«Համոզված եմ, որ Խորհրդի կազմում շատ բան կարող էի անել դատական իշխանության բարեփոխման համար՝ չունենալով որևէ քաղաքական, անձնական կամ այլ կաշկանդվածություն». Սերգեյ Մեղրյան
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Բարձրագույն դատական խորհրդի՝ վերջերս հրաժարական ներկայացրած անդամ Սերգեյ Մեղրյանի հետ 168.am-ը զրուցել է ԲԴԽ-ի շուրջ եղած վերջին զարգացումների մասին։
-Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի երդման առթիվ Դուք շատ կոշտ դիրքորոշմամբ հանդես եկաք։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բարձրագույն դատական խորհրդի 3 դատավորների կողմից հուլիսի 18-ին հրավիրված նիստին, որի ընթացքում քննարկվելու է Նախշուն Տավարացյանի հարցը։ Ինչո՞ւ ԲԴԽ երեք դատավորների նախաձեռնությանը չի միացել Վիգեն Քոչարյանը, ըստ Ձեզ։
– Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակն օրենքի խիստ ֆորմալիստական մեկնաբանման հետևանք է:
Որևէ անձնական խնդիր հարգարժան դատավորի հետ չունեմ, ավելին, միշտ վերաբերվել և վերաբերվելու եմ խորին հարգանքով՝ հաշվի առնելով թե՛ նրա տարիքը, թե՛ մասնագիտական փորձառությունը, և թե՛ նրա՝ որպես դատավորի, կերպարը:
-Խնդիրն այստեղ անձը չէ, այլ այն, որ իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորի բարձր կոչումը կրող անձանց՝ դատավորների ընդհանուր ժողովը, կաղապարվելով օրենքի կոնկրետ դրույթի տառով, ընդունելի է համարում այն, որ ամիսներ առաջ Խորհրդի անդամի պաշտոնը երդմամբ ստանձնելուց բանավոր և գրավոր հրաժարված անձը, այդուհանդերձ, կարող է «մտափոխվել» և «պարզեցված» կարգով դառնալ Խորհրդի անդամ:
Կատարվածը, այն փաթեթավորմամբ, որով ներկայացվեց հանրությանը, կրկնում եմ, օրենքի խիստ ֆորմալիստական մեկնաբանման արդյունք է: Իմ և շատերի ընկալմամբ, «ընտրված լինելը» և «պաշտոնը ստանձնելը», չնայած խիստ կապակցված են, այդուհանդերձ տարբեր կատեգորիաներ են: Ցանկացած պաշտոնում քվեարկության արդյունքում ընտրված անձը կարող է հրաժարվել այդ պաշտոնը ստանձնելուց: Ու թեև Դատական օրենսգրքի 82-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Խորհրդի նորընտիր անդամն «իր պաշտոնը ստանձնում է… ընտրվելու օրվանից», հարկ էր չանտեսել, որ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը նախատեսում են այդ պաշտոնը ստանձնելու հստակ ընթացակարգ, այն է՝ ընտրվելուց անմիջապես հետո ընտրված անդամն Ընդհանուր ժողովի նիստում հանդիսավոր պայմաններում պետք է իր պաշտոնը ստանձնի երդման տեքստն ընթերցելու և այն ստորագրելու միջոցով: Իսկ ի՞նչ է կատարվել ընտրության արդյունքները հրապարակելուց հետո: Երդմամբ պաշտոնը ստանձնելու փոխարեն՝ դատավորը պարզապես հրաժարվել է այն ստանձնելուց: Կարծում եմ՝ նման իրավիճակում Ընդհանուր ժողովը պետք է անցկացներ նոր ընտրություն: Համենայն դեպս, այդպիսի լուծումը հենված կլիներ օրենքի ոգու, իմաստի և առողջ տրամաբանության վրա:
Փոխարենը՝ մենք ունենք երկրի իրավական անվտանգության ապահովման հարցում հսկայական դերակատարություն ունեցող մարմնի անդամի, իսկ անուղղակիորեն նաև մյուս ընտրված անդամների և ընդհանուր առմամբ Խորհրդի «լեգիտիմության» վերաբերյալ խիստ անցանկալի քննարկումներ, որոնք, հավատացեք, լրջագույն կասկածի տակ են դնում դատական իշխանության հանրային ընկալումը, Խորհրդի կողմից կայացվելիք որոշումների հեղինակությունը:
Հանրությանը ծառայող, արդար դատաքննության իրավունքի առանցքային բաղադրատարրը՝ դատավորների անկախությունը երաշխավորող դատական խորհուրդը, պետք է ձևավորվի այնպիսի պայմաններում, որոնք բացառեն ցանկացած տեսակի շահարկում:
Դրական չեմ վերաբերվում նաև ԲԴԽ 3 դատավորների կողմից հուլիսի 18-ին հրավիրված նիստին: Իմ մոտ այնպիսի տպավորություն է, թե Խորհրդի անդամները ղեկավարվում են «դե, եթե ասում եք, որ պաշտոնը ստանձնել է ընտրվելու պահից, այլ ոչ թե երդման, ուրեմն առանց հարգելի պատճառների ամիսներ շարունակ չի կատարել նաև Խորհրդի նիստերին մասնակցելու իր պարտականությունը» բանաձևով: Սա նույն ֆորմալիստական մոտեցման շարունակությունն է: Ակնհայտ է՝ եթե անձը երդմամբ չի ստանձնել իր պաշտոնը, նրա վրա չեն կարող տարածվել այդ պաշտոնից բխող պարտականությունները, հետևաբար՝ նա չի կարող կրել նաև համապատասխան պատասխանատվություն մինչև երդման պահը կատարածի կամ չկատարածի համար:
Իմ կարծիքով՝ սխալը թույլ է տրվել ի սկզբանե, Ընդհանուր ժողովում: Ներկայումս հարցը դուրս է թե՛ ԲԴԽ-ի, և թե՛ Ընդհանուր ժողովի իրավասության շրջանակներից: Հետևաբար՝ մնում է երկու բան. կա՛մ տիկին Տավարացյանը դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու նկատառումներով հրաժարական պետք է տա՝ ցույց տալով, որ Ընդհանուր ժողովն իրոք նպատակ է հետապնդել այդպիսով դուրս գալու, իր գնահատմամբ՝ «փակուղային» իրավիճակից, կա՛մ բոլորս պետք է համակերպվենք Խորհրդի նորընտիր անդամների կասկածելի ընտրության փաստի հետ: Վերջին տարբերակը, իմ կարծիքով, դատական համակարգին, վնասից բացի, ոչինչ չի խոստանում: Չմոռանանք, որ Խորհրդի նախորդ կազմի փլուզմանն ինչ-որ առումով նպաստեց այդ կազմի «ոչ թափանցիկ», «ոչ մասնակցային» և շատերի համար անհասկանալի ձևավորման փաստը, որը ծնեց նաև հենց դատական իշխանության մեջ որոշակի «ինքնապաշտպանական» խմորումներ, վստահության դեֆիցիտ և, ի վերջո, հանգեցրեց ԲԴԽ-ի վերաբերյալ Դատավորների ընդհանուր ժողովի հայտնի հայտարարության:
Այն համոզումն ունեմ, որ դատական համակարգն իրավական պետության և հանրության պահանջմունքներին համապատասխանեցնելու առաքելությունը, այդ թվում՝ վեթինգը՝ իր հնարավոր ցանկացած դրսևորմամբ, և այլ լրջագույն բարեփոխումներն ի զորու է իրականացնել բացառապես անթերի Խորհուրդը, որի ձևավորման գործընթացը չի կարող կասկածի տակ դրվել որևէ անաչառ և ողջամիտ դիտորդի կողմից:
Նշված նկատառումներով էլ երևի թե Վիգեն Քոչարյանը կամ Խորհրդի մյուս անդամները չեն միացել տիկին Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությանը:
-Ինչո՞ւ հրաժարվեցիք ԲԴԽ անդամությունից։
-Հրաժարականիս պատճառները սպառիչ ներկայացրել եմ Խորհրդին ուղղված և հանրայնացված հայտարարության մեջ:
Մասնագիտական շուրջ քսանամյա գործունեությունս նվիրել եմ դատական իշխանության խնդիրների ուսումնասիրությանը, առկա խնդիրների լուծման ուղիների փնտրտուքին, շատ լավ պատկերացնում եմ դատական համակարգի «սև խոռոչները» և ունեմ արդարադատության որակի և արդյունավետության բարձրացման հստակ տեսլական: Գուցե անհամեստ կհնչի, բայց ինձ համարում եմ ոլորտի բավականին լավ գիտակ: Դատական խորհրդում պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքն իր հերթին՝ էլ ավելի է խորացրել այդ իմացությունը, հնարավորություն է տվել շատ ավելի լավ պատկերացում կազմել շատ դատավորների անձնական և մասնագիտական որակների, նրանց թերությունների և առավելությունների, տարաբնույթ կապերի, մասնագիտական կարիքների և բարձրորակ արդարադատության իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ հանգամանքների մասին:
Համոզված եմ, որ Խորհրդի կազմում շատ բան կարող էի անել դատական իշխանության բարեփոխման համար՝ չունենալով որևէ քաղաքական, անձնական կամ այլ կաշկանդվածություն:
Այդուհանդերձ, նոր իրողությունների պայմաններում առավել կարևոր եմ համարել Բարձրագույն դատական խորհրդի հանդեպ անվստահության մթնոլորտի շուտափույթ վերացումը: Անհնար է արդյունավետ աշխատել մի իրավիճակում, երբ Խորհրդի կողմից մշակված՝ դատական իշխանության անկախության ու արդարադատության արդյունավետության ամրապնդման ռազմավարական հայեցակարգային դրույթները չուսումնասիրած իշխանական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները և առանձին դատավորներ Խորհրդին հանիրավի մեղադրում են անգործության, նախորդ կամ ներկա իշխանություններին ծառայելու մեջ, առանց ծանոթանալու առանձին որոշումների կայացման պատճառներին, փաստական և իրավական հիմքերին, առանձին դեպքերում՝ քաղաքական կամ գուցե նեղ անձնական նկատառումներով ի լուր հանրության հայտարարում են դրանց «ակնհայտ ապօրինի» լինելու մասին, հրապարակում են մտացածին թվեր, բացահայտ ցույց են տալիս անհանդուրժողականություն՝ Խորհրդի անդամների, և անտարբերություն՝ դատական իշխանությունը բարեփոխելու Խորհրդի պատրաստակամության նկատմամբ:
Խորապես համոզված եմ, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից նախանշված, ինչպես նաև ներկայումս քաղաքական իշխանության կողմից հռչակված դատաիրավական բարեփոխումների ճակատագիրը մեծապես պայմանավորված է առկա խնդիրները Խորհրդի տվյալ կազմի հետ գործակցաբար լուծելու՝ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների պատրաստակամությամբ: Անբեկանելի իրողություն է, որ դատական իշխանության բացարձակ անկախություն իշխանության մյուս ճյուղերից լինել չի կարող: Բարեփոխումները գործակցաբար կատարելու կամքի բացակայության պայմաններում Խորհրդի ցանկացած ծրագիր և նախաձեռնություն դատապարտված է անհաջողության:
Ուստի իմ հրաժարականով փորձել եմ կատարել քայլ, որը մեզ քննադատող խորհրդարանական ուժերին կտար հնարավորություն քաղաքական լրջագույն կոնսենսուսի հիման վրա առավելագույնս թափանցիկ ընթացակարգով և քաղաքացիական հասարակության բոլոր շահագրգիռ կառույցների ներգրավմամբ ձևավորելու խորհրդի նոր, հանրորեն ընկալելի կազմ: Ցավոք, իմ և հրաժարական ներկայացրած Խորհրդի մյուս անդամների կողմից գրեթե նույն շարժառիթներով կատարված քայլը կարծես իր նպատակին չհասավ: Ակնհայտ է, որ նոր կազմը ձևավորվում է այն նույն սկզբունքներով ու «բարքերով», որոնց պատճառով այդքան քննադատվում էինք մենք:
-Կհամաձայնե՞ք նորից ընտրվել՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
– Ինչպես նշեցի, դատական իշխանությունն իմ մասնագիտական ոլորտն է, այստեղ եմ ես ինձ զգում՝ ինչպես ձուկը ջրում: Ես իրավունքի գերակայության սկզբունքի նվիրյալ եմ, իրավաբանական հանրույթն ինձ լավ է ճանաչում, քաղաքականությամբ չեմ զբաղվել և ամենայն հավանականությամբ չեմ էլ զբաղվելու, որևէ քաղաքական ուժի չեմ ծառայել, ապրում եմ համեստ կյանքով՝ օրինական ճանապարհով վաստակածիս համարժեք, կողմնակից եմ դատական իշխանությունը «ներսից վերակառուցելուն», դեմ եմ խորապես չմտածված և ցնցումների հանգեցնող լուծումներին: Եթե իմ կերպարն ընդունելի լինի խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի մեծամասնության համար, և իմ անձի շուրջ իրոք ձևավորվի կոնսենսուս, մեծ հաճույքով կստանձնեմ Խորհրդի անդամի պարտականությունները: Սակայն, եթե պետք է առաջադրվեմ «մեկ զանգի» սկզբունքով, ես դրան համաձայն չեմ:
– Իսկ օրենքով սահմանված չէ՞ վերընտրվելու արգելք:
– Դա արդեն այլ քննարկման առարկա է: Այս պահին միայն նշեմ, որ տվյալ սահմանափակումը նախատեսված չէ Սահմանադրության անցումային դրույթներով սահմանված կարգով ընտրված անձանց համար: