Հայ-իրանական ծրագրերը՝ հին խնդիրների ազդեցության վտանգի տակ․ ե՞րբ կիրացվի հարաբերությունների ողջ ներուժը
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանների կողմից ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի վավերացումից հետո առաջին անգամ՝ նախորդ շաբաթ Թեհրանում կայացավ Հայաստան-Իրան միջկառավարական 16-րդ նիստը, որը նախագահեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հարցը, անդրադարձել են էներգետիկայի, բնապահպանության, տրանսպորտի, ֆինանսական, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավորություններին: Իսկ նիստի ավարտին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 16-րդ նիստի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Հայաստանի փոխվարչապետը միջկառավարական նիստից առաջ ու հետո ևս հանդիպումներ է ունեցել։ Մինչ նիստի մեկնարկը նա հանդիպել է Իրանի Էներգետիկայի նախարարի հետ, ում հետ քննարկել է էներգետիկայի ոլորտում երկու հարևան երկրների միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման հնարավորությունները:
Առավել ուշագրավ շեշտադրումներով տեղեկատվություն տարածվեց նիստից հետո կայացած ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումից հետո։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է, որ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերություններն ու համագործակցությունը պետք է զարգանան տնտեսական, քաղաքական ու միջազգային ոլորտներում: Թեհրանը նպատակադրված է խորացնել հարաբերությունները Երևանի հետ: «Մենք կարող ենք ավելի արագ իրականացնել էլեկտրաէներգիայի, էներգետիկ ռեսուրսների ու տրանսպորտի ոլորտներում մեր համատեղ ծրագրերը»,- նշել է ԻԻՀ նախագահը։ Իրանական ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ Հասան Ռուհանին ընդգծել է Արաքս գետի կարևորության փաստը երկու հարևան երկրների համար` ասելով. «Նկատի ունենալով այն փաստը, որ Իրանի բնակչության մի զգալի մասն Արաքսի ջրերն օգտագործում է՝ որպես խմելու ջրի ու ոռոգման աղբյուր, գետի կենսականությունն անչափ կարևոր է»:
ԻԻՀ նախագահը խոսել է նաև Պարսից ծոցն ու Օմանի ծոցը Սև ծովին կապելու ծրագրերի մասին՝ նշելով, որ այս ծրագիրն իրականացնելու ուղիներից մեկն այն Իրանի, Հայաստանի ու Վրաստանի միջոցով իրագործելն է: ԻԻՀ նախագահի ուշադրությունից չի վրիպել նաև ԻԻՀ-Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հարցը, ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը նա անվանել է լավ հնարավորություն Իրանի համար։ Ռուհանին նշել է, որ Իրանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները եվրասիական երկրների հետ։ ԻԻՀ նախագահի խոսքն ամբողջությամբ արտահայտում է այն բովանդակությունն ու ծրագրերը, որոնք իրանական կողմն ունի Հայաստանի հետ հարաբերություններում։
Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ ԻԻՀ-ի և ՀՀ-ի շուրջ տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է ներկայումս ստեղծվել, որ այս հարաբերությունների պահպանումը կողմերը կարևորում են՝ ինչպես երբևէ։ «Բավարար է միայն նշել Իրան-ԱՄՆ լարումը, ինչպես նաև՝ ԼՂ հակամարտության չկարգավորվածության հարցը։ Իհարկե, տարածաշրջանում խնդիրները սրանցով չեն սահմանափակվում, խնդրահարույց հարցերը շատ են, շահերը՝ ևս, ուստի գիտակցումը, որ հայ-իրանական հարաբերությունների պահպանումը, գոնե ներկայիս տեսքով, առանց վատթարացման, նույնիսկ՝ խորացման, կարևոր է թե Իրանի, թե Հայաստանի համար»,- ասաց Բարզեգարը։
Նրա կարծիքով, այս փուլում կարևոր է, որպեսզի կողմերը չփոխեն իրենց ունեցած ավանդական դիրքորոշումներն այս խնդիրների ուղղությամբ, որոնք էլ, ըստ էության, ունեցել են գերակա, թելադրող դիրքեր հարաբերությունների ողջ սպեկտրի համատեքստում, այսինքն՝ հայ-իրանական քաղաքական հարաբերությունները մշտապես եղել են լավ մակարդակի վրա, անկախ աշխարհաքաղաքական ցնցումներից և Իրանի շուրջ ոչ նպաստավոր իրավիճակից։
«Վերջին տարիների դրական առաջընթացը, որը սկսվեց Միջուկային գործարքից հետո, հայ-իրանական ներուժի առավել ակտիվ դիտարկումն էր կողմերի կողմից, քանի որ այդ գործարքն ընկալվեց որպես հնարավորություն՝ վերանայել հարաբերությունները՝ վերջ դնելով կարծիքներին, որ այս հարաբերություններում կա մեծ չիրացված ներուժ։ Կարծում եմ՝ ներկայումս այդ ներուժը բացահայտելու համար կան բոլոր անհրաժեշտ նախագծերը, կա անհրաժեշտ բովանդակությունը, կա գիտակցում, կա հետաքրքրվածություն, բայց պահպանվել են արտաքին քաղաքական սահմանափակող գործոնները։ Իրանական կողմը հասկանում է, և դա արտահայտված է նախագահի խոսքում, որ ծրագրերը պետք է կյանքի կոչել արագ, քանի որ շատ ծրագրեր եղել են մեր երկրների օրակարգում, սակայն քննարկումներից և խոսակցություններից առաջ չեն անցել այդ գործոնների ազդեցության ներքո։ Թեև աշխարհաքաղաքական իրավիճակն այս փուլում այդքան էլ նպաստավոր չէ, Իրանում հասկանում են, որ պետք է խորանա համագործակցությունը հարևանների և այն երկրների հետ, որոնց հետ հնարավոր է, խոսքը նաև ԵԱՏՄ երկրների մասին է։ Կա նաև գիտակցումը, որ ներկայիս պատժամիջոցներն ունենալու են իրենց հետևանքները, և դրական կլինի, որ այդ ազդեցությունը նվազեցնելուն ուղղված քննարկումները շարունակվեն։ Վստահաբար, այդ հարցը քննարկվել է նիստի ընթացքում՝ ի թիվս հայ-իրանական օրակարգային այլ հարցերի»,- ասաց Բարզեգարը։ Նրա խոսքով՝ այդքան հեշտ իրագործելի չեն այն ծրագրերը, որոնք դրվել են հարաբերությունների հիմքում՝ այսօր պատժամիջոցների առկայության և ընդլայնման վտանգի, տարածաշրջանի նկատմամբ աճող ԱՄՆ ճնշումների պայմաններում։ «Այսինքն՝ այդ ներուժի իրացման խնդիրը, կարծում եմ, որ դեռ ունենալու ենք, բայց կարևոր է, որ պահպանենք հարաբերությունների քաղաքական մակարդակը՝ փորձելով իրականացնել էներգետիկ, տնտեսական, առևտրային, ենթակառուցվածքային այն ծրագրերը, որոնք համադրելի կլինեն աշխարհաքաղաքական իրավիճակին»,- ասաց նա։
Իրանցի վերլուծաբանն այն կարծիքին է, որ կողմերի ակնկալիքների հույսերը՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ, իրատեսական են։ «Թեև կառույցը նոր է ձևավորվում, ոչ բոլոր անդամների կարծիքով է այն արդյունավետ գործում, այնուամենայնիվ կակտիվացնի թե՛ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները, շարժը, թե՛ դեպի ԵԱՏՄ երկրներ, և սա լավ հնարավորություն է Իրանի համար, հաջող տարածաշրջանային դերակատարություն Հայաստանի Հանրապետության համար՝ լի նաև տնտեսական օգուտներով»,- ասաց Բարզեգարը։
Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում անդրադառնալով ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը՝ ասաց, որ այդ գոտու արդյունավետությունը կախված է թե՛ այն բանից՝ ինչպես կհամագործակցեն Իրանն ու Հայաստանն այդ հարցում, այնպես էլ՝ ԵԱՏՄ անդամ երկրներից և ԵԱՏՄ-ում գործող կանոններից։
«Կարծում եմ՝ Իրանի տնտեսության համար սա կարող է հնարավորություն դառնալ՝ ակտիվացնել տնտեսությունը դրսից, քանի որ պատժամիջոցները, կարծում եմ, էապես խոչընդոտում են Իրանին զարգացնել արտաքին առևտրատնտեսական կապերը։ Պատժամիջոցների պայմաններում այս նախաձեռնության ազդեցությունը չի լինի այն, ինչ կարող էր լինել։ Հայաստանի համար կարևոր է իր հարևան երկրի գործակցությունն Իրանի հետ, առավել ևս, երբ Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵԱՏՄ-ի հետ»,- ասաց վերլուծաբանը։ Խոսելով հայ-իրանական հարաբերություններից՝ Լուկիանովն ասաց, որ Իրանի հետ առևտրատնտեսական, էներգետիկ բնույթի հարաբերությունները դեռ մնալու են մեծապես չիրացված։ Եվ, քանի որ պատժամիջոցները հարվածում են Իրանի ողջ տնտեսությանը, արտաքին գործընկերներին, և գործընկերները՝ անկախ քաղաքական նպատակահարմարությունից, կաշկանդված են պատժամիջոցների չենթարկվելու վտանգի պատճառով։ «Ուստի, կարծում եմ, որ հարաբերություններում ներուժի լիարժեք իրացվածության խնդիր դեռ Հայաստանն ու Իրանն ունենալու են»,- ասաց նա։