«Երբ որ «Իսկանդեր» կբերի, այն ժամանակ կխոսենք». Էդուարդ Շարմազանով
Հայաստանում իշխանափոխությունից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կառավարության գործունեության վերաբերյալ քննադատությունների շարքում նշում էր զենքի մատակարարումների խնդիրը՝ ասելով, որ «նոր Հայաստանում որևէ լուրջ զենքի մատակարարում ՀՀ բանակին չի եղել», ինչը մտահոգիչ է։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարել է, որ մինչև 2020 թ. սկիզբը Հայաստանում կլինեն ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները, նաև ռազմական անակնկալներ են լինելու:
168.am-ը Է.Շարմազանովից հետաքրքրվեց՝ արդյո՞ք մտահոգությունները փարատվում են։
«Նախ՝ ես մշտապես քննադատել եմ Նիկոլ Փաշինյանի անվտանգային քաղաքականությունը և նշել եմ, որ նրա քաղաքականությունը չի նպաստում Հայաստանի ռազմական հզորացմանը, և այսօր դա կրկնում եմ։ Ինչ վերաբերում է Տոնոյանի հայտարարությանը, շատ ուրախ եմ և ցանկացած ռազմական համալրում մեր զինված ուժերում ես դրական եմ գնահատում, բայց դա չի փոխում իմ կարծիքը։ Նիկոլ Փաշինյանն այս 1.5 տարվա ընթացքում գրեթե ոչինչ չի արել, որ մեր բանակի մակարդակը բարձրանա»,- ասաց Է.Շարմազանովը։
Նա քննադատեց Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Ն.Փաշինյանի հայտարարությունները. «Խոսում է գեներալների ու սպաների մասին, բայց անցած 1.5 տարում ինքը միայն հեղինակազրկել է գեներալներին ու սպաներին, որոնք հաղթանակ են տարել Արցախյան առաջին ու ապրիլյան պատերազմում, մեր ներկայացուցչին ետ է բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ինչը վնասել է մեր պաշտպանունակությանը։ Երբ որ «Իսկանդեր» կբերի, այն ժամանակ կխոսենք։ Ես իր նման չեմ, որ ինչքան լավ բան լինի, ասեմ՝ վատ է, ես դրական եմ գնահատում բոլոր այն գործողությունները, որ դրական են նպաստում ՀՀ պաշտպանունակության բարձրացմանը, բայց կոնկրետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները շատ բացասական եմ գնահատում և ասացի՝ ինչու»։
Հարցին՝ Հայաստանին երկրորդ «Իսկանդեր» անհրաժե՞շտ է, Է.Շարմազանովը պատասխանեց. «Ես ռազմական փորձագետ չեմ և երբեք, ի տարբերություն Փաշինյանի, չեմ խոսում բաներից, որից պրոֆեսիոնալ գաղափար չունեմ»։
Կրկին անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին՝ Է.Շարմազանովը նկատեց. «Աստված չանի՝ Հայաստանում հրամանատարները լինեն տիկնայք»։
Մեր հարցին, թե արդյո՞ք դա գենդերային խտրականություն չի, Է.Շարմազանովը պատասխանեց. «Դա էլ ու վերջ։ Կամ՝ ասել է՝ մեզ պետք են գեներալներ՝ առանց պատերազմի։ Ուզում եմ հարցնեմ՝ դու վարչապե՞տ ես, թե՞ հեքիաթասաց, դու պատկերացնո՞ւմ ես, որ քո ասածն իրականության հետ կապ չունի, 80 մլն-անոց Թուրքիայի դեմ ես նման լավ կենացներով խոսելո՞ւ, 15 մլն-անոց Ադրբեջանի՞, թե՞ այլ սպառնալիքների։ Ալեքսանդր Մակեդոնացի՞ն է առանց ճակատամարտի հրամանատար դարձել, Սուվորո՞վը, Վարդան Մամիկոնյա՞նը, թե՞ Գարեգին Նժդեհը»։
Դիտարկմանը, որ գուցե խոսքն այն մասին է, որ գեներալներ պետք են, բայց պատերազմ՝ ոչ, Է.Շարմազանովը նշեց, որ դրանք լավ կենացներ են, և ոչ ոք պատերազմ չի ուզում։ Ըստ նրա՝ հնարավոր չէ դառնալ այնպիսի երկիր, որի վրա որևէ մեկը չհամարձակվի հարձակվել՝ հասարակությանը սև-սպիտակի կամ հեղափոխական-հակահեղափոխականի բաժանելով՝ Արցախի հերոսների մի մասին բռնելով, մի մասին մերժելով, կամ Արցախում դավադիր ուժեր փնտրելով.
«Իր խոսքն ու գործն իրար չի բռնում։ Իհարկե, շատ լավ է, որ պատերազմ չլինի, այս 1.5 տարում ինքը մեր պետության, ժողովրդի, բանակի ռազմական ուժն ու համերաշխությունը թուլացրել է։ Այսօր Արցախի բանակի 3 ամենահզոր գեներալներն այլևս բանակում չեն՝ Լևոն Մնացականյանը, Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը։ Այսպե՞ս է հզորացնում։ Միայն կենացներով չի։ Խնդիրն այն է, որ պետության ղեկավարի ոտքերն իրականությունից կտրված են։ Այն, ինչ արել է այս 1.5 տարում Նիկոլ Փաշինյանը, ամբողջությամբ հակասում է մեր պաշտպանական ռազմավարությանն ու պետության, ազգային շահերին»։