«Կառավարության անդամների, այդ թվում՝ վարչապետի հայտարարությունները բլեֆ են». Ֆերմեր
Հայաստանում գյուղատնտեսությունն ինչպես նախկինում, այսօր ևս՝ գտնվում է ծանր վիճակում, քանի որ պետական այրերը չեն տիրապետում իրավիճակին, և երկրում գյուղատնտեսական ոլորտ ընդհանրապես գոյություն չունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ֆերմեր Տիգրան Եղոյանը՝ անդրադառնալով Վայոց ձորի գյուղերում անասնապահության հետ կապված խնդիրներին և պատկան մարմինների անտարբերությանը։
Նա վստահեցրեց, որ Կառավարության ցանկացած անդամի, այդ թվում՝ վարչապետի հայտարարությունները գյուղատնտեսության ու անասնապահության զարգացման ինչ-որ տոկոսների մասին՝ բլեֆ են, քանի որ, բացի գյուղատնտեսությունից, անասնապահության ոլորտը ևս կաղում է և գտնվում է ոչնչացման եզրին։
«Երբ այսօր խոսում են գյուղատնտեսությունից և ներկայացնում առկա խնդիրները, չեն կարող խուսափել քաղաքականությունից, քանի որ Հայաստանին պարտադրում են մի շարք կոնվենցիաներ և պրոտոկոլներ, բայց ինձ դրանք չեն հետաքրքրում, երբ չեն բխում Հայաստանի շահերից։ Մենք ցանկացած պրոտոկոլների կարող ենք դիմակայել, եթե այսօր սահմանամերձ գյուղերում մարդիկ շարունակեն ապրել, բայց արտագաղթը շատ մեծ է, և մարդիկ հուսահատված լքում են երկիրը»,- ասաց ֆերմերը։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք բողոքում էին, որ տարբեր քրեաօլիգարխիկ խմբեր, գեներալներ հէկ-եր են կառուցել և չորացնում են գյուղացուն։ Իշխանափոխությունից հետո այդ բողոքը ներկայացրել են օրվա իշխանություններին, սակայն ոչինչ չի փոխվել և այսօր էլ այդ հէկ-ը խժռում են գյուղն և գյուղացուն։
«Բոլորդ տեղյակ եք Իջևանի դեպքերից, որի ժամանակ նույնիսկ ձերբակալվածներ եղան, բայց այսօր որևէ մեկը չի խոսում հէկ-ից, որոնք փոխելով գետի հունը, ջուրը գնում է դեպի թշնամի երկիր, որի հետևանքով էլ չորանում է անտառը։ Գյուղացիների 30-40 տարվա այգիները չորանում են, զարմանում եմ, որ երբ մեր վարչապետը գնում է Սյունիք, Վայոց ձոր, հանդիպում է այնտեղ ինչ-որ պանրի արտադրության ֆերմերների։
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չկա, քանի որ, եթե չկա անասնապահություն, ուրեմն պանրի արտադրություն չկա։ Արհեստական կաթի փոշիով պանրի արտադրությունը թող չհրամցնեն մեր ժողովրդին՝ որպես գյուղատնտեսության աճ։ Եթե գյուղացին իր կենսական ապրուստից զրկվել է, ապա գյուղատնտեսության զարգացումից խոսելն անիմաստ է»,- շեշտեց Տիգրան Եղոյանը։
Ֆերմերի խոսքով՝ այսօր Կառավարությունը բարձրացնում է պետական պաշտոնյաների աշխատավարձը, օրինակ՝ ՊԵԿ ղեկավարը 1,5-2 մլն դրամ աշխատավարձ է ստանում, մինչդեռ գյուղերում հսկայական աշխատանք կատարող անասնաբույժները ստանում են 45.000 դրամ և հաճախ ստիպված լինում հավելյալ այլ աշխատանք կատարել։ Եվ այս պարագում անհնար է խոսել անասնաբուժության, անասնապահության և գյուղատնտեսության զարգացումից։
Մանրամսները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան