«Սևան» ֆուտբոլային ակումբը գլխավորել է մոլդովացի մասնագետ
«Սևան» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի: Ինչպես փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը, 2019/20 մրցաշրջանը ևս Առաջին խմբում անցկացնող թիմը գլխավորել է մոլդովացի մասնագետ Վիտալի Կուլիբաբան: Նրա հետ պայմանագիրը նախատեսված է 1 տարով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
48-ամյա Կուլիբաբան խաղային կարիերայի մեծ մասն անցկացրել է մոլդովական «Զիմբրույում», որտեղ էլ հետագայում սկսել է աշխատել որպես մարզիչ՝ նախ գլխավորելով «Զիմբրու-2»-ը. այնուհետև աշխատել է գլխավոր թիմում:
Մոլդովացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Մոլդովայի մինչև 21 տարեկանների հավաքականը:
«Սևան»-ում Կուլիբաբայի մարզչական շտաբում կլինեն արդեն ակումբում աշխատող Արմեն Ղուլինյանը (ԳՄ օգնական) և դարպասապահների մարզիչ Սլավա Սուքիասյանը:
Անցած մրցաշրջանի վերջում ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Արմեն Սանամյանը կշարունակի աշխատանքն ակումբում՝ զբաղեցնելով «Սևան» ՖԱ-ի նորաստեղծ ֆուտբոլային դպրոցի տնօրենի պաշտոնը: