«Կանչում են ու ասում՝ ինձ մեկ բաժակ ջուր բեր». «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը՝ կարևոր ու ոչ կարևոր կանչերի ու խնդիրների մասին
«Հունվարից մինչև հունիսի 30-ը Երևանի շտապօգնության ծառայությունը կատարել է 130545 կանչ, որը, 2018թ. այս նույն ժամանակահատվածի հետ եթե համեմատենք, 7761 կանչով ավելի շատ է: Առավելագույն կանչերի թիվը գրանցվել է հունվար ամսին:
Ծառայությունը կատարել է 25585 կանչ: Կանչերի ամենաքիչ թիվը գրանցվել է հունիսին՝ 19838 կանչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա փոխանցմամբ՝ շտապօգնության կանչերը հիմնականում սիրտ-անոթային, սուր շնչառական հիվանդությունների հետ են կապված, ինչպես նաև՝ վնասվածքների:
«Սիրտ-անոթային հիվանդությունների կանչերը 2018թ. համեմատ նվազել են 5087-ով»,- նշեց բանախոսը:
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենի հաղորդմամբ՝ կանչերի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 28966 հիվանդ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 2692 կանչով:
Մանկական կանչերի թիվը 13697 է, հիվանդանոց է տեղափոխվել 5175 երեխա: Սա նախորդ տարվա հետ համեմատած՝ ավելի է 452 կանչով:
Երեխաների դեպքում հիվանդությունները հիմնականում սուր-շնչառական խնդիրների, ջերմության հետ են կապված:
Թագուհի Ստեփանյանը հայտնեց նաև, որ այսօր գծում աշխատում է 38 մեքենա, իսկ մեկ ամսից բրիգադները կավելանան, ու նրանց թիվը կդառնա 53:
Ինչ վերաբերում է արագ դեպքի վայր հասնելուն՝ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը նշեց, որ չափորոշիչով հիվանդին հասնելը 3-15 րոպե է, հիվանդի տանը մնալը՝ 20-30 րոպե, և այդ ընթացքում որոշում են՝ տեղափոխե՞լ հիվանդին հիվանդանոց, թե՞ ոչ:
«Եթե մեր բնակչությունը հասկանա, որ շտապօգնությունը պետք է քաղաքացուն սպասարկի միայն անհետաձգելի դեպքերում, մեր աշխատանքն այդքան ծանր չի լինի: Շտապօգնության ծառայությունն անհրաժեշտ է այն մարդկանց, որոնց կյանքին վտանգ է սպառնում: Հիվանդները, ովքեր որ կարող են դիմել իրենց պոլիկլինիկա, ընտանեկան բժշկին, դեղորայքը դեղատներից ձեռք բերել ու ժամանակին խմել ճնշման դեղերը, կարող են նպաստել, որ կանչերի թիվը նվազի: Այսօր մենք չունենք կանչի մերժման տարբերակ, չգնալ չենք կարող, քանի որ լուրջ խնդիրներ են առաջանում, բողոքներն են ավելանում, թեժ գծերի զանգերը: Բայց սրան մի ելք պետք է լինի: Հիմա մի քիչ ԱԻՆ-ը մեր հոգսը թեթևացրել է, բայց լինում է՝ կանչում են՝ ասելով, թե՝ ինձ մեկ բաժակ ջուր բեր, լույսը փոխի, որովհետև ոնց որ վառվել է, և այլն»,- նկատեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենը:
Անի Կարապետյան