«Այդ ի՞նչ օրենսգրքով է իրականացվում մեզ մոտ դատավարությունը, որ մեզ հայտնի չէ». Հայկ Ալումյան

«Դեռևս հունիսի 27-ին մենք միջնորդություն ենք ներկայացրել Առաջին ատյանի դատարան, որպեսզի պրն Քոչարյանի կալանավորումը փոխարինվի գրավով։ Կալանավորված յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմել նման միջնորդությամբ, և դատարանը պիտի կիրառի գրավ, եթե չկան օրենքով նախատեսված արգելքներ։

Անցել է 24 օր. դեռ մեր միջնորդությունը չի քննվել, այնինչ Քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 2-րդ մասում ասվում է, որ միջնորդությունները և պահանջները պետք է քննվեն անմիջապես, դրանց ներկայացնելուց հետո»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ օրենքն ասում է մի բան, Ռ. Քոչարյանի նկատմամբ իրականացվում է բոլորովին ուրիշ բան. «Հասկանալի չէ. եթե մեր Քրեական դատավարության օրենսգիրքն ասում է, որ պետք է քննվեն անմիջապես, այդ ի՞նչ օրենսգրքով է իրականացվում մեզ մոտ դատավարությունը, որ մեզ հայտնի չէ»:

Ալումյանը նշեց, որ այն բանից հետո, երբ իրենք ՀՀ երկորրդ նախագահի գործի նյութերի կրկնօրինակը ներկայացրեցին դատավոր  Դավիթ Գրիգորյանին, որպեսզի դա խոչընդոտ չլինի՝ իրենց միջնորդությունները քննելու համար, իրականացվեց հայտնի խուզարկությունը,  և նրա մոտից առգրավվեց ամեն ինչ, ինչ կապված էր Քոչարյանի գործին, այդ թվում և իրենց միջնորդությունները։

Ալումյանն ընդգծեց՝ հարձակում կա նաև Սահմանադրական դատարանի նկատմամբ.

«Դա որոշ ժամանակ փորձ արվեց ներկայացնել նաև՝ որպես ժողովրդի կողմից ինքնաբուխ ցասում, զանազան մարդիկ (գիտենք՝ ում հետ կապ ունեն ու ոնց) եկան ՍԴ-ի մոտ, իրենց ցասումն արտահայտեցին, նույնիսկ քաշքշեցին, հայհոյեցին և վիրավորեցին, սպառնացին ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանին։ Ինչո՞ւ, որովհետև մի քանի օր առաջ Առաջին ատյանի դատարանը Սահմանադրական դատարանին դիմում էր ներկայացրել էլի պարոն Քոչարյանի գործով:

Ամեն ինչ, որ այսօր տեղի է ունենում դատական համակարգի շուրջ, պայմանավորված է մեկ գործով, և դա այդպես չպետք է լինի, մի գործից չպետք է կախված լինեն այդ բոլոր որոշումները, որոնք կայացվում են դատական համակարգի վերաբերյալ»:

 

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս