«Ես Աննան եմ, Նիկոլի կինը, ձեր լրագրող գործընկերը, որին չի կարող փոխել աշխարհի ո՛չ մի իշխանություն, և ո՛չ մի կարգավիճակ». Աննա Հակոբյան
168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր Անթիլիասում տեղի է ունեցել Հայ մամուլի համահայկական համաժողովի բացման հանդիսությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսի նախագահությամբ։
Համաժողովին մասնակցում էին շուրջ 100 պատվիրակներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքի զանազան գաղթօջախներից։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հուլիսի 1-ից Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով նույնպես Լիբանանում է՝ մասնակցելու հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովին: Այսօր՝ համաժողովի բացման արարողությանը, Աննա Հակոբյանը հանդես եկավ հայ մամուլի արդիական խնդիրների վերաբերյալ ելույթով:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին՝ 2019 թվականը «Մամուլի տարի» հռչակելու և այս համաժողովը կազմակերպելու համար:
Մամուլն այսօր ամբողջ աշխարհում ճգնաժամ է ապրում, և հայ մամուլը, հայաստանյան մամուլը և աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքներում գործող մամուլը չէր կարող անմասն մնալ համաշխարհային այս պրոբլեմից, ուստի սույն նախաձեռնությունը, առավել քան երբևէ, տեղին է և սպասված: Ես հույս ունեմ, որ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսի բարձր հեղինակության և հայրապետական օրհնանքի ներքո այս համաժողովի մասնակիցներին կհաջողվի վերհանել ամենախորքային խնդիրները, քննարկել դրանք, լուծումներ փնտրել, և եթե հաջողվի, նաև ընդհանուր ռազմավարություն և ուղենիշեր սահմանել՝ դրանք մեզ հետ տանելով յուրաքանչյուրս մեր երկիր՝ պարտավորվելով նաև կյանքի կոչելու:
Ես ուզում եմ առաջ անցնել և հույս հայտնել, որ մամուլին նվիրված համաժողովը կդարձնենք ամենամյա, որովհետև եկեք խոստովանենք՝ աշխարհը խելակորույս արագությամբ զարգանում է՝ իր հետ բերելով նորանոր մարտահրավերներ և խնդիրներ, և մենք՝ մամուլի միջոցներս, պարտավոր ենք արագ և ժամանակին արձագանքել դրանց: Նորագույն տեխնոլոգիաների արագ զարգացումը, համացանցի սփռվածության սահմանների ընդլայնումը, որպես դրա հետևանք՝ սոցիալական ցանցերի՝ ավանդական մամուլին փոխարինելու, ինֆորմացիայի տարածման և ստացման ամենաօպերատիվ և հիմնական աղբյուր դառնալու հավակնությունները տենդենցներ են, որոնք մեզ ուղեկցելու են առաջիկա տասնամյակների ընթացքում, և լավ կլիներ, եթե մենք կարողանայինք՝ որպես մեկ համայնք, որպես միևնույն արժեքը կրող և միևնույն նպատակին ծառայող համքարություն, միասին և կազմակերպված արձագանքել այս մարտահրավերներին:
Ես համագումարի հետագա աշխատանքներին չեմ կարող մասնակցել, կարծում եմ ՝ հարգելի պատճառներով, որովհետև ի հեճուկս մեր բազմաթիվ լրատվամիջոցներում տարածվող լուրերի, թե ես սիրում եմ արտասահմանյան վոյաժներ անել, յուրաքանչյուր արտասահմանյան այցի ժամանակ աշխատում եմ առավելագույն օպտիմալ օգտագործել ժամանակը և շատ բան հասցնել անել: Եվ այս այցն էլ բացառություն չէ. արդեն գիտեք՝ ունեմ հագեցած ծրագիր՝ հանդիպում Լիբանանի նախագահի տիկնոջ հետ, այցելություն Լիբանանում առաքելություն իրականացնող մեր խաղաղապահներին, և այլն:
Ահա ուրեմն, քանի որ չեմ հասցնի աշխատանքային քննարկումների մասնակցել, ուզում եմ ձեր հետագա դատին հաձնել մեկ-երկու առաջարկություն: Օրինակ՝ այն, որ համաժողովը դառնա ամենամյա, որ դրա արդյունքում փաստաթուղթ ընդունվի, որը կարող ենք անվանել ռազմավարություն կամ ժամանակի մարտահրավերներին արձագանքելու ուղենիշներ հայ մամուլի միջոցների համար, կամ ցանկացած այլ անուն: Բայց որպեսզի համաժողովը ծառայի իր նպատակին, կամ, առավել ևս, դառնա ամենամյա և գործնական կիրառման համար անհրաժեշտ փաստաթուղթ ընդունի, մեզ անհրաժեշտ է անկեղծ խոսակցություն. առանց դրա՝ սույն համաժողովը կդառնա հերթական մի միջոցառում, որի առավելագույն ձեռքբերումը կլինի Լիբանանում անցկացրած օրերի ու ժամերի մասին լավ հիշողությունը:
Անկեղծ խոսակցության համար մեզ առաջին հերթին անհրաժեշտ է իրերն իրենց անունով կոչելու կամ ինքներս մեզ տհաճ հարցեր ուղղելու քաջություն, օրինակ՝ արդյո՞ք ժամանակակից հայ մամուլը հավատարիմ է իր կոչմանն ու առաքելությանը, և ո՞րն է առհասարակ մամուլի կոչումն ու առաքելություն: Իմ խորին համոզմամբ, չնայած բոլոր տեսակի տեխնոլոգիական զարգացումներին՝ մամուլի կոչումը մնում է նույնը՝ վստահելի տեղեկատվության հայթայթումն ու տարածումը: Սա այն նվազագույնն է, որ պետք է անի մամուլի միջոցը՝ անկախ այն բանից՝ տպագի՞ր է, էլեկտրոնայի՞ն, հեռուստատեսությո՞ւն է, թե՞ ռադիո: Բացի տեղեկատվության տարածումից՝ մամուլը հասարակությանը կրթելու առաքելություն ունի, գաղափարներ առաջ բերելու, հանրային խորքային քննարկումներ հարուցելու, պետության և ժողովրդի կյանքում կենսական նշանակության հարցեր վերհանելու և այդ հարցերի լուծման բանալիները գտնելու առաքելություն: Արդյո՞ք մենք՝ մամուլի միջոցներս, հավատարիմ ենք մեր այս կոչմանը և իրականացնում ենք մեր այս առաքելությունը: Ես շատ կուզեի ասել՝ այո, չնայած բոլոր տեսակի բարդություններին՝ սփյուռքահայ մամուլն ու հայաստանյան մամուլը շարունակում են ծառայել իրենց կոչմանը, սակայն վստահ եմ, որ այս դահլիճում ներկա յուրաքանչյուր ոք քաջ գիտակցում է, որ դա այդպես չէ: Չեմ ուզում սխալվել սփյուռքահայ մամուլի մասին գնահատական տալու, որովհետև անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ ամբողջությամբ տիրապետում եմ, թե մեր օրերում ինչ դերակատարություն ունեն այսօր տարբեր երկրներում հայկական գաղթօջախներում գոյություն ունեցող մամուլի միջոցները, սակայն հայաստանյան մամուլի մասին կարող եմ միանշանակ ասել, որ վերը նշված արժեքները վաղուց արդեն դադարել են նորաձև լինել մեր լրատվամիջոցների համար:
Վստահելի տեղեկատվություն ասվածը մեր օրերում մամուլի էջերից անհետացող տեսակ է. այն իր տեղը զիջում է էժանագին սենսացիաներին, անարժեք մանիպուլյացիաներին, քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված «փաստերի» մատուցմանն ու դրանց վերաբերյալ մտացածին վերլուծություններին: Իհարկե, այս իրավիճակն ունի նաև իր օբյեկտիվ պատճառները, առաջինը և ամենակարևորը ֆինանսավորման աղբյուրներն են: Ես չեմ ուզում այս թեմայի վրա ծանրանալ, որովհետև բոլորը գիտեն, թե իրենք ինչպես են ֆինանսավորվում, գիտեն, թե մյուսներն ինչպես են ֆինանսավորվում, և գիտակցում են, որ մյուսներն էլ գիտեն, թե իրենք ինչպես են ֆինանսավորվում: Ֆինանսավորման խնդիրը, իմ խորին համոզմամբ, հայաստանյան մամուլի ներկա իրավիճակի համար առաջին պատճառն է: Որևէ լրատվամիջոց որևէ տեղեկատվություն իր էջերում զետեղելիս՝ հաշվի է առնում, թե դա որքանով է իր ֆինանսավորողի քիմքին հաճելի:
Այս իրավիճակի լուծումը, իմ կարծիքով՝ մեկն է՝ հանրությունն ինքը պետք է իր լրատվամիջոցի ֆինանսավորողը դառնա, այլ ճանապարհ չկա:
Մեր օրերում հսկայական անվստահություն է առաջացել ընթերցողի՝ լրատվությունը սպառողի, և լրատվությունը մատակարարողի՝ մամուլի միջև:
Գաղտնիք չէ, որ հայաստանյան լրատվամիջոցները հանրային մեծ ճնշում են զգում իրենց վրա, որը երբեմն արտահայտվում է թույլատրելիի սահմաններն անցող դրսևորումներով, հայհոյանքներով, այս կամ այն թերթը փակելու կամ դրա ինտերնետային տարբերակը բոյկոտելու կոչերով: Հանրությունը, ըստ էության, լրատվամիջոցից պահանջում է մի ծառայություն, որի համար հարկ չի համարում և պատրաստ էլ չէ վճարել: Ինչպե՞ս պետք է այս կամ այն լրատվամիջոցը գոյատևի, լրագրողներ ընդունի աշխատանքի, նրանց աշխատավարձ վճարի և նրանցից վստահելի, որակյալ տեղեկատվություն և վերլուծություն պահանջի, եթե հանրությունը չի վճարում իրեն այդ ծառայությունների համար՝ 200 դրամ չի տալիս և թերթ չի գնում, կամ պատրաստ չէ վճարել այդ նույն թերթի ինտերնետային տարբերակին բաժանորդագրվելու համար: Որտեղի՞ց պետք է լրատվամիջոցը ֆինանսավորվի, ֆինանսավորի և իր գոյությունը պահպանի: Բնականաբար, պետք է դիմի դաշտում խաղացող տարբեր քաղաքական միավորների օգնությանը, որոնք ունեն սեփական շահագրգռությունները, նպատակները, և ֆինանսավորելով այս կամ այն լրատվամիջոցին՝ նրան փորձելու են ծառայեցնել միայն և բացառապես սեփական շահերին:
Որն է եզրակացությունը, իմ կարծիքով՝ այն մեկն է, եթե ՀՀ քաղաքացին ուզում է ունենալ վստահելի, բարձր մակարդակի լրատվություն ապահովող լրատվամիջոց, պետք է վճարի այդ լրատվամիջոցի գոյության համար, և այդ դեպքում լրատվամիջոցը կծառայի կրկին իրեն ֆինանսավորողին, որը, տվյալ դեպքում, կլինի ոչ թե այս կամ այն՝ երբեմն վիճելի, կասկածելի նպատակներով քաղաքական միավորը, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Երկրորդ խնդիրը սոցիալական ցանցերում օր օրի սնկի նման աճող անհասկանալի ծագման «լրատվամիջոցներն» են, որոնք կարողանում են անորակ և «ֆեյք» լրատվության շնորհիվ լսարան հավաքել և ավանդական մամուլին այլընտրանք դառնալ՝ անորակ, սակայն, այնուամենայնիվ՝ այլընտրանք: Ահա այս թշնամուն հաղթելու համար է, որ լրատվամիջոցները երբեմն իրենք են դիմում անորակ լրատվություն մատուցելու քայլին՝ լրատվական օվկիանոսի ջրի երեսին ինչ-որ կերպ մնալու և չանհետանալու ձգտումով:
Եթե նույնիսկ չթվեմ մյուս խնդիրները, հույս ունեմ՝ դրանք կվերհանվեն համաժողովի մյուս մասնակիցների կողմից:
Սրանք արդեն բավարար են պատկեր ունենալու համար. Լրատվամիջոց, որը ֆինանսավորվում է և սպասարկում է տարբեր քաղաքական խմբերի շահերը, և դա անում է այնպես, որ դիմանա ֆեյք լրատվամիջոցների մրցակցությանը, այսինքն՝ նրանց թելադրած խաղի կանոններով ու ճաշակով: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք, և սա արդեն ոչ միայն լրատվամիջոցների խնդիրն է, այլ հասարակության և պետության: Բայց մեր երկրում մեկ տարի առաջ դրամատիկ փոփոխություններ են տեղի ունեցել, և մեր հասարակությունը դեռևս այս փոփոխությունների ոգևորության տակ է, իսկ պետությունն իր բոլոր օղակներով լծված է այդ փոփոխությունները կապիտալիզացնելու գործին: Այսինքն՝ ո՛չ առաջինի, ո՛չ երկրորդի համար լրատվամիջոցների հարցն առաջնային չէ. ասել կուզի՝ պետք չէ սպասել, որ որևէ մեկը մեր փոխարեն ձեռնամուխ կլինի մեր խնդիրների լուծմանը, մենք պետք է ինքներս առաջին քայլն անենք, պետք է մտածենք մեր ներկայի և ապագայի մասին, և մենք պետք է ստիպենք պետությանն ու հասրակությանը հաշվի նստել մեզ հետ:
Այն ճանապարհը, որով հիմա փորձում ենք դա անել, սխալ ճանապարհ է. Մենք, իհարկե, այսուհետ էլ կարող ենք շարունակել ինքնախաբեությամբ զբաղվել, թե ազատ մամուլ ենք, քննադատում ենք, սակայն հանրությունը, մարդիկ դա չեն հասկանում, սակայն դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է՝ այդ ճանապարհը շարունակելով՝ մենք ոչ թե կլուծենք մեր խնդիրները, այլ էլ ավելի կխորացնենք դրանք:
Այսօր արդեն հետհեղափոխական Հայաստանում հայստանյան մամուլը համընթաց չի քայլում պետության և ժողովրդի հետ: Այսօր արդեն մենք ամեն օր վայելում ենք մամուլի՝ հանրության և պետության միջև առաջացած խորն անջրպետի դառը պտուղները: Եվ եթե մենք օր առաջ ձեռնամուխ չլինենք մեր խնդիրների խորքային լուծմանը, այն ավելի ու ավելի կխորանա, իսկ դա հղի է մեծ վտանգներով:
Շատ բան կա ասելու, բայց, թերևս, պետք է սահմանափակվեմ այսքանով, ուզում եմ, սակայն, հատուկ ընդգծել, որ ես՝ որպես վարչապետի տիկին և որպես հայաստանյան առաջատար թերթերից մեկի գլխավոր խմբագիր, հայաստանյան լրագրողական համայնքին առաջարակում եմ իմ անմնացորդ ծառայությունները մեր համընդհանուր խնդիրների լուծման գործում, որովհետև մեր դաշտում գոյություն ունեցող ցանկացած խնդիր համարում եմ իմ անձնական խնդիրը:
Քանի որ ինքս եմ կարևորում անկեղծ խոսակցություն ունենալու կամքը, ուզում եմ նաև ասել.
Սիրելի՛ գործընկերներ, հայաստանյան մամուլի երկար տարիների ընկերներ, մենք իրար հետ ճանապարհ ենք անցել, միասին տարբեր ակցիաներ ենք արել, մամուլի հանդեպ ճնշումներ ենք հաղթահարել, ճի՛շտ է, ես այդ տարիներին դեռ սկսնակ լրագրող էի, բայց դա չի փոխում իրերի դրությունը: Դուք կանգնել եք մեր կողքին, երբ իմ ամուսինը բանտարկված էր, մենք իրար հետ մրցակցել ենք, իրարից նեղացել ենք-հաշտվել ենք, այսինքն՝ մի կյանք ենք ապրել միասին, և այսօր ձեր լրատվամիջոցներից շատերը գրեթե ամենօրյա ռեժիմով իմ և իմ ընտանիքի մասին տարածում են մերկապարանոց ստեր: Ես այս չեմ ասում՝ որպես կշտամբանք, սակայն ուզում եմ անկեղծ լինել՝ շատ ժամանակ նեղսրտում եմ, շատ ժամանակ իմ մտքում արդարացումներ եմ փնտրում, բայց, մեծ հաշվով, այդ սուտը նույնպես ընդունում եմ վերը հիշատակված խնդիրների համատեքստում:
Ես ուզում եմ հավատալ, որ մենք կարող ենք գնահատել լրագրողական համայնք հասկացությունը, կարող ենք ամենօրյա կյանքում վայելել լրագրողական համերաշխություն ասվածի հաճույքը: Բոլորս տեսանք, որ երեկվա իշխանությունը կարող է դառնալ ընդդիմություն, ընդդիմությունը՝ իշխանություն, այսօրվա իշխանությունն էլ վաղը կարող է դառնալ ընդդիմություն, բայց մենք՝ լրագրողներս, միշտ պետք է մնանք նույնը:
Ես հասկանում եմ, որ «վարչապետի տիկին» բառակապակցությունը հատուկ է հնչում, տարբեր ասոցիացիաներ առաջացնում, բայց ուզում եմ՝ դուք վստահ լինեք՝
Ես Աննան եմ, Նիկոլի կինը, ձեր լրագրող գործընկերը, որին չի կարող փոխել աշխարհի ո՛չ մի իշխանություն, և ո՛չ մի կարգավիճակ»:
Այցի ընթացքում Աննա Հակոբյանը կհանդիպի Լիբանանի Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նադյա Չամին Աունի հետ, կայցելի Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայանում առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին: Վարչապետի տիկինը կայցելի նաև Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան:
Մանրամասները՝ տեսանյութում։
Զարուհի Դիլանյան