Բաժիններ՝

«Կարո՞ղ է խելքներդ գլուխներդ հավաքեք և  սկսեք Ադրբեջանին թիրախավորել ու քննադատել». Ադրբեջանագետը՝ իշխանությանը

«Որպեսզի Արցախի օդանավակայանում չխոցվեն քաղաքացիական ինքնաթիռները, նախ պետք է սկսեն թռչել: Տարիներ շարունակ միայն խոստումներ են տալիս, բայց չեն կատարում: Օդանավակայանն արդեն վաղուց պատրաստ է, բայց ադրբեջանական բանավոր սպառնալիքները  հաշվի առնելով՝ այն մինչ օրս պատշաճ կերպով չի գործարկվել»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից  կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը հաստատելու մասին՝ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նշենք, որ ըստ այդ օրենսդրական փոփոխության՝ ԱՄՆ-ին արգելվում է Ադրբեջանին տրամադրել այնպիսի ռազմական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից մեկնած քաղաքացիական օդանավերը խոցելու համար:

«Որոշումն ընդունվեց մեծագույն լոբբինգի արդյունքում: Ավելի լավ է ջանքերը, միջոցներն ու համառությունն այլ հարցերում նույնպես  կիրառել: Ադրբեջանը հետևողական քաղաքականություն է վարում՝ զինվելով մինչև ականջների ծայրը: Կարծում եմ՝ այս որոշումը ժամանակավոր բնույթ է կրում: Ժամանակին, երբ պատերազմը թեժ էր, օրենսդրական սահմանափակում կար՝ ընդհանրապես Ադրբեջանին որևէ տեխնոլոգիա վաճառելու հետ կապված: Ո՞ւր է հիմա այդ սահմանափակումը»,- նկատեց ադրբեջանագետը:

Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Հայաստանը պետք է հետևողական քաղաքական գիծ ունենա Արցախի հարցում:

«Մենք համաշխարհային հանրությանը պատշաճ չենք ներկայացնում  արցախյան հակամարտության պատճառահետևանքային կապերը, ցույց չենք տալիս, որ Ադրբեջանն ագրեսոր, ցեղասպան պետություն է և հիմա էլ է պատրաստվում պատերազմ հրահրել, ու նման ֆաշիստական պետությանը զենք վաճառելը հանցագործություն է: 2016 թ.ապրիլյան պատերազմի ժամանակ մենք պետք է ճանաչեինք Արցախի անկախությունը, և հիմա խնդիր չէր լինի, թե բանակցային սեղանի շուրջ ինչպե՞ս ներկայացնենք Արցախը:

Թշնամու հետ իր լեզվով խոսել չկարողանալու արդյունքում, 30 տարի է՝ այսպիսի  վիճակում ենք: Երբ սրվում են ռուս-վրացական հարաբերությունները, մեզ համար դա մահացու վտանգ է: Վրաստանի՝ մեզ սահմանակից շրջաններում  մեծամասնությունն ադրբեջանցի թուրքերն են կազմում: Աննախադեպ սրված են ԱՄՆ-Իրան հարաբերությունները, բայց չէ՞ որ տարիներ շարունակ գոյություն ունեն պայմանավորվածություններ՝ Ադրբեջանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև՝ կապված Հյուսիսային Իրանի նկատմամբ նկրտումների հետ, որը մեր միակ  սահմանն է Իրանի հետ, և որտեղ մի քանի տասնյակ միլիոն ադրբեջանցի թուրքեր են ապրում: Այդ մահացու վտանգը չենք կարող անտեսել: Ադրբեջանցի ցանկացած չոբանի որ կանգնեցնես՝ կխոսի, այսպես կոչված, գրավյալ տարածքների ու մեկ միլիոն փախստականների մասին, իսկ մե՞նք: Ասում են՝ Ադրբեջանում 150.000 հայ է ապրում: Սրան ինչո՞ւ չենք պատասխանում: Այդ 150.000 հայ ասելով՝ նկատի ունեն Արցախի բնակչությանը: Իրենք թող ցույց տան, թե ո՞ւր են կես միլիոնից ավելի հայերը, որոնցից 250.000-ից ավելին Բաքվում էր ապրում: Ո՞ւր են նրանք:

Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ֆաշիզմ են քարոզում, բայց  ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստեր են անցկացնում, մերոնք էլ դեռ սրտնեղում էին, որ չկարողացան մեկնել Բաքու, մասնակցել նիստին, քանի որ անվտանգության երաշխիքներ չէին տվել: Դրա փոխարեն՝ պետք է ամեն ինչ անեին, որ խափանվեր նիստը: Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացումից՝ մինչև Սաֆարովի հերոսացում… Ինչո՞ւ մենք չենք աշխատում, կամ, ով որ աշխատավարձ է ստանում, ինչո՞վ է զբաղվում:  Մի՞թե կարելի է այդքան դիլետանտ լինել: Իրավիճակ է փոխվել, այս ոլորտում էլ պետք է փոխվի: Հեղափոխությունը պետք է մուտք գործի մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ: Ադրբեջանը բոլոր ամբիոններից մատ է թափ տալիս մեզ վրա, իսկ մենք քննարկում ենք այն, թե  կարող է չպատասխանե՞նք  ադրրբեջանական քննադատություններին: Իսկ կարո՞ղ է խելքներդ գլուխներդ հավաքեք ու  սկսեք Ադրբեջանին թիրախավորել ու քննադատել: Եթե չգիտեք՝ ինչի՞ համար, ուրեմն դիմեք այն մարդկանց, ովքեր կարող են ձեզ բացատրել»,- հավելեց ադրբեջանագետը:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս