Փաշինյանի անձի երկվությունը կամ պատմական դեժավյու

Քաղաքականության մեջ կան իրարից տրամագծորեն տարբերվող իրավիճակներ, որոնց շրջանակներում արդյունավետ կարող է լինել քաղաքական առաջնորդի առանձին որակները: Թերևս, այս ամենից միակ պարզ, բայց միաժամանակ նշանակալի հետևությունն այն է, որ առաջնորդը փայլուն պետք է տիրապետի և ունենա լիդերի հավաքական կերպարը ամբողջացնող բոլոր որակները: Խարիզմատիկ առաջնորդը միշտ չէ, որ մասնագետների ներկայացրած «մեծ գործիչն» է, և այդ առաջնորդը բոլորովին էլ միայնակ հերոսը չէ։ Չնայած նրան շրջապատող զանգվածային ոգևորությունը, որը կարելի է համեմատել միայն կրոնական զգացումի հետ, այս երևույթը միանգամայն սոցիալական է, և խարիզմատիկ կարողության մասին լեգենդը պահպանելու համար, ինչպես այլ տիպի քաղաքական գործիչների դեպքում, անհրաժեշտ են շոշափելի ռեսուրսներ և որոշակի սոցիալական խմբերի և կառույցների անընդհատ ջանքերը և մշտական աշխատանքը։ Միանշանակ հայ ազգն այսօր կարիք ունի պետական գործիչների, իսկ քաղաքական գործիչների պակաս առօրյայում չկա: Որպես պետական մտածելակերպով գործիչներ՝ կարելի է առանձնացնել Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Ալեքսանդր Մյասնիկյանին, Աղասի Խանջյանին: Հատկապես այս չորս անհատներին, որովհետև տարբեր իրավիճակներում առանձնացել են իրենց ազգային հատկանիշներով՝ մոռանալով սեփական ամբիցիաների մասին. ի դեպ, նրանցից երկուսը մահացել են ոչ իրենց բնական մահով հենց այդ գաղափարներին և արժեհամակարգին դավանելու պատճառով:

Խոսելով գործող իշխանությունների մասին՝ դժվար է զուգահեռներ տալ նրանց և ՀՀ բոլոր ժամանակների ղեկավարների միջև, քանի որ, ի դեմս վարչապետի, հիմնականում իշխանական բուրգում հավաքված են անհատներ, ովքեր հեռու են հավաքական մտածելակերպ ունենալուց, նրանք բոլորը մտածում են հատվածական և զուտ իրավիճակային. ասվածի ակնհայտ օրինակ կարող է հանդիսանալ այն փաստը, որ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունը չունի «իզմեր»՝ այսինքն՝ գաղափարազուրկ է:

Իսկ ինչպես հայտնի է՝ ցանկացած քաղաքական ուժի հավաքական հիմքը գաղափարական առանցքն է: Այս թիմի անդամների կամքի ամենանվիրական ու միակ նվաճումը 2018-ի գարնանը տեղի ունեցած իշխանափոխությունն է:

Պատահական չէ, որ Փաշինյանի թիմի ուժային ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը իշխանափոխության երևույթը համարեց Արցախյան հերոսամարտից կարևոր ձեռքբերում:

Ի դեպ, նշենք, որ Միքայելյանն արտահայտել էր հենց այն իդեա ֆիքսը, որն առկա է իշխանական թիմում:

Երբ անդրադառնում ենք գործող համակարգի էժանագին տրյուկներին և քարոզչական մանիպուլյացիաներին, որոնք նրանց կողմից կիրառվել են տասնամյակներ ի վեր, պարզ է դառնում, որ թիմը կարողանում է միայն քաղաքական արհեստական շահարկումներ անել ու փնտրել մեղավորներ: Իրականում այնպիսի տպավորություն է, որ վարչապետ Փաշինյանը վերջին շրջանում տառապում է անձի երկվությամբ, և, որպեսզի չկորցնի իր, այսպես ասած, լրագրողական ստաժը, պարբերաբար իր թերթում խմբագրական հրապարակումներ է անում՝ տիրաժավորելով ներքաղաքական այս կամ այն զարգացման իր համար նախընտրելի սցենարները:

Այս դրվագը մի պատմական դեժավյու է հիշեցնում, երբ նման մեթոդով հանրությանն իր ասելիքն էր փորձում տեղ հասցնել Իոսիֆ Վիսարիոնովիչը՝ «Պրավդա»-ի խմբագրականում պարբերաբար հրապարակումներ ունենալով:

Վստահաբար կարող ենք ընդգծել, որ յուրաքանչյուր ազգի համար պետական գործիչը փրկությունն է, իսկ եթե այդ գործիչը հայտնվում է ճիշտ ժամանակին ու ճիշտ փուլում՝ պետության զարգացումն անխուսափելի է. ասվածի վառ օրինակ կարող են հանդիսանալ Շիմոն Պերեսն ու Բեն Գուրիոնը, Լի Կուան Յուն ու Սին Ցին Պինը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Հ.Գ. Պատահական չէ, որ գոյություն ունի մի պարզ ճշմարտություն. քաղաքական գործիչները մտածում են գալիք ընտրությունների մասին, իսկ պետական գործիչները՝ գալիք սերունդների:

Տեսանյութեր

Լրահոս