«Հարգենք դատական իշխանության անկախությունը, սա ներդատական խնդիր է, և դատարաններն իրենք պետք է լուծեն ներսում առաջացած խնդիրները». Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
«ԵԽԽՎ-ի օրակարգում՝ ո՛չ լիագումարի, ո՛չ հանձնաժողովների, նման հարց չի քննարկվել: Վենետիկի հանձնաժողովի կողմից կայացված որոշումը, որում նախատեսվում է անդրադառնալ անհրաժեշտության դեպքում Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ծանոթ եմ, այն հասանելի է նաև մամուլին, բայց որևէ դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ չկա»,- այսօր խորհրդարանում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ ի պատասխան 168.am–ի հարցի, թե ԵԽԽՎ-ում պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես քննարկվե՞լ է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Մեր հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի՝ Վահե Գրիգորյանի նամակի հետ կապված, Վ.Վարդանյանը պատասխանեց, որ նամակին ծանոթ է մամուլից, չի հասցրել մանրամասն ուսումնասիրել, որպեսզի դիրքորոշում արտահայտի: Պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խնդիրը քննարկել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետներից մեկի հետ. «Այո, խնդիրը բավականին լուրջ է, իրենց մտահոգությունը, կարծում եմ, նաև մեր մտահոգությունը, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական դաշտում»:
Ն.Զոհրաբյանի կարծիքով՝ ՀՀ սահմանադրական և իրավաբանական միտքը բաժանվել է երկու ճամբարի, ինչը բացարձակ անընդունելի է. «Այս հարցը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ, և քանի դեռ հարցը գտնվում է քաղաքական հարթության մեջ, իսկ հարցը գտնվո՛ւմ է քաղաքական հարթության մեջ, այն չի ունենալու իրավական ճշգրիտ լուծում: Ես չլսեցի որևէ սահմանադրագետի, որևէ իրավաբանի կարծիք, որ քաղաքականացված չլինի: Եվ, այո, Վենետիկի հանձնաժողովի նշյալ փորձագետը, որը, կարծում եմ, իրավասություն ուներ խոսել նաև Վենետիկի հանձնաժողովի անունից, ուներ մտավախություն, որ խնդիրը չպետք է լուծվի քաղաքական հարթության մեջ»:
Ն.Զոհրաբյանը նշեց, որ Վահե Գրիգորյանը նամակին չի հասցրել ծանոթանալ, քանի որ երկար էր: Նա շեշտեց, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես սահմանադրական իրավունքի և ՀՀ Սահմանադրության շրջանակներում, և ոչ թե՝ քաղաքական օրվա կուրսի շրջանակներում:
Վ.Վարդանյանը համաձայնեց, որ իրավական գործընթացները չպետք է քաղաքականացվեն, դատական իշխանությունը պետք է զերծ մնա որևէ տեսակի քաղաքական գործընթացներում միջամտելուց, ինչի վկայությունն է Մոլդովայում տեղի ունեցածը և միջազգային կոշտ արձագանքը: Միջազգային արձագանքի առումով Վ.Վարդանյանը կրկին համաձայնեց Ն.Զոհրաբյանի հետ, որ իրավական գործընթացները չպետք է քաղաքականացվեն, բայց հավելեց, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետը չի կարող հանձնաժողովի անունից դիրքորոշում հայտնել, որովհետև ՎՀ-ն իր որոշմամբ միայն կարող է այս կամ այն հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել: «Այո, կարծիքները կիսվել են, կարծիքները կիսվել են նաև իրավական առումով, բայց այսքանով սահմանափակվենք, հարգենք դատական իշխանության անկախությունը, սա ներդատական խնդիր է, և դատարաններն իրենք պետք է լուծեն ներսում առաջացած խնդիրները»,- ասաց Վ.Վարդանյանը: