Ազգային անվտանգության հայեցակարգի բացակայությունն ու ռիսկային տարածաշրջանը
Ազգային անվտանգության ապահովումը ցանկացած երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման և կայուն զարգացման ապահովման համար ունի կենսական նշանակություն: Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում տեղի ունեցող գործընթացները և աննախադեպ թափ ստացած համահարթեցումը, երբ պետությունների միջև գծված քաղաքական սահմանները կորցնում են իրենց երբեմնի նշանակությունը, իսկ վերազգային կառույցներն աստիճանաբար փոխարինում են ազգային պետության ավանդական ինստիտուտին՝ ի հայտ բերելով նորանոր մարտահրավերներ, որոնց համարժեք պատասխանելու և արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու հիմնախնդիրը սեփական անվտանգությամբ մտահոգվող յուրաքանչյուր պետության առաջնահերթություններից է:
Ակնհայտ է, որ 21-րդ տեղեկատվական դարաշրջանում պետությունների միջև տեղի ունեցող հակամարտությունները հաճախ շեղվում են ավանդական ռազմական բնույթից և ստանում են բոլորովին նոր ձև ու բովանդակություն՝ տեղեկատվական, հոգեբանական, տնտեսական և տարատեսակ այլ պատերազմների տեսքով, ինչն Ազգային անվտանգության (ԱԱ) ապահովման համար պատասխանատու մարմինների և ԱԱ խնդիրներով զբաղվող ակադեմիական հանրության համար որակապես նոր խնդիրներ է առաջ քաշում:
Անվտանգություն հասկացությունը լայն տարածում գտավ ԱՄՆ-ում 1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին, երբ այդ տերմինով սկսեցին անվանել ռազմական, քաղաքացիական ռազմավարության հետազոտությունների, տեխնոլոգիաների, սառը պատերազմի պայմաններում սպառազինության վրա հսկողության համալիր ոլորտը, և երբ ռազմական դիմակայության խնդիրը, հատկապես՝ նոր միջուկային չափումներում, դարձավ միջազգային հարաբերությունների գերակայող մասը:
Վերոնշյալի համատեքստում հարկ է նշել, որ Հայաստանի ազգային անվտանգության ոլորտում գործող հիմնարար փաստաթղթերից են նաև «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը», «ՀՀ ռազմական դոկտրինը», «ՀՀ քաղաքացիական պաշտպանության հայեցակարգը», «ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգը», և այլն:
Ցանկացած տարածաշրջանի անվտանգության առաջնային և վճռական նախապայմաններից է զինված հակամարտությունների և ռազմական բախումների կանխումը: Պետք է արձանագրել, որ ներկայումս միջազգային անվտանգության վիճակի վրա բազմագործոն ազդեցությունների հետևանքով, համաշխարհային հանրությունն ու ազգային պետությունները սպառնալիքների նկատմամբ առավել խոցելի են դառնում: Միջազգային անվտանգության վիճակն իր հերթին՝ չի կարող չարտահայտվել տարածաշրջանային անվտանգության վրա:
Նման հարափոփոխ աշխարհում և դյուրագրգիռ տարածաշրջանում բավականին տարօրինակ է ներկայումս Հայաստանի կրավորական կեցվածքն ազգային անվտանգության ոլորտում ունեցած քաղաքականության հետ կապված։
Նշենք, որ ներկայումս գործում է դեռևս 2007-ին ընդունված ՀՀ ազգային անվտանգության դոկտրինը, իսկ գործող իշխանություններն այս ոլորտում կարծես թե համարում են ամեն ինչ ավարտած։ Նախ՝ այն փաստը որ Արմեն Գրիգորյանը նշանակվեց այնպիսի կարևորագույն կառույցի քարտուղար՝ ինչպիսին Ազգային անվտանգության խորհուրդն է, խոսում է ստրատեգիական այս ուղղության նկատմամբ գործող իշխանությունների անհասկանալի վերաբերմունքի մասին։
Հատկանշական է այն, որ օրերս Արմեն Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմն ավելի մեծ բացասական ազդեցություն է ունեցել Հայաստանի վրա, քան ապրիլյան քառօրյան։ Այս առիթով նշենք մի քանի կարևոր հանգամանքներ․ ռուս-վրացական հակամարտությունը մեծ ազդեցություն ունեցավ գլոբալ և լոկալ քաղաքականության մեջ: Սակայն այդ տարանջատումը զուտ պայմանական բնույթ ունի, քանի որ աշխարհաքաղաքական շահերի բախումը պայմանավորում էր Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ հետխորհրդային տարածքում տեղական քաղաքականության ուրվագիծը:
Պատերազմը զգալի հետք թողեց նաև տարածաշրջանի տնտեսական ու ներդրումային գրավչության վրա, այն տարածաշրջանի, որը տրազիտային էր համարվում Արևմուտքի և Արևելքի միջև: Վրացական պատերազմից հետո Արևմուտքը նկատելիորեն ակտիվացրեց էներգառեսուրսների որոնումը և դրանց երթուղիների այնպիսի ընտրությունը, որը կշրջանցի Ռուսաստանը՝ նպատակ ունենալով նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից: 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը միանշանակ բացասական հետևանքներ ունեցավ Հայաստանի համար՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ կտրվածքով:
Սա ունի հիմնավոր բացատրություն, քանի որ Վրաստանի տարածքով են հիմնականում իրականացվում Հայաստան մտնող և մեր երկրից դուրս եկող բեռնափոխադրումները: Չնայած այն փաստին, որ Իրանի տարածքով ևս իրականացվում է ապրանքաշրջանառութուն, սակայն դրանք փոքր ծավալներով են: Հավելենք, որ պատերազմի օրերին առաջին հերթին՝ Վրաստանի տարածքով Հայաստան են ներկրվում հացահատիկ և հեղուկ վառելիք, քանի որ դրանց պակասն առաջին հերթին է զգացվում:
Ռազմական գործողությունները, Վրաստանով անցնող հաղորդակցական ուղիների հետ կապված, լուրջ խնդիրներ առաջացրեցին. ըստ որոշ գնահատականների՝ ՀՀ տնտեսական վնասները դրա հետևանքով կազմեցին մոտ կես մլրդ դոլար: Հատկանշական է, որ հնարավոր մեկ այլ պատերազմի մասնակից կարող է հանդիսանալ հարավային հարևան Իրանը. հնարավոր ռազմական բախումն ԱՄՆ (Իսրայել) – Իրան հարթությունում պարբերաբար ակտուալանում է։ Այս հանգամանքները խիստ մտահոգիչ են, և, անշուշտ, մեծացնում են Հայաստանի ռիսկերն ազգային անվտանգության տեսանկյունից։
Միևնույն ժամանակ՝ պատերազմական գործողություններից հետո ձևավորվող իրադրությունը մարտավարական առումով, թերևս, կարելի է բարենպաստ համարել Հայաստանի համար։ Պատերազմական գործողությունները Հայաստանին ցույց տվեցին Ռուսաստանի հետ կապի դադարեցման դեպքում հնարավոր կորուստները, ինչպես նաև հնարավորություն տվեցին վերարժևորելու Հարավային Կովկաս տարածաշրջանի ամբողջականությունն ու երկրների փոխադարձ կապվածությունը: Սակայն առավել կարևոր շեշտադրումը Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման մեջ ռազմական հնարավոր տարբերակների բացառումն էր, ինչը երկարատև կայունության հիմքն է:
Ազգային անվտանգության վերանայումը դեռևս 2017-ի դեկտեմբերին, որպես ծրագրային հոդված, ներկայացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Իսկ 2018-ի հունվարին Սերժ Սարգսյանն ԱԳՆ-ում տվել է անվտանգության հայեցակարգի վերանայման հանձնարարականը։
ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Հ.Գ. Վերոնշյալից հետո տեղին է հիշել Գարեգին Նժդեհի հայտնի մտքերից մեկը. «Մի ժողովուրդ, որն իր փիլիսոփայությունը, աշխարհայեցողությունը, կրոնն անգամ չի հարմարեցնում իր ինքնապաշտպանության պահանջներին, անբարոյական է և անապագա…»։