Բաժիններ՝

Քարտ-բլանշ, կամ՝ ճարպկություն դանիական ձևով

Տաթևիկ Ռևազյանն «ամփոփեց» պաշտոնավարման մեկ տարին

Երեկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մամլո ասուլիսով ամփոփեց իր պաշտոնավարման մեկ տարին։

Այդ ասուլիսը մի շարք մտորումների տեղիք տվեց։

Թռիչքային անվտանգության և Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի ճանաչելիության մասին

Փաստորեն, քաղաքացիական ավիացիայի կոմիտեում թռիչքային անվտանգության սպառնալիքների մասին մինչ Տ.Ռևազյանի՝ գործուղումներ գնալը և շփվելը այլ երկրների ներկայացուցիչների հետ, իմացել և միջոցներ են ձեռնարկել մամուլի հաղորդագրությունների հիման վրա, և որևէ օպերատիվ կապ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (International civil aviation oranisation-ICAO(ԻԿԱՕ)), Քաղաքացիական ավիացիայի Եվրոպական կոնֆերանսի, Եվրոկոնտրոլի և այլ միջազգային կազմակերպությունների հետ չի եղել։

Ստացվում է, որ գոնե տարածաշրջանի և Եվրոպական պետությունների քաղաքացիական ավիացիայի ղեկավարների համար մինչ Տ.Ռևազյանի ներկայացնելը, Հայաստանի քաղաքացիական ավիացիան ճանաչելի չի եղել, այն դեպքում, որ քաղաքացիական ավիացիայի ցանկացած պետ գոնե երեք տարին մեկ անգամ մասնակցել է ԻԿԱՕ-ի գագաթաժողովներին և յուրաքանչյուր տարի Թռիչքների անվտանգության Եվրոպական գործակալության ու Եվրոկոնտրոլի համաժողովներին։ Իսկ 2008 թվականի ամռանը Հայաստանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի Եվրոպական կոնֆերանսի (44 անդամ պետություն) քաղաքացիական ավիացիայի կառույցների ղեկավարներին։ Նման հանդիպումներ Հայաստանում կազմակերպվել են հաճախ՝ թե Եվրոկոնտրոլի անդամ պետությունների, թե այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Արտասահմանյան ուսումնական կենտրոններում մեր մասնագետների՝ անվճար ուսումնառության մասին

Ըստ Տաթևիկ Ռևազյանի՝ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան վերջինիս այցի արդյունքում է անվճար դասընթացների հրավիրում հայ մասնագետներին, այնինչ, հանուն արդարության անհրաժեշտ է ասել, որ Սինգապուրի տվյալ ակադեմիան յուրաքանչյուր տարի անվճար տեղեր հատկացրել և հատկացնում է բոլոր պետություններին, այդ թվում՝ Հայաստանին։

Նույնը վերաբերում է նաև այլ միջազգային ուսումնական կենտրոններին։ Սակայն ոլորտի գիտակները կարծում են, որ ֆինանսական խնայողության տեսանկյունից ավելի արդյունավետ է մասնակցել Եվրոպայում, Ռուսաստանում, Ուկրաինայում գտնվող ԻԿԱՕ-ի ուսումնական կենտրոններում կազմակերպվող դասընթացներին վճարովի հիմունքով, քան անվճար, սակայն ավիատոմսի արժեքի պատճառով ավելի թանկ ստացվող Սինգապուրյան դասընթացներին։

Հիշեցնենք, որ ըստ Տաթևիկ Ռևազյանի՝ քանի որ շատ է ճանապարհորդել, կարողացել է մի քանի երկրների քաղավիացիաների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ անվճար կրթության տրամադրման համար։ Այդ երկրներից են Սինգապուրը, Չինաստանը, Ֆրանսիան և այլն։

Նրա խոսքով՝ այս ամենին զուգահեռ, կարողացել է ոլորտի հմուտ մասնագետներ բերել Հայաստան, որոնք խոստացել են անվճար ծառայություններ տրամադրել Հայաստանին. «Վերջերս Հայաստան էր եկել Լեն Վինգսը, նա հմուտ աուդիտորներից մեկն է, նա աշխատում է միջազգային քաղավիացիայում։ Երբ նա գնում է այս կամ այն երկիր և խորհուրդներ տրամադրում, Կառավարությունը վճարում է 20-30 հազար դոլար։ Նա մեզ որևէ սահմանափակում չի տվել, քանի տարի պետք լինի, նա մեր կողքին կանգնած կլինի»:

Ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձման մասին

Փաստորեն, ըստ Տ.Ռևազյանի, Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը պետք է տեսակավորվի և նոր ուղղությունների դեպքում հինգ տարով չգանձվի։ Իսկ ո՞ւր են մնում այդ դեպքում արդար մրցակցության սկզբունքները, կամ ինչո՞ւ մեկ անձ պետք է վճարի նման տուրք, իսկ մյուսն այլ հավասար պայմաններում՝ չվճարի։ Ստացվում է նույն սուբսիդիան լոուքոստերների համար, առանց որի՝ նրանք որևէ պետությունում չեն գործում, ուղղակի թաքցրած խորամանկ քայլերի միջոցով։ Միգուցե արդար կլիներ ընդհանրապես պայքարել տվյալ պետական տուրքը հանելու համար, որի մասին առաջին տարին չէ, որ բարձրաձայնում են հայկական փոխադրողները։ Հակառակ դեպքում տվյալ քայլը կհակասի ՀՀ բազմաթիվ միջազգային պայմանագրերի դրույթներին։

Միջազգային տարբեր պատվիրակությունների՝ մեր երկիր այցելության մասին

Փաստորեն, ստացվում է, որ Տ.Ռևազյանի պայմանավորվածությունների ներքո առաջիկայում Հայաստան կայցելեն պատվիրակություններ և փորձագետներ՝ օդանավակայանի անվտանգության հարցերը և ընդհանրապես թռիչքային անվտանգության հարցերն ուսումնասիրելու համար։ Դա՝ այն դեպքում, որ ՀՀ-ն սահմանված կարգով և ժամկետներում պարբերաբար ենթարկվում է աուդիտի ԻԿԱՕ-ի, ԵԿԱԿ-ի և Եվրոկոնտրոլի աուդիտորների կողմից՝ բավականին բարձր ցուցանիշներով։ Եվ հարկ է նշել, որ միջազգային քաղաքացիական ավիացիայի համար հիմք են հանդիսանում նշված աուդիտորների եզրակացությունները, այլ ոչ թե՝ ինչ-որ պետությունների պատվիրակությունների և մասնավոր փորձագետների կողմից կատարվածները։

Եվս մեկ նկատառում. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի կողմից այդպես էլ չներկայացվեց, թե օրենսդրական ինչ նախաձեռնություն է եղել կառույցի կողմից շուրջ մեկ տարվա ընթացքում։

Եվ վերջում՝ Տ.Ռևազյանի կողմից անուղղակիորեն ասվեց՝ կամ ես պաշտոնավարում եմ առնվազն մինչև 2020 թվականի երկրորդ կիսամյակը, և կտեսնեք լոուքոստերներ՝ իրենց էժան գներով, կամ հակառակ դեպքում՝ ոչ մի բան մի սպասեք։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս