«Ստամբուլյան կոնվենցիան որևէ պարտավորություն, կոնցեպտ չի առաջարկում երկրներին՝ ո՛չ ընտանիքի, ո՛չ սեռի, ո՛չ ամուսնության հետ կապված, այսինքն՝ սա բացառապես որոշվում է տվյալ երկրի Օրենսդրությամբ,  Սահմանադրությամբ».  Զարուհի Բաթոյան

Եվրախորհուրդն ու ՀՀ իշխանությունները համատեղ հայտարարեցին «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը Հայաստանում. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ շարունակվող աշխատանքը» ծրագրի մեկնարկի մասին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը, ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում Մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը և այլք:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, առաջնահերթություն է համարում ընտանեկան բռնության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը և կանանց հզորացումը: Այս ուղղությամբ մենք ոչ միայն բարի ցանկություններ և նպատակներ պետք է հայտնենք և պարզապես կոչեր հնչեցնենք, այլ նաև գործուն քայլեր իրականացնենք»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ Ընտանեկան բռնության մասին օրենքն ավելի քան մեկ տարի առաջ է ընդունվել, բայց մենք միայն այս տարի ենք մի քանի որոշում կայացրել, որոնք պետք է ապահովեն այդ օրենքի իրացման մեխանիզմները:

Ըստ նրա՝ վերջինս ցույց է տալիս, որ այս ուղղությամբ քայլերը նախկինում դժվարությամբ են ընթացել առաջ, արհեստական խոչընդոտներ են եղել, սակայն հիմա իրավիճակ է փոխվել՝ կառավարությունը, ԱԺ պատգամավորները,  հ/կ-ները շատ լավ համագործակցում են, կարևորում են խնդրի լուծումը.  «Չի կարող մեր բարեկամի ընտանիքում բռնությունը չհուզել մեզ, չի կարող որևէ անձի՝ հատկապես կանանց և երեխաներին ուղղված բռնությունը, սահմանափակումը չհուզել մեզ: Եվ այս առումով ևս ունենք անելիքներ, որպեսզի արագ արձագանքենք, լինենք մասնակից ընտանիքի, կանանց, երեխաների պաշտպանության և նրանց դերի բարձրացման գործում»:

ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանն էլ ամփոփեց 2018 թ. հունիսի 30-ից ուժի մեջ մտած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ոստիկանության գործառույթների  կիրարկման արդյունքները. «Մեկ տարվա ընթացքում արդեն իսկ հաշվառվել է շուրջ 1009 բռնարար, մենք ունենք արդեն նման թիվ, որոնցից 100-ից ավելին կանայք են: Տվյալ անձանց հետ ոստիկանության աշխատակիցներն իրականացնում են համապաստախան աշխատանքներ»:

Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ տարբեր գնահատականներին անդրադարձավ ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը. «Խնդիրն այն է, որ կոնվենցիայի շուրջ կան տարբեր կարծիքներ, և ես կարծում եմ, որ այս ծրագրի շրջանակում կստեղծվի այն ֆորումը, որը լայն քննարկումների հնարավորություն կընձեռի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ի դեպ, այդ տարբեր կարծիքներից մեկն օրերս բարձրաձայնել էր նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ

Մոտ ապագայում նախատեսվում է 11.05.2011թ․ Ստամբուլ քաղաքում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի կոնվենցիայի վավերացման հարցի քննարկումը:

Նախ պետք է նշեմ, որ ԴԵՄ ԵՄ կանանց նկատմամբ որևէ տեսակի բռնությանը:

Այս հարթակի, իսկ ապագայում՝ նաև քննարկումների կամ այլ ձևաչափի միջոցով կներկայացնեմ Ստամբուլյան կոնվենցիայում պարունակվող խնդիրները (ռիսկերը):

Ինչպես գիտեք, Եվրոպայի միության անդամ հանդիսացող Բուլղարիայի Սահմանադրական դատարանը 27.07.2018թ. որոշել է, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է Բուլղարիայի Սահմանադրությանը (27.07.2018թ. N 13 (3/2018)):

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԳՏԵԼ Է, ՈՐ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՏՂԱՄԱՐԴ ԵՎ ԿԻՆ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՍԵՌԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐ ՍԵՌ է ՍԱՀՄԱՆՈՒՄ:

Բուլղարիայի ՍԴ-ն, ի թիվս այլ փաստարկների, նշել է՝ «Չնայած նրանում /կոնվենցիայում/ կոնկրետ չի շոշափվում տրանսգենդերների իրավունքները, Կոնվենցիան հանդիսանում է նաև Բուլղարիայի Հանրապետության կողմից ստորագրված առաջին միջազգային պայմանագիրը, որն ուղղակիորեն ներառում է «գենդերային ինքնությունը»՝ հոդված 4, մաս 3՝ որպես հակախտրականության հիմք: Պետք է ընդգծել, որ «գենդերային ինքնություն» («gender identity»/«l’identité de genre»)) տերմինը չի վերաբերում սեռին՝ որպես կենսաբանական կատեգորիա, այլ սեռին («gender»), այն իմաստով, որում մարմնացած է, այսպես կոչված, կոնվենցիայի 3-րդ հոդվածի «գ» կետում նշված սահմանումը:

Կոնվենցիան չի սահմանում գենդերային ինքնությունը («գենդերային ինքնություն» / «l’identité de genre»): Կոնվենցիայի բացատրական զեկույցը (§ 53) սահմանում է «գենդերային ինքնությունը» հետևյալ կերպ. «Անձանց որոշ խմբեր կարող են նաև իրենց գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկվել, ինչը, պարզ ասած, նշանակում է, որ սեռը, որով նրանք նույնականանում են, չի համապատասխանում նրանց ծննդաբերության ժամանակ ստացած սեռին: Սա ներառում է մարդկանց որոշակի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերներ, տրանսվեստիտներ և այլ մարդկանց խմբերը, որոնք չեն արձագանքում նրան, որ հասարակությունը սահմանել է՝ որպես «տղամարդկանց» կամ «կանանց» կատեգորիային պատկանող»:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2010 թ. սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա խտրականության դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ թիվ CM / Rec (2010) 5 հանձնարարականը, 2014 թվականին Եվրոպայի խորհրդի կողմից սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հարցերի վերաբերյալ կառույց ստեղծելու փաստը, 2015 թ. ապրիլին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից Եվրոպայում տրանսգենդեր մարդկանց դեմ խտրականության դեմ բանաձևը (բանաձև 2048 (2015))՝ վկայակոչելով Բուլղարիայի սահմանադրական դատարանը, ՆՇԵԼ Է՝ «վերոնշյալը հստակ ցույց է տալիս կապը կանանց նկատմամբ բռնության կանխարգելման (որպես կանանց նկատմամբ գենդերային խտրականության) և դրա դեմ պայքարի առնչությամբ Եվրոպայի խորհրդի քաղաքականության և որոշ տրանսգենդերների իրավունքների պաշտպանության միջև:»:

Այնուհետև Սահմանադրական դատարանն ավելացնում է՝ «Ինչպես արդեն նշվել է, Կոնվենցիան օգտագործում է սեռի 2 հասկացություն ՝ «sex» և «gender»: Երբ այն ներառում է «գենդերային ինքնություն» արտահայտությունը, ապա դրանից բխում է, որ սեռի սոցիալական չափումը կախված չէ կենսաբանականից: Սեռի՝ որպես կենսաբանական հատկանիշ` տղամարդ/կին հայեցակարգից շեղումը, բացառում է Կոնվենցիային՝ բռնության բոլոր ձևերից պաշտպանելու իր հայտարարած նպատակներից:»:

Այս վերլուծություններով Բուլղարիայի ՍԴ-ն Սահմանադրության հետ հակասություն էր արձանագրել: Այսպես՝ «Սեռային հավասարությունը հռչակվում է սահմանադրական մակարդակով Հիմնական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով: Սա չի նշանակում երկու սեռերի հավասար վերաբերմունք, սակայն պահանջում է հաշվի առնել կենսաբանական հատկությունները և դրանց միջև եղած տարբերությունները: Սեռը հանդիսանում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասում հստակ նախատեսվածներից մեկը, որի հիման վրա չի թույլատրվում որևէ արտոնություններ կամ իրավունքի սահմանափակումներ:»:

«Սահմանադրությունը և Բուլղարիայի մյուս օրենսդրությունը հիմնված են մարդկային երկու տեսակների գոյության ընկալման վրա: Իրականում  Սահմանադրությունը միանշանակ ընկալում է սեռի սոցիալական ուղղվածությունը կենսաբանորեն որոշված կերպով փոխազդեցության մեջ՝ 47-րդ հոդվածի 2-րդ մաս: Այս սահմանադրական դրույթում կենսաբանական սեռը՝ «կինը», կապված է սոցիալական դերով` «մայր», «ծնունդ» և «մանկաբարձության օգնություն»: Կարճ ասված, «սեռ» տերմինը սահմանադրի կողմից օգտագործվում է` որպես կենսաբանականորեն որոշված և սոցիալապես կառուցված միասնություն: Սահմանադրության մեջ սոցիալական չափումը չի ստեղծում կենսաբանականից անկախ սոցիալական սեռ, ինչպես նախատեսված է Կոնվենցիայում:»: Շարունակելի ․․․․․»։

Իրարամերժ կարծիքների առնչությամբ 168.am-ը մի քանի հարցեր ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում կոնվենցիայի շուրջ կասկածներին և այն պնդումներին, թե այս ծրագրի մասով  արհեստական շահագրգռվածություն կա՝ հատկապես հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ եվրոպական որոշ երկրներ հրաժարվել են կոնվենցիայի վավերացումից, նախարարը պատասխանեց. «Եթե կա նման մտավախություն, խնդիր կամ իրազեկության պակաս, մենք պետք է այս բացը լրացնենք, պետք է ավելի շատ իրազեկենք այն մարդկանց, ովքեր որևէ խնդիր են տեսնում սրա մեջ, և հատկապես հանրության ու հասարակության շրջանում պետք է խոսել…»:

Մեր դիտարկմանը, թե նաև մասնագիտական կարծիքներ են հնչել, մասնավորապես՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն է որոշ ռիսկեր առանձնացրել,   Զ. Բաթոյանն արձագանքեց. «Մի բան հստակ է, որ կոնվենցիան որևէ պարտավորություն, որևէ կոնցեպտ չի առաջարկում երկրներին՝ ո՛չ ընտանիքի, ո՛չ սեռի, ո՛չ ամուսնության հետ կապված, այսինքն՝ սա բացառապես որոշվում է տվյալ երկրի Օրենսդրությամբ,  Սահմանադրությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս