«Իշխանությունները լուրջ մտորումների տեղիք ունեն, և չի կարելի, որ իրենց քաղաքական ամբիցիաները բավարարեն՝ Սահմանադրությունն արհեստական ձևախեղումների ենթարկելով». Գևորգ Պետրոսյան

«Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) կարծիքը Հայաստանի իշխանությունների համար պարտադիր է այնքանով, որքանով մենք Եվրոպայի խորհրդին անդամակցելով՝ ստանձնել ենք Եվրոպական քաղաքակրթության իրավական և քաղաքական մշակույթը տեղայնացնելու պարտավորություն։ Ուղղակի պարտադիրության մասին դրույթ օրենսդրության մեջ գոյություն չունի, պարզապես խնդիրն այն է, որ, եթե մեր դատական մարմինների գործունեությունը վաղը-մյուս օրը հակասի այդ սկզբունքներին, մենք ստիպված ենք լինելու պետական բյուջեի հաշվին ճաշակել այդ սկզբունքներին հակասելու իրավական և ֆինանսական ռիսկերի ծանրությունը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությանը, որում ասվում է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, և պատվիրակությունն ու ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն՝ պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

Ըստ նրա՝ ռիսկերը կարող են արտացոլվել  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներում։

Գ.Պետրոսյանը հիշեցրեց, որ իրենք վաղուց էին ասում, որ վեթինգի հետ կապված արարողակարգերը, որ իշխանությունները մտադիր էին ներդնել, առաջին հերթին՝ ունեն սահմանադրականության խնդիր, և պետք է հաշվի առնել երկրի հիմնական օրենքի դրույթները.

«Որպեսզի այսօր վեթինգն իր ամբողջ վավերապայմաններով կիրառվի, անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, որ չկա։ Մենք միշտ ասել ենք, որ արդարադատության համակարգի մաքրազարդումը պետք է ոչ թե համընդհանուր և օրենքով չնախատեսված վեթինգով սկսել, այլ սկսել առանձին կոնկրետ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելով, եթե նրանք խախտում են օրենսդրությունը։ Բայց մի քանի, թեկուզ երկու տասնյակ դատավորի պատճառով ամբողջ համակարգը պարալիզացնելը նույնպես չի բխում մեր Սահմանադրությունից։ Այնպես որ, Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է այն, ինչ իրականում կա, որևէ նոր բան ասված չի»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ելույթում հրահանգել էր վեթինգ իրականացնել, Գ.Պետրոսյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ՀՀ պետական մարմինները պարտավոր են գործել ոչ թե՝ վարչապետի հրահանգներով, այլ՝ Սահմանադրությամբ և օրենքներով։

Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը, որը քննարկումների դաշտ նետվեց Սահմանադրական դատարանի անդամ ընտրված Վահե Գրիգորյանի  կողմից, Վենետիկի հանձնաժողովի կողմից ողջամիտ չհամարվելը Գ.Պետրոսյանը բնական համարեց և նշեց, որ դա նշված է Սահմանադրության 213 հոդվածով, համաձայն որի՝ դատական իշխանության մասին 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ նախագահն ու անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև 2005թ. խմբագրությամբ իրենց լիազորությունների ժամկետի ավարտը, այսինքն՝ դա ոչ թե ՎՀ բարի կամքն է, որ պետք է ընդունել, այլ ՀՀ Սահմանադրությունն է թույլատրում, որ նախագահն ու անդամները շարունակեն պաշտոնավարել։

Անդրադառնալով օրերս «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, որ չի բացառվում, որ փոխեն 213 հոդվածը, Գ.Պետրոսյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը ոչ թե չկա, այլ այդ հոդվածում փոփոխություն կատարելը չի կարող փոխել իրերի դրությունը, որովհետև այդ բաժնի փոփոխման համար անհրաժեշտ է բացառապես հանրաքվե.

«Իշխանությունները լուրջ մտորումների տեղիք ունեն, և չի կարելի, որ իրենց քաղաքական ամբիցիաները բավարարեն՝ Սահմանադրությունն արհեստական ձևախեղումների ենթարկելով։ Այստեղ մենք իսկապես կարող ենք խնդիր ունենալ եվրոպական արժեքների հետ։ Մենք ամեն քայլափոխի պնդում ենք, որ Հայաստանը գնում է եվրոպական իրավաքաղաքական մշակույթը տեղայնացնելու ճանապարհով, բայց երբեմն իշխանությունները շեղվում են այդ ճանապարհից այն ժամանակ, երբ այդ ճանապարհի հաջորդ ընթացքն իրենց համար ձեռնտու չի»։

 

Տեսանյութեր

Լրահոս