Բաժիններ՝

«Հանձնաժողովում այս պահի դրությամբ հայտ մուտքագրված չէ». ՀԾԿՀ մեկնաբանությունը՝ գազի հնարավոր թանկացման մասին

Այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ  իշխանությունները թաքց­նում են գազի գնի շուրջ ըն­թացող բանակցությունների մանրամասները, որովհետև դրանք բավական անբարեն­պաստ են հայկական կողմի համար:

Ըստ ԶԼՄ հրապարակումների՝  ռուսական կողմը մտադիր է 2020թ. հունվարի 1-ից գազի գինը սահմանել 200 դոլար՝ հազար խորա­նարդ մետր գազի համար:

168.am-ը այս տեղեկությունը ճշտեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց օրերս Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում  այդ թեմայով ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի դիտարկումը.

«Եթե լսել եք Գարեգին Բաղրամյանի ճեպազրույցը,  ինքն ասաց, որ դեռևս բանակցությունները չեն ավարտվել, և մինչև չավարտվեն, գազի գնի շուրջ խոսելն անիմաստ է:

Հանձնաժողովում այս պահի դրությամբ հայտ մուտքագրված չէ,  երբ ընկերությունը  հայտ մուտքագրի, այդ մասին հրապարակային կհայտարարենք  և մեր պաշտոնական ինտերնետային կայքում նույնպես կհրապարակենք, որպեսզի հնարավորություն ընձեռվի սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին և շահագրգիռ այլ կողմերին ծանոթանալու հայտին, ներկայացնելու իրենց առաջարկները  և ստանալու պարզաբանումներ»:

Հիշեցնենք՝ Կառավարությունում Գ. Բաղրամյանը մասնավորապես նշել էր. «Այս ամբողջի համատեքստում բանակցվում է, և վերջնական արդյունքի մասին նախօրոք կտեղեկացնենք»: Հարցին՝ ռուսական կողմը պատրաստակա՞մ է գնալ զիջումների ներքին սակագների հարցում, ՀԾԿՀ նախագահը դրական էր պատասխանել՝ «Այո»:

Հիշեցնենք նաև, որ 2019 թվականի հունվարի 1–ից սահմանին Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար գնով՝ նախկին 150-ի փոխարեն։ Իսկ բնակչության համար սակագինը նույնն է մնացել ընկերության ծախսերի կրճատման հաշվին։

 

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս