադրվի կրթության ոլորտին,
$800.000 տնտեսական զարգացման ոլորտին,
$3.100.000 ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտին,
$1.500.000 անվտանգության և խաղաղության համար (այստեղ նաև գումար է նախատեսված կոնֆլիկտների լուծման և հաշտեցման համար):
Մնացածը` այլ ոլորտներին:
«Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը ստացել ենք 2011թ.` $45.2մլն:
Սուրեն Սարգսյանը նշում է, որ ոչ մի ժամանակահատվածում Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը մեծ չի եղել, սակայն նախորդ երկու տարին առհասարակ չեն տրամադրել ռազմական օգնություն, այնինչ, ինչպես նշվեց, Ադրբեջանին այդ օգնությունը կազմել է շուրջ 100 միլիոն դոլար։ 2020թ. բյուջեն դեռ այդ մասին լռում է։
«Համեմատության համար պետք է նշել, որ «Foreign Assistance»-ի խողովակով Ադրբեջանին տրամադրված օգնության չափը 2020թ.-ին շուրջ 2.5 միլիոն դոլար է՝ մեր 6.750 000-ի փոխարեն, սակայն վերջին տարիների Հայաստանին տրամադրած ռազմական օգնության 0 դոլարի դիմաց Ադրբեջանը ստացել է շուրջ 100 միլիոն դոլար ռազմական օգնություն»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը։
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ