«Ֆենոմենալ» այց և «մերկ թագավորը»

Ինչպես հայտնի է, օրերս տարածաշրջանային այցով Երևանում էր Եվրոպական խորհրդի (ԵԽ) նախագահ Դոնալդ Տուսկը, ով մինչ այդ, ՀՀ այցի նախորդ օրը, գտնվում էր Բաքվում։ Եթե փորձենք այցի հետ կապված գնահատականներ տալ կամ հնչեցնել հնարավորությունների տեսլական, ապա կարելի է մեկ բառով շեշտել, որ դա ոչինչ չասող և զուտ պրոտոկոլային այց էր եվրոպական հերթական չինովնիկի կողմից։ Ինչը, սակայն, չես կարող ասել իշխանությունների և նրանց սատարող մեդիահարթակի քարոզչական մանիպուլյացիաների մասին, որոնք այցին տվեցին «պատմական» ու «ֆենոմենալ» ձևակերպումները։

Կարելի է փաստել, որ Տուսկի հայաստանյան այցը ձախողված էր և, ըստ էության, ոչ մի բանով աչքի չընկնող, հակառակը՝ այն աչքի ընկավ ոչ սովորական այցերի բնորոշ միջադեպային հագեցվածությամբ։

ԵԽ նախագահի այցի շրջանակում կարծես անսպասելի ու տարօրինակ դեպքերի պակաս չունեինք։  Օրինակ, աննախադեպ էր այն, որ կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին զրկեցին հարցեր տալու իրավունքից՝ հավանաբար տհաճ ու անցանկալի հարցերից խուսափելու և ավելորդ դիսկոմֆորտի մեջ չընկնելու համար։ Կառավարությունն այս անգամ բավարարվել էր միայն ԶԼՄ-ների համար հայտարարությամբ, ի դեպ՝ չներկայացնելով որևէ պարզաբանում։ Հավելենք, որ այս դեպքի հետ կապված մամուլում տեղեկություններ կային, որ վարքագծի դրսևորման պատճառը եղել է այն, որ իշխանությունները տեղեկատվություն են ունեցել, թե որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ տհաճ հարցեր են պատրաստել. մասնավորաբար՝ ներհայաստանյան վերջին զարգացումների, քաղաքական հետապնդումների, մամուլի, ազատ խոսքի դեմ գործողությունների, Ռոբերտ Քոչարյանի կալանքի, դատարանների արգելափակման հետ կապված, և ըստ այդմ՝ ուղղակի որոշել են խուսափել դրանցից։ ՀՀ ժամանակակից պատմության մեջ նմանօրինակ դեպքեր դժվար է հիշել, երբ  միջազգային կարևոր հանդիպումների ժամանակ լրագրողական աշխատանքը բացահայտ խոչընդոտվում է՝ ոտնահարվելով ազատ մամուլի գործունությունը։

Նշենք մի շատ կարևոր հանգամանք ևս․ ցանկացած օտարազգի և, ընդհանրապես, կարևոր անձանց այցերի ժամանակ, ընդունված արարողակարգային ավանդույթ կա, որի ժամանակ պաշտոնական հյուրերը գրեթե միշտ այցելում են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Տուսկի դեպքում խախտվեց նաև այդ «օրինաչափությունը», քանի որ եվրոպացի պաշտոնյան չայցելեց համալիր և չհարգեց հայոց նահատակների հիշատակը։

Հատկանշական է, որ այցի ժամանակ տեղի ունեցավ մի միջադեպ, որն իշխանական լրատվամիջոցները հնարավոր բոլոր տարբերակներով շրջանցեցին, և փորձեցին այն ուղղակի «ցրել» հանրության ուշադրությունից, կամ դրա մեջ հերթական դավադրապաշտական ու խորքային արմատներ փնտրել։ Խոսքը Տուսկի երևանյան այցի ժամանակ տեղի ունեցած այն իրադարձության մասին է, երբ Հյուսիսային պողոտայում շրջայցի ընթացքում (Տուսկն ու Փաշինյանը Երևանում շրջայց կատարեցին)՝ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների կողմից անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ, Փաշինյանի հասցեին հնչեցին վիրավորական արտահայտություններ և մեղադրանքներ՝ Մարտի 1-ը կազմակերպելու համար, ինչին «ժողովրդական» վարչապետը ընդամենը հետևեց հայացքով և լռությամբ. այն, ինչ արեցին Քոչարյանի կողմնակիցները, դասական հակահարված էր Փաշինյանին թե՛ իր ընդդիմադիր «վախտվա» ձեռագրի, թե՛ հնչող բացականչումների տեսքով` Դոնալդ Տուսկի կենդանի ներկայությամբ (Փաշինյանը, հավանաբար, այդ վայրկյանին երանի տվեց իր ընդդիմադիր ժամանակները, երբ նման դեպքերում հրապարակավ կպախարակեր ցանկացածի)։ Ընդգծենք, որ այս միջադեպը մի յուրահատուկ միֆային ոչնչացման ակցիա էր հիշեցնում, երբ համաշխարհային թիվ մեկ դեմքերից մեկի մոտ պայթեց Փաշինյանի «սուպերժողովրդավարական ու գերհումանիստական» գործիչ լինելու փուչիկը։  Ստացվում է, որ իշխանափոխությունից հետո Տուսկի ներկայությամբ առաջին անգամ երևաց Փաշինյանի «մերկությունը»։

Կատարված իրադաձություններից կարելի է մի քանի առանցքային դիտարկումներ անել։ Գործող իշխանությունները, արդեն տևական ժամանակ է՝ իրենց համար թիվ մեկ ձեռքբերումը համարում են, իրենց բնորոշմամբ, 2018-ին իրականացրած «թավշյա հեղափոխությունը», որը փորձում են մատուցել միջազգային հանրությանը տարբեր «քաղաքական սոուսներով»։ Նրանք հնարավոր բոլոր հարթակներում ու միջազգային հանդիպումներում իրենց հռետորաբանությունը ձևակերպում են «հեղափոխության ֆենոմենալության» ու «աշխարհացունց» լինելու մասին բարձրագոչ հայտարարություններով, ինչը, բնականաբար, արդեն «ժամկետանց» թեմա է և, մեղմ ասած, այդքան էլ չի հետաքրքրում միջազգային հանրությանը։

Միանշանակ է այն, որ Փաշինյան վարչապետը չի կարողանում ընկալվել միջազգային հարթակներում՝ որպես լուրջ քաղաքական գործիչ, և իր յուրաքանչյուր հերթական հանդիպում վկայում է, որ, այնուամենայնիվ, իշխանության մեջ առկա է խնդիր՝ թե ներքին, թե արտաքին ուղղություններով։ Երկրի առջև ծառացած մարտահրավերները սպառնալից արագություն են ձեռք բերում, ընդ որում, բոլոր կարևորագույն ոլորտներում՝ արտաքին քաղաքական, ղարաբաղյան, հայաստանյան։ Ակնհայտ է, որ հայաստանյան զարգացումներում փոխշաղկապված են ներքին ու արտաքին գործոններով։

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս