Բաժիններ՝

Ոստիկանությունն ընթացք չի տա #բռնության_ձայնը հեշթեգով պատմություններին

Շաբաթներ առաջ համացանցային հայկական տիրույթում իսկական փոթորիկ բարձրացավ ֆեյսբուքյան օգտատեր, Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդավար Լյուսի Քոչարյանի` #բռնության_ձայնը հեշթեգով հրապարակված նյութերի կապակցությամբ:

200-ից ավելի, իրենց նկարագրությամբ՝ ահասարսուռ, պատմությունները, որոնց հեղինակները, թերևս, եթե հավատանք իր իսկ` հրապարակողի խոսքերին, վստահել էին հենց Լյուսի Քոչարյանին, մեկը մյուսի հետևից նրա ֆեյսբուքյան էջում հայտնվեցին չեխ զբոսաշրջիկի` Հայաստանում բռնության ենթարկելու դեպքից հետո:

2019 թվականի հուլիսի 4-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Լյուսի Քոչարյանը նշում է, որ ստացել է շուրջ 200 նմանօրինակ բովանդակությամբ նամակ։ Ուղարկողների 90%-ն իրական մարդիկ են, որոնց հետ նա գտնվում է նամակագրական կապի մեջ։

Ձնագունդը ծավալվեց, թեման հասարակությանը բաժանեց երկու մասի` դրանց հավատացողների ու չհավատացողների: Զուգահեռաբար հրապարակ էր նետվում Ստամբուլյան կոնվենցիան անհապաղ կերպով Ազգային ժողովի օրակարգ մտցնելու և այն անհապաղ վավերացնելու թեզը:

Հրապարակված պատմություններն իրենց բովանդակությամբ, սոցիալական ու հասարակական նշանակությամբ աննախադեպ ու կարևոր էին: Ոչ ոք չի ժխտում, որ, ինչպես ամենուր, այնպես էլ՝ մեր երկրում մարդիկ ենթարկվում են՝ ինչպես սեռական, այնպես էլ՝ հոգեբանական ու ֆիզիկական բռնության, սակայն տպավորություն էր, թե Հայաստանում ամեն երրորդ տղամարդ բռնարար է, ամեն երրորդ կին բռնության, բռնաբարության է ենթարկվել, ու, ամենակարևորը, Ստամբուլյան կոնվենցիան կդառնար այն փրկօղակը, որը կզսպեր այդ բռնարարներին:

Իրավացիորեն մարդիկ սկսեցին կասկածել դրանց իսկությանը: Հարցեր էին առաջանում, որոնց պատասխանը ոչ ոք չէր տալիս: Այդ ինչպե՞ս էին մարդիկ վստահում իրենց բոլորովին անծանոթ մի կնոջ, ով որևէ կերպ իրենց, ըստ էության, օգնել չէր կարող, բայց չէին վստահում ոստիկանությանը, ուր թե ընթացք կտային հաղորդումներին, և թե կպահպանեին հաղորդում տվողների անձի գաղտնիությունը: Տպավորություն էր, թե այդ պատմություններն իրականում հորինված էին և զուտ քարոզչական նպատակներ ունեին: Պատկերն ավելի ամբողջական էր դառնում, երբ հետևում էինք, թե հատկապես որ խմբերում են դրանք տարածվում և ում կողմից։

Չենք բացառում որևէ բան, առավել ևս՝ ընկալում ու խորապես ցավում ենք բռնության յուրաքանչյուր դեպքի համար, խստորեն դատապարտում դրա որևէ դրսևորում, սակայն պետք է նկատել, որ այդ պատմությունների մեջ երբեմն զավեշտալի դրվագներ կային, երբ կարդում էիր ու չէիր հասկանում, թե, ի վերջո, այս կինը քանի անգամ է բռնաբարվել, ու, ասենք, երկրորդ բռնաբարության ժամանակ ինչպես է կույս եղել: Սա ընդամենը մեկ օրինակ էր, որի համար հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը:

168.am-ը ՀՀ ոստիկանությանը հարցում ուղարկեց` խնդրելով տեղեկացնել, թե արդյո՞ք ոստիկանությունը զբաղվում է ֆեյսբուքյան օգտատեր Լյուսի Քոչարյանի #բռնության_ձայնը հեշթեգով հրապարակված նյութերի քննությամբ, դրանք դիտարկե՞լ են որպես հաղորդումներ հանցագործությունների մասին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։

Ոստիկանության պատասխանը ներկայացնում ենք ստորև:

«ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքով սահմանված կարգով, հանցագործության մասին հաղորդումը ստուգելու և ընթացք տալու համար անհրաժեշտ է, որ դրանք ոստիկանությունում ստացվեն ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված աղբյուրներից, մասնավորապես՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց ոստիկանությանը ուղղված հաղորդումներից, լրատվության միջոցներով հրապարակված հանցագործության մասին հաղորդումներից:

Որպես հանցագործության մասին հաղորդում՝ գնահատական և ընթացք է տրվում այն տեղեկություններին, որոնք ունեն որոշակի կոնկրետություն, նախնական տեղեկության հիման վրա հնարավոր է եզրահանգում անել կատարված հանցագործության վերաբերյալ՝ վայրի, եղանակի, ժամանակի կամ այն կատարած անձանց մասին: Վերացական բնույթի հաղորդումները ոստիկանությունը ստուգելու պարտականություն չունի, քանի դեռ օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների գործունեության ընթացքում դրանք չեն «հարստացվում» այն աստիճանի, որ հիմքեր կտան հանցագործության մասին կոնկրետ տվյալների ստացման վերաբերյալ:

Ոչ մի օգտատիրոջ ինտերնետային էջ լրատվամիջոց չի հանդիսանում, և դրանցում հրապարակված տեղեկությունները՝ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղբյուրների հանցագործության մասին հաղորդում չի հանդիսանում:

Եթե կանայք ենթարկվում են բռնության, ապա մեղավոր անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության հարցը լուծելու համար անհրաժեշտ է, որ նրանք բանավոր կամ գրավոր ոստիկանությանը տեղեկություններ տրամադրեն հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ:

Ոստիկանությունը չէր կաշկանդվի հանցագործության մասին հաղորդումների բացակայությունից, եթե օպերատիվ ճանապարհով ստացված լինեին կատարված սեռական բնույթի հանցագործությունների մասին բավարար տեղեկություններ: Ցավոք սրտի, նման տեղեկություններին բնորոշ է լատենտայնությունը, որը կարող է հաղթահարվել մի դեպքում՝ եթե տուժած անձինք սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն ոստիկանություն»,- ասված էր Ոստիկանության պատասխան նամակում։

Սրանով կարելի է այս պատմությունն ավարտված համարել, քանի որ, երբ չկան առարկայական քայլեր, որոնք միտված են որևէ հանցագործություն բացահայտելուն, մնացած բոլոր հուզական դրսևորումները կարող են մեկնաբանվել հայեցողաբար: Մեկը կարող է հավատալ դրանց, իսկ մյուսն էլ՝ դրա տակ ինչ-որ թաքնված հեռահար նպատակների հետապնդում փնտրել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ ամենի նպատակը հանցագործությունները կանխելը չէ, այլ քարոզչական որոշակի հեռահար նպատակներ ունեցող ակցիա է։

Այնպես որ, ինչպես ասում են՝  «բոլոլա» սարքելուց առաջ պետք է լավ հաշվարկել թե՛ դրա ռիսկերը, և թե՛ էֆեկտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս