«ՍԴ-ն պիտի դիտարկի՝ արդյոք այդ միջազգային պայմանագիրը համապատասխանո՞ւմ է մեր Սահմանադրությանը, թե՞ ոչ». Արամ Վարդևանյան

Ցանկացած միջազգային պայմանագիր մինչև վավերացումը պարտադիր պետք է անցնի Սահմանադրական դատարանով: Այս մասին տեղեկացրեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով 168.amի այն հարցին, թե որքանով է Ստամբուլյան կոնվենցիան հակասում ՀՀ Սահմանադրությանը՝ հաշվի առնելով թեմային առնչվող իրարամերժ գնահատականները:

«Այսինքն, Սահմանադրական դատարանը պիտի դիտարկի՝ արդյոք այդ միջազգային պայմանագիրը համապատասխանո՞ւմ է մեր Սահմանադրությանը թե՞ ոչ»,- հավելեց նա:

168.amարդեն տեղեկացրել էր, որ Հայաստանի իշխանությունները և Եվրոպայի խորհուրդը հուլիսի 3-ից սկսել են «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ շարունակվող աշխատանքը» ծրագրի մեկնարկը։

Սահմանադրագետը նշեց սակայն, որ դեռևս ծանոթ չէ Ստամբուլյան կոնվենցիային՝ լիարժեք գնահատականների համար, բայց կարևորեց մի շարք մասնագետների արդեն հնչեցրած կարծիքները: Մասնավորապես խոսելով սույն խնդրի շուրջ իրավաբանական գիտությունների դոկտոր  Գևորգ Դանիելյանի դիտարկումների մասին՝ Ա. Վարդևանյանը նկատեց, որ հեղինակավոր մասնագետի մտահոգությունները պետք է հաշվի առնել:

 

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանն իր դիրքորոշումն էր հայտնել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով.

«Հրապարակավ հնչեցնում եմ իմ դիրքորոշումը. այսպես կոչված, Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (ընդ որում, ոչ միայն ընտանիք կազմելու իրավունքի համատեքստում, կան ավելի զորեղ փաստարկներ):

Մեղմ ասած, չեմ կիսում այդ կոնվենցիայի առնչությամբ գործադիր իշխանության որոշ ներկայացուցիչների ոգևորությունը: Իրավունքի գիտության բարձր նվաճում եմ համարում Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումը, որով այդ կոնվենցիան ճանաչվել է հակասահմանադրական …»:

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս