«Նվազագույն աշխատավարձերի բարձրացման հարցը կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանում». Գեմաֆին Գասպարյան
ՀՀ կառավարությունը հունիսի 27-ի նիստում որոշում կայացրեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամի փոխարեն՝ դարձնել 68 հազար դրամ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանում, և դրական արդյունքի դեպքում հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձ ստացողներն արդեն կստանան ոչ թե 55, այլ 68 հազար դրամ։
Ըստ նրա, Սոցապնախարարության քաղաքական դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ այն է, որ Հայաստանում աշխատող մարդը պետք է նվազագույն սպառողական զանգվածից ավելի աշխատավարձ ստանա։ Հասկանալու համար, թե որքան պետք է բարձրանա նվազագույն աշխատավարձը, նախարարությունը հետազոտություն է իրականացրել։
«Մենք հաշվի ենք առել ընտանիքի սպառողական զամբյուղը, ինչպես նաև այն հանգամանքը, որ այս ամենը որևէ կերպ չվնասի փոքր կամ միջին բիզնեսին։ Պետական ոլորտում աշխատողներից 35 հազար մարդու նվազագույն աշխատավարձը կբարձրանա, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 45 հազար մարդու, որոնք այս պահին ստանում են նվազագույն աշխատավարձ։ Թե քանի գործատուի մոտ են աշխատում այդ մարդիկ, այս պահին տվյալներ չունեմ»,- նշեց Գեմաֆին Գասպարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ միջին ընթացիկ գներով նվազագույն զամբյուղը կազմում է 63 հազար 550 դրամ։
Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման՝ փոքր և միջին բիզնեսի վրա բացասական ազդեցություն չթողնելու և ռիսկերը հաշվարկելու համար ապրիլ-մայիս ամիսներին 1580 գործատուների շրջանում իրականացրել են հարցում։
«Ըստ գործատուների՝ 73 հազար 143 դրամը նվազագույն աշխատավարձի ընդունելի չափն է, հարկերն իրենք կվճարեն։ Այսինքն՝ այն մտավախությունները, որոնք հնչում են, թե փոքր և միջին բիզնեսին կարող է, այսպես ասած, այս ամենը վնասել, այդպես չէ, ինքներս փորձել ենք ունենալ բալանսավորված մոտեցում։ Ուզում եմ նաև շեշտել, որ հարկային փոփոխությունները թույլ են տալիս այլ ռեժիմներով նոր ստեղծվող բիզնեսին ավելի կայանալ ու ամրապնդվել»,- ընդգծեց Գեմաֆին Գասպարյանը։
Զվարթ Խաչատրյան