«ՍԴ նախկինում ընտրված անդամներն ունեն նույն լեգիտիմությունը, ինչ նոր կանոններով ընտրված դատավորները». Օտտո Լյուֆթենհանդ

Հայաստանի Հանրապետության և  Սահմանադրության ճանապարհը 1995թ.-ից մինչ օրս շատ տպավորիչ է. դա հասկանալու համար բավական է նայել Ադրբեջանի և ՌԴ Սահմանադրություններին: Այս մասին «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով խորհրդաժողովում նշեց իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օտտո Լյուֆթենհանդը: Ի դեպ, նա 1993-94 թվականներին մասնակցել է ՀՀ Սահմանադրության ստեղծմանը:

Պրոֆեսորն անդրադարձավ նաև ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի այն արտահայտությանը, թե Սահմանադրական դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը.

«Խոսքն այն մասին է՝ արդյոք ՀՀ Սահմանադրական դատարանն ամբողջովին լեգիտիմ է, ինչի պատճառն այն է, որ նախկին փաստաբան, այսօր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարել է՝ նախկինում ընտրված ՍԴ անդամները դատավորներ չեն (Այդ պնդման համար հիմք է հանդիսացել 213-րդ հոդվածը. վեճը վերաբերում է հենց այս հոդվածի մեկնաբանմանը):

213 հոդվածը երկու նախադասությունից է կազմված. առաջին նախադասությունն է՝ «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված  ՍԴ նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»,  երկրորդ նախադասությունն էլ հետևյալն է՝ «Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար ՀՀ նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և կառավարությունը»: Վահե Գրիգորյանն ընտրվել է ՍԴ դատավոր՝ 213-րդ հոդվածի երկրորդ նախադասության համաձայն»:

Իրավագիտության դոկտորը ներկայացրեց, թե ինչ են կարգավորում այս երկու նախադասությունները, և խոսեց անցումային դրույթների դերի մասին՝ նկատելով, որ չնայած այն փոփոխություններին, որոնք կարող են կատարվել Սահմանադրությունում, անցումային դրույթները պետք է ապահովեն դրա միասնականությունը և ներսում հակասություններից զերծ լինելը, նաև Սահմանադրության նորմերի շարունակական լինելը.

«Սահմանադրության մեկնաբանման համար հիմնական նախադրյալը հենց այն է, որ  պետք է ընկալենք, որ սա միասնական փաստաթուղթ է։ Եթե Սահմանադրության տեքստը լի է հակասություններով, ապա դրա մեկնաբանությունը դառնում է ռուսական ռուլետկա և կորցնում է իր ամբողջ իմաստը»:

Օտտո Լյուֆթենհանդն իր  խոսքը եզրափակեց այն եզրահանգմամբ, որ  ՍԴ՝ նախկինում ընտրված անդամներն ունեն նույն լեգիտիմությունը, ինչ նոր կանոններով ընտրված դատավորները, որոնք այս պահին երկուսն են.

«Առաջին նախադասության մեկնաբանությունը հաստատվում է երկրորդ նախադասությամբ նույն հոդվածի: Երկրորդ նախադասությունը կարգավորում է թափուր տեղերի զբաղեցումը: Այդ թափուր տեղերը կոչվում են արդեն դատավորների տեղեր՝ ըստ Սահմանադրության 7-րդ գլխի 2015 թ. խմբագրությամբ: Այստեղից նաև բխում է, որ որևէ տարբերակում չի անցկացվում անդամների և դատավորների թափուր տեղերի միջև:

213 հոդվածը թույլ չի տալիս, որ 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ինչ-որ տարբերակում անցկացվի ՍԴ անդամների և դատավորների միջև»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս