Բաժիններ՝

«Վայոց ձորում բրուցելյոզ հիվանդություն է տարածված, վարակված անասուններին Մարտունու շուկայում են վաճառում, և այդ միսը հասնում է Երևան». Ֆերմեր

Ֆերմեր Տիգրան Եղոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Վայոց ձորում անասնապահության ոլորտում տիրող իրավիճակը սարսափելի է, քանի որ տարածված է բրուցելյոզ հիվանդությունը։

Նրա խոսքով՝ մեկ տարի առաջ պատկան մարմիններին տեղյակ էր պահել, որ տարածված է բրուցելյոզ հիվանդությունը, և պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ, սակայն որևէ մեկն ուշադրություն չի դարձրել։

«Գյուղեր կան, օրինակ՝ Քարագլուխ, Շատին և այլն, որտեղ մանր եղջերավոր անասունների շուրջ 55-60 տոկոսը հայտնվել է բրուցելյոզի ճիրաններում, այդ անասուններին մարդիկ նույնիսկ տանում Մարտունու շուկայում վաճառում էին, 38 մարդ վարակվել է այդ հիվանդությամբ։ Վարակված անասուններին Մարտունու շուկայից գնում և միսը տեղափոխում են Երևան, և մեր ազգաբնակչությանը հրամցնում ենք այդ տեսակի վարակիչ հիվանդություն»,- նշեց ֆերմերը։

Ըստ նրա, անասունների ստուգումն իրականացնում է անասնաբուժական ծառայությունը, հայտնաբերում հիվանդությունը, որից հետո գյուղացին ստիպված է անասուններին վաճառել։

Ֆերմերը դժվարացավ ասել՝ այս ամենի մասին Սննդի անվտանգության պետական ծառայությունը տեղյա՞կ է, թե՞ ոչ։

«Ես տեսել եմ, թե ինչպես է մարդը մորթում սատկած ձիուն, հարցրել եմ՝ միսը որտե՞ղ եք տանում, պատասխանել է՝ երշիկի գործարան, իսկ երշիկն ուտում է մեր հասարակությունը, որտե՞ղ է Սննդի անվտանգության պետական ծառայությունը և մեր Կառավարությունը, եթե իմ ասածի մեջ զրպարտանք կա, թող ինձ դատի տան։ Իմ աշխատողներն ինձ ասել էին, որ էժան այծեր են վաճառում, այդ ժամանակ տեղյակ չէի, որ տարածքում կա հիվանդություն, գնացի մի քանի հատ գնեցի։ Երկու ամիս անց անասնաբույժին խնդրեցի ֆերմայում ստուգումներ կատարի։ Այդ մի քանի այծի պատճառով 50 տեսակի էնդեմիկ այծեր ոչնչացրեցի, քանի որ վարակվել էին»,- շեշտեց Տիգրան Եղոյանը։

Նա հավելեց, որ, եթե ինչ-որ տեղում հիվանդություն է տարածված, պատկան մարմինները պետք է կարանտին հայտարարեն, քանի որ գյուղացին պարտավոր չէ անասունին ստուգել, նոր գնել, սակայն այս դեպքում որևէ կարանտին հայտարարված չի եղել։

Նա նաև տեղեկացրեց, որ բրուցելյոզ հիվանդությունն այսօր էլ կա, և գյուղացիներն այնպիսի իրավիճակում են հայտնվել, որ անասուններին վաճառում են, իսկ աշխատող ուժին՝ ուղարկում մայրաքաղաք։

Նա վստահեցրեց, որ այսօր գյուղը կորցնում է իր աշխատուժը, դատարկվում և գտնվում է ոչնչացման շեմին։

«Բոլոր լրագրողներին խնդրում եմ՝ եկեք միասին գնանք Գումի շուկա, տեսեք՝ ինչ է կատարվում, ինչ միս են բերում այնտեղ։ Խորհրդային արտադրության «Ժիգուլիի» բեռնախցիկներում բարձած բերում են սատկած մսեր։ Վերջերս խոսում էի մի մսավաճառի հետ, պատմում էր, որ երկու օրվա սատկած անասունին բերել են, միսն անջատել ոսկորից, լցրել լողանալու վաննաների մեջ, վրան լցրել մարգանցովկայի լուծույթ և թողել մի քանի ժամ, որպեսզի գույնը փոխի։ Եվ այս ամենը մենք ուտում ենք, այժմ սպանդանոցները ոչ էլ գործում են, ո՞վ պետք է սրա առաջն առնի»,- պատմեց ֆերմերը։

Նա ընդգծեց, որ, երբ հայտարարում են, թե այսօր ամեն բան փոխվել է և գործում է միայն օրենքը, իրականության չի համապատասխանում:

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս