«2018 թ.-ի փետրվարին մենք պետք է վավերացնեինք, սակայն ՀՀԿ-ն միտումնավոր քվորում չապահովեց, որպեսզի այն չվավերացվի». Մարգարիտ Եսայանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին
Ի սկզբանե ներքաղաքական կյանքը Հայաստանում աղավաղվեց, դուրս եկավ քաղաքական գործընթացների տրամաբանությունից: Լրագրողների հետ հանդիպմանը ներքաղաքական իրադարձությունները մեկ տարի անց այսպես գնահատեց ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Անունը դրեցին՝ ժողովրդի իշխանություն, բայց իրականում այլ աշխարհաքաղաքական հանձնարարականներ իրականություն դարձան»,- ասաց նա:
Ըստ նախկին պատգամավորի՝ դրանք պատահական քայլեր չեն և տանում են ապակայունացման. «Որպեսզի ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ իշխանությունը հայտարարի, որ չի կարողանում համարժեք տիրապետել իրավիճակին, և դրա պատճառով այս-յս բաները եղան. Աստված մի արասցե՝ գուցե սահմանին լայնածավալ գործողություն սկսվեց, քաղաքացիական բռնկում տեղի ունեցավ՝ ասենք՝ Քոչարյանի և ներկա իշխանության կողմնակիցների միջև ….»:
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը Մարգարիտ Եսայանի «հանձնարարական» բառը մեկնաբանեց՝ որպես համապատասխանեցում. «ՀՀ-ն մտնում է աշխարհաքաղաքական նոր գործընթացի մեջ: Մի առումով շատ լավ է, որ ժամանակին համընթաց պետություն ենք դարձնում մեր պետությունը, չենք կարող կղզիանալ, ուրեմն պետք է լինենք այդ գլոբալ աշխարհի հետ ինտեգրված»:
Մ. Եսայանը հակադարձեց. «Դուք Սովետի դեմ պայքարած մարդ եք, ո՞նց կարող եք ասել, որ այս թավիշը մեզ ինտեգրում է համաշխարհային գործընթացներին, ես վստահ եմ, որ դուք դեմ եք այս թավշյա ինտեգրմանը, որ կքայքայի հայ ավանդական ընտանիքը, հայ եկեղեցին….»:
Ազատ Արշակյանը նկատեց, որ այդ արժեքներն անձեռնմխելի են, ապա անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ շարունակեց. «Պետք է մաքրել նախկին իշխանության այն տարրերը, որոնք խոչընդոտում են ներկայիս քաղաքականությանը։ Օրինակ, բոլոր այն իշխանավորները, որոնք որևէ ձևով արդարացրել են 800 հա-ի կորուստը, բոլորը պետք է հեռացվեն»:
«Իսկ այն քաղաքական ուժը, այն իշխանությունը, որը հաղթել է ապրիլյան պատերազմը, կանգնեցրել է Ադրբեջանի լայնածավալ հարձակումը, այդ ուժերին ի՞նչ անենք»,- հակադարձեց ՀՀԿ-ական նախկին պատգամավորը:
«Էն շուբաներ հագած տոտաները, որ գնում լուսանկարվում էին դիրքերում, նրանց մասի՞ն էիք ասում»,- հարցրեց Ազատ Արշակյանը:
Վերջինին հակադարձելով՝ Մարգարիտ Եսայանն ասաց. «Այսօրվա շուբաներ հագած տոտաներին չե՞ք տեսնում, այսօրվա մերկ պարանոցներին չե՞ք տեսնում: Այդ շուբաներով տոտաներն ավելի անվտանգ էին, քան այսօրվա ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները»:
168.am-ի խնդրանքով բանախոսներն առավել մանրամասն ներկայացրին իրենց մոտեցումները նաև Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ:
«Երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, այնտեղ որոշակի պարտավորվածություններ կային, այդ թվում՝ այս կոնվենցիան: Ամեն ինչ արել ենք այս կոնվենցիայի վավերացումը հետ գցելու համար… Ստորագրումը չի նշանակում, որ կոնվենցիան մտած է ուժի մեջ: Ի դեպ, 2018 թ. փետրվարին մենք պետք է վավերացնեինք, մեր խմբակցությունը միտումնավոր քվորում չի ապահովել, որպեսզի այն չվավերացվի:
Հիմա այսօրվա իշխանությունը, այդ հրապարակում կանգնածները, որ «դըմփ-դըմփ-հու» էին բղավում, «Մերժիր Սերժին», երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ժողովրդի ուժով է եկել իշխանության, խաբում է ժողովրդին. նա եկել է ԼԳԲՏ-ների, տարբեր կրոնական համայնքների դաբրոյով, գերտերությունների հանձնարարականներով։ Այս հանձնարարականներից մեկն էլ Ստամբուլյան կոնվենցիան է, և ինքն ամեն ինչ անելու է, որ այն վավերացվի:
Աշխարհի շատ երկրներ, որոնք այս կոնվենցիան չեն վավերացրել, ֆինանսավորում են ապահովում հայաստանյան հասարակական կազմակերպություններին՝ բռնությունների դեմ պայքարելու համար՝այն դեպքում, երբ, ՄԱԿ-ի տվյալներով, այդ երկրներում բռնության դեպքերի քանակն ավելի շատ է, քան ՀՀ-ում»,- ասաց Եսայանը:
Ազատ Արշակյանը նշեց, որ կողմ է բռնության կանխարգելմանը. «Եվրոպական մի քանի պետություններ` մոտ 35 պետություն, քրեականացրել են երեխային ապտակելը ծնողի կողմից, քանի որ Եվրոպայում եկել են այն եզրակացության, որ երեխային հնարավոր է դաստիարակել առանց ապտակի»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան