
«10 օր փորձել եմ կապ հաստատել նախորդ խորհրդարանում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ, սակայն չի հաջողվել». Հայկ Կոնջորյան

«Մենք ժառանգություն չենք ստացել, որովհետև ես երբ առաջին անգամ գնացել եմ ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին, ինձ որևէ մի պատգամավոր այդ 350 պատգամավորներից չի մոտեցել և ասել՝ բարև ձեզ, պարոն Կոնջորյան, ես էսինչ էսինչն եմ, էսինչ երկրից, ես նախկինում աշխատել եմ ձեր պատգամավորների հետ և պատրաստ եմ ձեզ հետ շարունակել իմ աշխատանքը»,- այսօր ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ԵԱՀԿ ԽՎ-ում ի՞նչ «վատ ժառանգության» մասին են խոսում իշխանության ներկայացուցիչները, և ինչո՞ւ «լավ ժառանգություն» չեն ստացել նախորդ պատվիրակության անդամ Արարատ Միրզոյանից:
Ըստ նրա՝ ինքը պատրաստվում է իր հաջորդին փոխանցել էլեկտրոնային կրիչ, որը կպարունակի ամբողջ տեղեկատվությունը, թե ով ով է ԵԱՀԿ ԽՎ-ում, և ում հետ ինչպես կարելի է աշխատել:
Հ.Կոնջորյանի խոսքով՝ Արարատ Միրզոյանը պատվիրակության կազմում եղել է 2017-2018թթ. շատ կարճ ժամանակ և մասնակցել է, հավանաբար, երկու նիստի, իսկ խոսքը տասնամյակների մասին է:
Մեր հարցին, թե ինչո՞ւ Կոնջորյանը՝ իր թիմակիցների օրինակով, չի դիմել նախորդ պատվիրակության ղեկավարին փորձի փոխանակման համար, պատգամավորը պատասխանեց, որ պատվիրակության ղեկավար նշանակվելուց հետո, հունվար-փետրվարին, մոտ 10 օր փորձել է կապ հաստատել նախորդ խորհրդարանում ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ, սակայն չի հաջողվել, կապ է հաստատել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի հետ, բայց վերջինս հորդորել է նախ խոսել պատվիրակության ղեկավարի հետ: Սակայն Բեքարյանի փոխանցած հեռախոսահամարով էլ չի հաջողվել կապ հաստատել Նաղդալյանի հետ:
«Ես իմ կողմից քայլ արել եմ, չեմ կարող ասել՝ ինչ պատճառների արդյունքում, բայց չի ստացվել: Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք բոլորի հետ աշխատել նաև ապագայում»,- ասաց Հ.Կոնջորյանը: