Կոնստանտին Կոստանյանի և Արթուր Տոնոյանի պատճառով մարդիկ մշտապես խնդիրների առջև են կանգնում, բարդակ, բոմժանոց վիճակ է. բողոքի ակցիա
«Տուգանք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին Ճանապարհային ոստիկանության շենքի մոտ: Նրանց խոսքով՝ ծառայությունը, որն իրականացնում է Ճանապարհային ոստիկանությունը, խայտառակ վիճակում է, ուստի պահանջում են երեք պաշտոնյաների հրաժարականը:
«Մեկը՝ ՀՔԲ-ների (հաշվառման քննական բաժանմունք) պատասխանատուն է, մյուսը՝ Ճանապարհային նշանների և գծանմուշների պատասխանատուն, մյուսն էլ՝ Երևան քաղաքի ՃՈ պետը: Ճանապարհային նշանների և գծանմուշների բաժնի պետ Կոստանյան Կոնստանտինի պատճառով մարդիկ մշտապես խնդիրների առջև են կանգնում: Բազմաթիվ ապացույցներ ենք ներկայացրել:
Գնում ես ուղիղ ճանապարհով, մեկ էլ տեսնում ես՝ անօրինական խաչմերուկ է սարքած ու թերի կահավորված՝ ինչ-որ մեկի տան մոտ: Այդ մարդը, վերջիվերջո, իր արածի համար պետք է պատասխան տա: Մեր նպատակն է՝ նրան ժամանակից շուտ թոշակի ուղարկելը, որովհետև, ըստ երևույթին, հոգնել է աշխատանքից: Երկրորդ պաշտոնյան Արթուր Տոնոյանն է՝ ՀՔԲ-ների պատասխանատուն: Ինքն օդափոխիչը միացրած աշխատում է, իսկ մյուսները դրսում 40 աստիճանի տակ տանջվում են: Մարզերի ՀՔԲ-ներում բարդակ, բոմժանոց վիճակ է: Մարդիկ անունը գոմ են դրել, չեն էլ ուզում ներս մտնեն: Ոչ աշխատակիցներին է հետևում, ոչ տարրական պայմաններին: Առաջարկում ենք՝ կամ գնա հերթերում մարդկանց հետ կանգնի, արևի տակ տանջվի, կամ էլ՝ բարի ճանապարհ: Երրորդը Երևանի ՃՈ պետն է՝ Արման Հակոբյանը: Բացարձակ իրավիճակին և գործին չի տիրապետում»,- լրագրողներին ասաց վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը:
Ներկաների խոսքով՝ հերթեր են գոյանում, չկա օդափոխման համակարգ, հերթի համար իրար կոտորում են, անգամ հերթ են վաճառում:
168.am-ի հարցին՝ որքա՞ն են պատրաստվում շարունակել բողոքի ակցիան, վարորդների իրավունքների պաշտպանը պատասխանեց.
«Այնքան, մինչև հանձնվեն: Հաջորդ բողոքի ակցիային ևս մեկ հոգու անուն ենք ներկայացնելու»:
Քաղաքացիներից մեկը՝ Աշոտ Ռևազյանը, ով բողոքի ակցիայի մասնակից չէր, նշեց, որ ինքը հակառակ կարծիքի է, Ճանապարհային ոստիկանները շատ լավ աշխատում են:
«Ահագին բան է փոխվել՝ սկսած գծանշումներից»,- ասաց քաղաքացին:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ հակադարձեց, թե շատ ճանապարհներ կան, որ գծանշումներ չկան:
«Էրեբունու փողոցից Արցախի պողոտա ես գնում, մի միջանցք կա, որը փողոց է, ու զիջելու նշան է դրած, մյուս կողմից չկա գլխավորի նշանը: Հիմա, որ երկու մենքենա դուրս գան ու իրար խփեն, ոչ ոք մեղավոր չի լինելու, նշան չդնողն է մեղավոր լինելու: Միայն սա չէ, լիքը խաչմերուկներ կան, որ այդպես են»,- հավելեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Անի Կարապետյան