«Գազալցակայաններում 6-7 անգամ հսկիչ գործողություններ կատարելու համար պետք է ունենանք համապատասխան միջոցներ». Դավիթ Անանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Գազալցակայաններում նախկինում իրենց կատարած տնտեսական գործունեությանն առնչվող հարկային քննվող դեպքերը շարունակվում են, ամփոփվել են, և անձանց հետ դատական վեճեր կան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ, եթե գազալցակայանները ՀԴՄ կտրոն չեն տպում, ապա օրվա ընթացքում կարող են գնալ և նրանց 6-7 անգամ տուգանել։
Նրա խոսքով՝ ՀԴՄ կտրոնների հետ կապված գործընթացը պատկանում է ընթացիկ գործողությունների շարքին, որը ՊԵԿ-ն իրականացնում է նաև այսօր։
ՊԵԿ նախագահը նաև վստահեցրեց, որ դեռ դեպք չի եղել, որ գազալցակայանին օրվա ընթացքում 6-7 անգամ տուգանեն, քանի որ տեխնիկապես այս գործընթացն իրականություն դարձնելն այդքան էլ իրատեսական չէ, որովհետև 6-7 անգամ հսկիչ գործողություններ կատարելու համար պետք է ունենան համապատասխան միջոցներ։ Սակայն եղել են դեպքեր, երբ օրվա ընթացքում 2-3 անգամ իրականացրել են հսկիչ գործողություններ։
«Գազալցակայանների ոլորտն այն ոլորտն է, որտեղ վարչարարության կամ ՀԴՄ կտրոն տրամադրելու տեսանկյունից շատ անելիքներ ունենք»,- շեշտեց Դավիթ Անանյանը։
Զվարթ Խաչատրյան