Բաժիններ՝

«1-3 օր պահվող միսը մարգանցովկայով լվանում են ու վաճառում». ՍԱՊԾ նախկին պետ

«Որևէ մեկն ինձ չի կարող համոզել, որ այսօր սննդամթերքի անվտանգության հետ խնդիր չկա: Ասում են՝ սպառողն է մեղավոր, որ փողոցում վաճառվող միս է գնում, այնինչ, ըստ օրենքի, ցանկացած բան, որը վաճառվում է հանրային սննդի ցանցում, պետք է անվտանգ լինի: ՍԱՊԾ առաջին գործառույթը ցանկացած վաճառվող սննդամթերքի անվտանգ լինելն ապահովելն է: Այսօր մենք այդ երաշխավորությունը չունենք, ավելին, ՍԱՊԾ պետն ասում է՝ մենք չենք էլ կարող երաշխավորել, որ սննդամթերքը պետք է լինի անվտանգ, մենք ընդամենը կոչ ենք անում՝ չառնել: Նման մոտեցումը կոչվում է ոչ պատասխանատու կառավարում: Իսկ այն գրեթե միշտ բնակչության առողջության համար հանգեցնում է վատ հետևանքների»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:

«Ո՞վ է պատասխանատվություն կրելու նրա համար, որ վաճառվում է չստուգված միս: Կամ, երբ որ ՍԱՊԾ պետը հայտարարում է, թե կալիումի պերմանգանատով (մարգանցովկա) լվալը ես հեքիաթներ եմ համարում: Դա մսի կեղծիքի ամենատարածված տեսակն է: Որ միսը շատ է մնում արևի տակ, մի տեսակ նեխած հոտ է գալիս, մարգանցովկայով լվանում են, և՛ գույնն է տեղը գալիս, և՛ հոտն է անցնում: Եթե պետը հայտարարում է, որ հեքիաթ է, միգուցե միսը վերցնեն, ստուգեն լաբորատորիայում ու նոր հայտարարություն անեն: Նման բաներ անում են, հատկապես՝ 1-3 օր պահվող մսի դեպքում»,- նշեց Գրիգոր Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ՝ վերջերս Շիրակի մարզում կենդանիների անկում է գրանցվել, որովհետև չեն պատվաստվել, բայց դրա մասին ոչ մի խոսք չի ասվել: Աֆրիկյան ժանտախտի տեսանկյունից ռիսկային են Տավուշը, Լոռին, Կոտայքը:

Հավելենք, որ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը: Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք):

Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ: Հանձնարարականներն ամբողջությամբ կատարվել են, և այժմ Գյումրիի շուկայի թարմ մսի բոլոր տաղավարներն ունեն սառնարաններ, հոսող ջուր, սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ:

Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսի 1-ից՝ հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից՝ արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս