«Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց-մասնաճյուղի վարիչն ազատվել է աշխատանքից
Երեկ ապամոնտաժվեց «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում տարիներ առաջ տեղադրված տաղավարը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի օգնական Դավիթ Դանիելյանի փոխանցմամբ՝ բետոնային հիմքով առևտրի տաղավարը 2005թ. մինչ օրս առանց վարձակալության պայմանագրի է գործել:
«Անօրինական է եղել, վաճառվել են հուշարձանի հետ կապ չունեցող հուշանվերներ: Երկու շաբաթ առաջ մենք նախարարի հետ մարզ էինք այցելել՝ տեսավ, հրահանգեց, որ զբաղվենք այդ հարցով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Դանիելյանը:
Ինչ վերաբերում է «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց-մասնաճյուղի վարիչ Աշոտ Ավագյանին, ով նաև հայտնի էր մերկ կանանց մասնակցությամբ այդ տարածքում ակցիաներ անելով ու սեփական «թաղումը» կազմակերպելով, ապա, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ նա վերջերս ազատվել է աշխատանքից:
«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից էլ հայտնեցին, որ Աշոտ Ավագյանի փոխարեն՝ «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց-մասնաճյուղի վարիչ է նշանակվել Սպարտակ Սաֆրազյանը: Այլ մանրամասներ չհաղորդեցին:
Անի Կարապետյան