«Դավիթ Գրիգորյանի նկատմամբ տեղի ունեցածով արդյո՞ք իշխանությունները մեսիջ չեն ուղարկում մյուս դատավորներին, ովքեր ապագայում Ռոբերտ Քոչարյանի գործը քննելու կլինեն». Պաշտպան

«Դուք տեսնում եք՝ Դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, բոլորը լծված են մի գործի՝ հավաքեն ապացույցներ, հիմքեր, որպեսզի պարոն Քոչարյանը գտնվի կալանքի տակ, որպեսզի պարոն Քոչարյանի կալանքը հիմնավորվի: Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ դաշտում նրանք վաղուց արդեն տանուլ են տվել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ընթացող դատավարությանն ու նախաքննության ընթացքին:

Ըստ Հ. Ալումյանի՝ ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու համար չկա հիմնավորում. «Դա է պատճառը, որ իրենք ավելի հաճախ են սկսել դիմել անթույլատրելի մեթոդների, ավելի ու ավելի հաճախ ստիպված են լինում գործարկել ուժային մեթոդներ, որի հնարավորությունն իրենք ունեն: Տանուլ տալով իրավական դաշտում՝ իրենք ՀՀ վարչապետի հետ միասին ստիպված եղան այդ աննախադեպ ակցիան իրականացնել՝ փակել ՀՀ բոլոր դատարանները՝ ահաբեկելով դատավորներին:

Մինչ այդ իրենք ստիպված էին դատավորի վրա առանձին ճնշումներ գործադրել՝ ինչպես դեռ անցյալ տարվա հուլիսին ԱԱԾ տնօրենը ստիպված էր դատավորի հետ «բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի դատավորը, ով քննելու էր Ռ. Քոչարյանի կալանավորման հարցը, կալանավորի նրան»:

Պաշտպանը համոզված է՝ եթե ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու հիմքերը լինեին, չէին լինի որոշ դրվագներ, որոնք եղել են մինչ օրս. «ԱԱԾ տնօրենը ստիպված չէր լինի երկար ու բովանդակալից բացատրական աշխատանքներ տանել՝ վերջում էլ ամփոփելով, թե՝ գործի նյութերին ծանոթացի, բայց կալանքը, ուզես-չուզես, պիտի տաս: Ո՞նց եք կարծում, եթե Ռոբերտ Քոչարյանի գործը որևէ չափով հիմնավորված լիներ, ինչպես ասաց վարչապետը, արդյո՞ք դատավորները ժամանակ առ ժամանակ իրենց մեսիջներ էին ուղարկելու այն մասին, որ այս գործը ջուր է:

Եթե իրենք ունենային Ռ. Քոչարյանին կալանավորելու և կալանքի տակ պահելու օրինական հիմքեր, արդյո՞ք վարչապետը ստիպված պիտի լիներ ժողովրդին կոչ անել փակել դատարանները, արդյո՞ք հետո ստիպված էին լինելու այս եղանակներով հաշվեհարդար տեսնել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ այս ամեն ինչը ծավալելով՝ արդյո՞ ք իրենք մեսիջ չեն ուղարկում մյուս դատավորներին, ովքեր ապագայում պարոն Քոչարյանի գործը քննելու կլինեն»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս