Փաշինյանի ձախողման դեպքում շահելու են «Բարգավաճն» ու «Լուսավորը»

20-րդ դարի կարևոր քաղաքական տեխնոլոգիաներից մեկը, որը կարողանում է ուսումնասիրել և, ինչո՞ւ ոչ, ազդել հանրային կարծիքի վրա, սոցհարցումների ինստիտուտն է: Այս տեխնոլոգիան հիմնականում իրականացվում է հանրային կարծիքն իմանալու և հետագայում այն ցանկալի ուղղությամբ ուղղորդելու համար: Հայկական իրականության մեջ նույնպես հաճախ իրականացվում են տարբեր սոցհարցումներ, որոնք հաճախ են համապատասխանում իրականությանը: Սակայն կան միջազգային լուրջ հետազոտական կենտրոններ, որոնց ներկայացված թվական տվյալները գրեթե ամբողջական ներկայացնում են ընդհանուր քաղաքական պատկերը՝ կատարում են քաղաքական հայելու դեր:

Հուլիսի 9-ին հրապարակվեցին ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) սոցիոլոգիական հետազոտության արդյունքները մի շարք ոլորտներում անցկացված հետազոտությունների արդյունքներում բավականին հետաքրքիր պատկեր է ստացվել կուսակցությունների վարկանիշների մասով: Ի դեպ, նշենք, որ ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրությունն իրականացվել է այս տարվա մայիսի  6-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ընտրելու իրավունք ունեցող 1200 ՀՀ քաղաքացիների միջև, դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ Երևանում և մարզերում։

Ինչպես և սպասվում էր, հարցումների արդյունքում  առաջին հորիզոնականում «Իմ քայլն» էր, երկրորդ հորիզոնականում՝ ԲՀԿ-ն, երրորդ հորիզոնականում՝ ՀՀԿ-ն, իսկ «Լուսավոր Հայաստանը» միայն չորրորդն էր: Հավելենք, որ, ի տարբերություն նախորդ հարցման, բավականին նվազել են նաև իշխանությունների տոկոսային ցուցանիշները: Հարցումներից պարզ է դառնում, որ, չնայած վարչապետին վստահում է հարցվածների 72 տոկոսը, այդ վերջին ցուցանիշի համաձայն՝ իշխանությունների ռեյտինգն անկում է ապրել 12 կետով։

Այս հանգամանքը ներհայաստանյան իրականությունում բավականին աժիոտաժային մթնոլորտ էր ստեղծել: Այս փաստից հետո իշխանության ներկայացուցիչները շտապեցին ամեն կերպ այս վիճակի վերաբերյալ տալ որոշ պարզաբանումներ և մեկնաբանություններ և իրադրությունը փրկելու հոդաբաշխ փորձեր կատարել: Հարցումների հետ կապված բավականին հետաքրքիր ցայտնոտի մեջ էին «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները, որոնք նշում էին, որ ՀՀԿ-ն չի կարողանա նախկին կշիռն ունենալ:

Ակնհայտ է, որ տվյալները շոկային էին իշխանությունների համար, քանի որ նրանք, մեկ տարուց ավելի է, ամենատարբեր և հնարավոր տարբերակներով հայտարարում էին, որ մերժել են ՀՀԿ-ին, այնինչ միջազգային կազմակերպության սոցհարցման տվյալներից պարզվում է, որ հակառակը՝ ՀՀԿ-ի մոտ վարկանիշի բարձրացում է տեղի ունեցել, և ՀՀԿ-ն տվյալ հարցման տվյալներով՝ երրորդ արդյունք ունեցող քաղաքական միավորն է:

Քաղաքական ցայտնոտի մեջ  հայտնված «Լուսավոր Հայաստանը», նախորդ հարցումների արդյունքում երրորդն էր, և ակնհայտ է, որ ներկայումս զիջել է իր դիրքերը, սա նաև շատ տհաճ անակնկալ էր, հատկապես, եթե հաշվի առնենք, որ IRI-ը ամերիկյան կազմակերպություն է, իսկ ԼՀԿ-ն հանրային լայն ընկալման մոտ համարվում է արևմտյան արժեքները կրող ուժ:

Կարելի է փաստել, որ «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանի հետ շաղկապված ընդդիմություն է, կամ, այլ կերպ ասած՝ ընդդիմություն է աշխատում իշխանության համար. Այն իշխանության համար մի յուրատեսակ հաղորդակից անոթ է հանրության հետ կապ հաստատելու համար:

Պետք է փաստել, որ պատահական չէ, որ ՔՊ-ի և ԼՀԿ-ի վարկանիշներն ընկնում են զուգահեռ: Սա պայմանավորված է նաև ԼՀԿ-ի վերջին շրջանում ծավալած գործունեությամբ, քանի որ իր պահվածքով, մի քանի դետալային դրվագներ չհաշված, այն փաստացի իշխանության սատելիտն է դարձել: Այնպես որ, պատահական չէ, որ այդ երկու ուժերի վարկանշային անկումը տեղի է ունեցել սինքրոն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, IRI-ի սոցհարցումների տվյալները նաև ցույց են տալիս, որ ինչքան էլ պարադոքսալ է հնչում, Նիկոլ Փաշինյանի ձախողման մեջ ավելի շատ շահագրգիռ են և  շահելու են ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, քան՝ ՀՀԿ-ն: Նշվածի ապացույց կարող է հանդիսանալ կուսակցությունների վարկանիշի հետազոտման ժամանակ հետևյալ թեզը՝  «ո՞ր կուսակցությանը կտաք ձեր ձայնը, եթե ձեր նախընտրած կուսակցությունը չմասնակցի ընտրությանը», և այստեղ Փաշինյանի ընտրազանգվածն ընտրում է կամ ԲՀԿ, կամ ԼՀԿ, այսինքն՝ Փաշինյանի ձախողման դեպքում շահելու են վերոհիշյալ երկու ուժերը:  Այլ կերպ ասած՝ այս ուժերը շահագրգռված են քանդել Փաշինյանի ոտքի տակը:

 

Տեսանյութեր

Լրահոս