«Եթե լիճն ամբողջությամբ ծաղկի, ապա այդ ամենը կազդի ձկների և խեցգետնի վրա». Բարդուխ Գաբրիելյան

«Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ծաղկումը, ըստ ճահճացման և ջրի որակի՝  հանդիսանում է ինդիկատոր, և այդ ջրիմուռների ծաղկումը պայմանավորված է կենսածին տարրերով, այսինքն՝ օրգանական նյութի ավելացմամբ, ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ և այլն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց
ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Սևանա լճի ծաղմանը և դրա ազդեցությանը ձկնապաշարի վրա։

Ըստ Բ. Գաբրիելյանի՝ այս ամենն ազդում է ոչ միայն՝ ամբողջ էկոհամակարգի, այլև՝ կենդանական աշխարհի վրա, քանի որ դրանցից շատերն արտադրում են տոքսիկ՝ թունավոր նյութեր։

«Այստեղ հարցն այն է, թե ինչ մասշտաբով է այդ ամենը տեղի ունենում, քանի որ ձկները՝ ի տարբերություն մարդկանց, ավելի խելոք են և ջուր չեն խմում  խիտ ծաղկման տեղերից։ Ծաղկումն ընդհանրապես վերին շերտում է լինում, ձկներն իջնելով լճի խորքերը՝ խուսափում են այդ ջրից։ Այլ հարց է, որ այս ամենը կարող է ազդել մարդկանց վրա՝ առաջացնելով ինչ-որ ալերգիկ երևույթներ, նույնիսկ թունավորումներ»,- նշեց Բարդուխ Գաբրիելյանը։

Նրա խոսքով, եթե այսպես շարունակվի, և լիճն ամբողջությամբ ծաղկի,  թթվածնի պակաս լինի, տոքսիկ նյութերի քանակն ավելանա, ապա այդ ամենը կազդի ձկների վրա, նաև խեցգետնի վրա։

«Մենք ունենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, առաջարկում եմ անալիզ անել և ստույգ ասել, թե այս պայմաններում լճից ձկնամթերքի օգտագործումն ինչպես կարող է ազդել օրգանիզմի վրա։ Կարծում եմ՝ եթե ձկները խուսափում են ծաղկած տեղերից ջուր խմելուց, ապա դժվար թե ձկները թունավոր լինեն»,- եզրափակեց Բ. Գաբրելյանը։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից էլ տեղեկացրեցին, որ որևէ ահազանգ կամ բողոք չեն ստացել այն մասին, որ լճի ձկնամթերքի օգտագործումից որևէ մեկն առողջական խնդիրներ է ունեցել։

Նշենք, որ Առողջապահության նախարարությունն այս կապակցությամբ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ  իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում իրազեկում համապատասխան գերատեսչություններին և բնակչությանը դրա փոփոխությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին «Էկոլուրը» Սևանա լճից արբանյակային լուսանկար էր հրապարակել և տեղեկացրել, որ լիճը մասշտաբային ծաղկել է: Դրանով բնապահպանները կրկին ահազանգ էին հնչեցրել՝  նշելով, որ լճի վիճակը նախկին տարիներին արված լրացուցիչ ջրբացթողումների և լճի մակարդակի նվազման հետևանք է:

Հիշեցնենք նաև, որ հուլիսի 5-ին  տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Սևանա լճից ջուր խմելուց հետո Մարտունու ափամերձ տարածքում անասունները սատկել են: Այս լուրը համացանցում հայտնվելուց հետո Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշել էր, որ կովերը սատկել են ոչ թե Սևանա լճի ջրից, այլ նախնական վարկածով՝ կերել են առվույտ տեսակի խոտ, որից հետո շատ ջուր են խմել, ուռչել ու սատկել են։

Այս դեպքերից հետո համացանցում շատ  օգտատերեր տեղադրեցին Սևանից լուսանկարներ, որի ափամերձ տարածքներն ամբողջությամբ պատված են ջրիմուռներով, իսկ ջուրը կապտականաչավույն գույնի է:

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս