Բաժիններ՝

«Էրեբունի» թանգարանում թեժ կրքեր են բորբոքվել. Ապրիլյան քառօրյայի մասնակից աշխատակիցն ահազանգում է

 168.amի խմբագրություն էր զանգահարել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի աշխատակից, քառօրյա պատերազմի մասնակից Արթուր Կնյազյանը և ասել, որ թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ուզում է որևէ պատրվակով իրեն աշխատանքից հեռացնել։

Մեր հարցին՝ ինչո՞ւ, Ա. Կնյազյանը պատասխանեց՝ «չցանկացա դառնալ իր գործակալը», այդ պատճառով։

«Արդեն 3-րդ տարին է, աշխատում եմ թանգարանում։ Ամեն ինչ նորմալ էր։ Կոնֆլիկտը սկսվեց նրանից, որ նա ինձ ասաց, որ ես պետք է իրենց գործակալը լինեմ, ինչ կատարվում է աշխատավայրում, պետք է իրենց՝ իր քավորին, ով «Կարմիր բլուր» մասնաճյուղի տնօրենն է, ու իրեն ասեմ»,- ասաց Ա. Կնյազյանը։ Վերջինս հիշում է, որ մի անգամ տնօրեն-փոխտնօրեն կոնֆլիկտի ժամանակ իրեն կանչում են ու պահանջում, որ ինքն ասի, թե իբր փոխտնօրենը խոսել է տնօրենի հասցեին։ Ինքը հրաժարվել է, ու դրանից հետո լարվել են իր հետ։

«Մի օր աշխատանքից 30 րոպե ուշացա, խցանման մեջ էի։ Տնօրենը զանգում է, տեսնում է՝ մարդ չկա. իր բարեկամն էլ ընդհանրապես աշխատանքի չէր եկել։ Ինձ առաջարկում են բացատրագիր գրել, ասում եմ՝ խնդիր չկա, բայց ինչի՞ Ձեր քավորը չի գրում։ Ինձ ասում են, որ նա տեղեկացրել է։ Ասում եմ՝ ես էլ եմ տեղեկացրել։ Ու հրաժարվում եմ բացատրագիր գրել։ Այդտեղ կոնֆլիկտ է սկսվում, վիճում ենք, ասում է՝ մարդկային տարբերակն այն է, որ դու կեղծ բացատրագիր գրես, այսինքն՝ ես գրեմ, որ խցանման մեջ եմ եղել, զանգել եմ, բաժնի վարիչը տեղում չի եղել։ Հրաժարվում եմ նաև դրանից»,- հիշում է Արթուր Կնյազյանը։

Վերջինս նշում է նաև, որ այդ միջադեպից օրեր անց ինքն իր ուսումնառության հետ կապված հարցերով գնում է Համալսարան՝ նախապես իր բաժնի վարիչին տեղեկացնելով այդ մասին։

«Ես այդ օրն աշխատանքի չեմ գնում, իմ պրակտիկայի թուղթը վերցնում եմ, տալիս եմ թանգարան, մի քանի օր հետո ասում են, որ՝ դու անհիմն բացակայել ես, այնինչ Համալսարանից իրենց տեղեկացրել են, որ ես այնտեղ եմ եղել։ Դրա համար, բացակայությունս անհարգալից համարելով, իմ աշխատավարձը պահել են»,- ասաց թանգարանի աշխատակիցը։

Արթուր Կնյազյանի խոսքով՝ իրեն հուլիսի 16-ին, այդ երկու դեպքերով նկատողություն են տվել։ Թեպետ ասում է, որ իրեն աշխատանքից ազատվելու ուղիղ առաջարկ չի արվել, բայց խորհրդակցության ժամանակ Միքայել Բադալյանն ասել է, որ իրեն աշխատանքից հեռացնելու է։ «Մեր միջև կոնֆլիկտ եղավ։ Ասացի, որ ես քառօրյայի մասնակից եմ, ինչո՞ւ է իմ նկատմամբ այդպես ասում, ինձ պատասխանեց, որ դա զգացմունքային դաշտից է, ապա ինձ անվանեց «թափթփուկ»»,- ասաց Ա. Կնյազյանը։

Քառօրյա պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած նախկին զինվորը վրդովված է իր նկատմամբ արշավից և կարծում է, որ իր հանդեպ սկսված այս պրոցեսի պատճառ կարող են հանդիսանալ նաև իր քաղաքական հայացքները։ Պարզաբանեց, որ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիր է։

«Ամեն երեքշաբթի մեզ մոտ խորհրդակցություն է։ Հենց այդ ժողովի ժամանակ` երեկ, որոշում են ու ինձ երկու նկատողություն տալիս»,- ասաց Ա. Կնյազյանը՝ նշելով, որ երբ տնօրենին ասել է, որ կբարձրաձայնի իր խնդրի մասին, ստացել է պատասխան՝ ինչ ուզում ես, արա, կարող ես թեժ գիծ զանգել։

Թանգարանի աշխատակիցը հավելեց նաև, որ տնօրենն ասել է, որ հեռացնելու է աշխատակիցների 70 տոկոսին, և, որ դրա համար իրեն քաղաքապետարանից գործելու ազատություն են տվել։ Ա. Կնյազյանը նշեց նաև, որ ունի ապացույցներ այս թեմայով։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը 168.am-ի հետ զրույցում կտրականապես հերքեց բոլոր մեղադրանքները։

«Որևէ անձնական խնդիր չունեմ Արթուր Կնյազյանի հետ, ընդամենը պահանջում եմ Աշխատանքային օրենսգրքի պահանջների կատարում»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ քառօրյա պատերազմի մասնակցին աշխատանքից հեռացնելու միտում չունի, ընդհակառակը, նրան հնարավորություն է տվել ուղղվել ու պատշաճ կատարել իր աշխատանքային պարտականությունները։  Տնօրենը չհերքեց, որ կոնֆլիկտն առաջացել է աշխատանքից ուշանալու, ապա նաև հաջորդ դեպքում՝ առհասարակ աշխատանքի չներկայանալու պատճառով, հիշեց, որ փորձել են մի քանի անգամ ծանուցել, որ բացատրագիր գրի, սակայն վերջինս հրաժարվել է դա անել։

Ինչ վերաբերում է Համալսարանում գտվելու պատճառով աշխատանքից բացակայելուն, Միքայել Բադալյանը շեշտեց, որ իրենք հարցում են ուղարկել պատմության ֆակուլտետ, և այնտեղից իրենց տեղեկացրել են, որ ժողովն ավարտվել է 13։00-ին, իսկ դա նշանակում է, որ Արթուր Կնյազյանն այդ ժամից հետո պետք է ներկայանար աշխատանքի, ինչը չի արել։

Մեր այն հարցին, թե նախկին զինվորը պնդում է, որ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում, ինքը դրա համար բացատրագիր չի գրել, Միքայել Բադալյանն ասաց, որ այդ ձևակերպումները ինքը որակում է՝ որպես զրպարտություն։

«Նույնիսկ Արթուր Կնյազյանի բաժնի պետը, ով չէր զգուշացրել ու  գնացել էր, ծանուցվելուց հետո տվեց բացատրագիր, ու դրանից հետո նրան նկատողություն տրվեց առ այն, որ նա լքել է իր աշխատանքի վայրն առանց զգուշացնելու։ Մեր խնդիրը կարգուկանոն հաստատելն է «Էրեբունի» թանգարանում, այն կարգուկանոնը, որը չի եղել։ Խնդիրն ընդամենը սա է»,- ասաց թանգարանի տնօրենը։

Հարցրեցինք նաև, թե իր պաշտոնավարման ընթացքում որքա՞ն աշխատակից է ազատվել կամ հեռացվել աշխատանքից։ «Որևէ աշխատակից չի ազատվել: Ոչ էլ պատրաստվում եմ ազատել։ Թանգարանը շատ լավ, բնականոն աշխատում է, ունենք այցելուների ու նվիրատուների թվի աճ, տարբեր նախագծեր ենք իրականացնում, և մենք դեռ նոր հաստիքների կարիք ունենք»,- ասաց տնօրենը։

Զրույցի ավարտին նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Արթուր Կնյազյանի հետ անձնական որևէ խնդիր չունի, խնդիրը սոսկ աշխատանքային դաշտում է, ինքը նրան «թափթփուկ» չի անվանել, ընդհակառակը, նա է իրեն ամենատարբեր որակումներ տվել։

Զրուցեցինք նաև փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ, ով իրավաբանական օգնություն է ցուցաբերում Արթուր Կնյազյանին։

«Գործի վերաբերյալ ինձ հայտնի փաստերի համադրման արդյունքում պարզ է դառնում, որ գործատուն կարգապահական տույժ կիրառելու ժամանակ առերևույթ խախտել է աշխատողին, այս դեպքում՝ Արթուր Կնյազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ աշխատանքային օրենսդրության նորմերը։ Մասնավորապես, գործատուն նույն ամսաթվով աշխատողի նկատմամբ կիրառել է միանգամից երկու կարգապահական տույժ, որն անհամատեղելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 225-րդ հոդվածի իրավակարգավորումների հետ։
Կարգապահական տույժերի հիմքում դրված չեն նաև աշխատանքային օրենսգրքով նախատեսված, կարգապահական պատասխանատվության ենթարկելուն նախորդող պարտադիր գործողություններն ապացուցող փաստերը, ինչպիսիք են բացատրագիրը, կամ բացատրագիր ներկայացնելու վերաբերյալ գործատուի ծանուցումը։ Այս և մի շարք այլ հարցերի վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով պատրաստվում ենք գործատուին ուղարկել համապատասխան գրություն, որի պատասխանն էլ հետագայում հիմք կհանդիսանա իրավական գործընթացների շարունակականության ուղղության համար»,- ասաց փաստաբանը։

Հուսով ենք, կոնֆլիկտն արագ կհարթվի, և ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած, իր կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած զինվորը չի կորցնի աշխատանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս