Բաժիններ՝

Մետաղական աղբով լցված  բեռնատարները՝ ՊԵԿ-ի մուտքի մոտ

Վաղ առավոտյան մետաղի ջարդոնով բեռնված երկու ավտոմեքենա փակել են Պետեկամուտների կոմիտեի մուտքը։

Նրանց խոսքով՝ հիմա իրենցից մետաղի ջարդոն չեն ընդունում, չեն թողնում դուրս արտահանել:

Ասում են՝ թափոնները հավաքում, տանում-հանձնում էինք, հիմա դրանք այլևս չեն ընդունում:

Նրանց ընդունեց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«Խումբ ձևավորեցին, եկան քննարկեցին հարցը բավականին երկար, բարձրացված խնդիրներն ուսումնասիրվում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:

Հիշեցնենք` հունիսի 20-ին, մետաղական թափոնների արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերության ներկայացուցիչներ մետաղյա ջարդոններով բեռնված բեռնատարներով բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության մոտ: Նրանք բողոքում էին պետտուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծից, որով մետաղական ջարդոնի արտահանման համար պետտուրք է սահմանվում։

Նշենք, որ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթում ներառված «Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագծով մետաղի թափոնների արտահանման համար պետտուրք սահմանելու օրենքի նախագիծը դեռ Ազգային ժողովի կողմից չի հաստատվել:

Ավելի վաղ՝ մայիսի 28-ի կառավարության նիստին  Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել էր, որ հայկական օրենսդրության գործող կարգավորումներով սողանցք է թողնված, որը թույլ է տալիս տեղական «արտադրության» ջարդոնն արտահանել, ինչը վտանգավոր է երկրի տնտեսության համար։

«ՀՀ կառավարության կողմից գործուն քայլեր են ձեռնարկվում երկրորդային հումքը տեղում վերամշակելու և տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռելու՝ զարգացնել սեփական արտադրությունները՝ օգտագործելով սև և գունավոր  մետաղների ջարդոնը և թափոնը: Մասնավորապես, ներկայումս Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Նշված ոլորտի ընկերություններում, ընդհանուր առմամբ, աշխատում է շուրջ 1200 մարդ, և մետաղամշակման համար անհրաժեշտ տեղական երկրորդային հումքի բացակայության պարագայում` վերջիններս ստիպված կլինեն ամբողջությամբ կամ մասնակի դադարեցնել իրենց արտադրական գործունեությունը»,- ասել էր Խաչատրյանը:

Առաջարկվող փոփոխությունները տեղական արդյունաբերական ընկերություններին հնարավորություն կտան տեղում առաջացած մետաղի ջարդոնն օգտագործել  որպես հումք` ապահովելով իրենց կողմից արտադրվող վերջնական արտադրանքի համար մրցակցային գներ:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն էլ նշել էր, որ ժամանակին մետաղի ջարդոնի զանգվածային արտահանումը կոտրեց Հայաստանի արդյունաբերության ողնաշարը:

Անի Կարապետյան

Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս