Բաժիններ՝

Հայաստանը պարտվեց. Պորտուգալիան կիսաեզրափակչում է. Եվրո-2019

Երևանում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության A խմբի վերջին տուրում Հայաստանի ընտրանին մրցեց գործող չեմպիոն Պորտուգալիայի հետ:

Առաջին կեսի մեկնարկին տարածքային առավելություն ուներ Պորտուգալիան, որն էլ ավելի շատ էր գրոհում: Հայաստանի հավաքականին հաջողվում է երբեմն-երբեմն հակագրոհել և նույնիսկ հարվածներ կատարել դարպասի ուղղությամբ: Սակայն հակագրոհներից մեկի ժամանակ սեփական տուգանային հրապարակում Նարեկ Ալավերդյանը խախտեց խաղի կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ֆաբիո Վիեիրան: Գոլին հաջորդած առաջին իսկ հակագրոհին գեղեցիկ խաղով առանձնացավ Հայաստանի հավաքականից Գրենիկ Պետրոսյանը: Թիմերն ընդմիջման գնացին պորտուգալացիների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկին Պորտուգալիան սկսեց բուռն գրոհել և 50-րդ րոպեին կրկնապատկեց հաշվի առավելությունը: Հեռահար դիպուկ հարվածով Հայաստանի դարպասը գրավեց Խոաու Մարիոն: Պորտուգալացիներն, ովքեր անդադար գրոհում էին, 67-րդ րոպեին խփեցին նաև երրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Տիագու Գուվեիան: Խաղակեսին ավարտին նույն Գուվեիան դարձավ դուբլի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով ի օգուտ Պորտուգալիայի:

Հանդիպմանը մարզադաշտում հետևում էին 5750 հանդիսական:

Հայաստանի ընտրանին երեք խաղերում ընդհանուր առմամբ բաց թողեց 12 գոլ և խփեց միայն մեկը:

Եվրոպայի առաջնության A խմբում կիսաեզրափակչում պայքարը կշարունակեն Պորտուգալիայի ընտրանին, որը հավաքեց 7 միավոր և Իսպանիան, որը ևս ունի 7 միավոր: Այս խմբում երրորդն Իտալիան է 3 միավորով, իսկ Հայաստան առհասարակ միավոր չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս