«Անասնակերի թանկացումն ու դրա սղությունն ազդելու է անասնագլխաքանակի, կաթնատվության, ինչպես նաև մսի գնի վրա»
«Մոտավորապես մեկ ամիս առաջ ասում էինք, որ Շիրակի գոտում նախաերաշտային պայմաններ կան, մեզ չլսեցին։ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է մարզպետարանների հետ աշխատանքներ տաներ անասնակերի կուտակման համար, բայց ոչինչ չարեցին։ Այսօրվա հրդեհները, որ խոտը տեղ-տեղ այրվում է, դեռ սկիզբն է, էլի է լինելու, խոտը չորանալու է ու հրդեհվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզում անասնակերի թանկացմանը։
Նրա խոսքով՝ այն իրավիճակը, որում գտնվում է գյուղատնտեսությունը, Կառավարությանը չի հուզում, ուստի չգիտի, թե այնտեղ գտնվող ոլորտի պատասխանատուններն ինչով են զբաղված։
Նրա դիտարկմամբ, գյուղատնտեսությունն ամեն մարդու բան չէ, և այդ համակարգում պետք է աշխատեն այնպիսի մարդիկ, որոնք ունեն լուրջ գիտելիքներ։
«Սա դեռ սկիզբն է, մենք դեռ հունիս ամիսն ենք, հուլիս-օգոտոս ամիսներին ավելի վատ է լինելու։ Ուղղակի դիմում են Արտակարգ իրավիճակների նախարարին, որպեսզի արգելոցներում հնձեն կանաչ խոտը, որպեսզի չչորանա ու հրդեհներ չառաջանա։
Բնականաբար, անասնակերի թանկացումն ու դրա սղությունն ազդելու է անասնագլխաքանակի, կաթնատվության, ինչպես նաև մսի գնի վրա։ Խնդիրը լուծելու հեշտ ձև կա, քանի որ նման դեպքեր մեզանում կրկին եղել են, միայն պետք է համապատասխան մարդիկ ունենան ընդունակություններ դրա համար։ Ես որ ասում էի՝ ծիրանն այս տարի ավելի թանկ է, ինձ հակառակն էին համոզում, բայց իրենք համոզվեցին, որ ծիրանի բերքն այս տարի կրկնակի թանկ է»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։
Ըստ նրա, եթե 21 օր անձրևներ չեն տեղում, Կառավարությունը պետք է հայտարարի երաշտ, ինչը միջազգային նորմ է։
Նա նաև տեղեկացրեց, եթե այսպես շարունակվի, երաշտի պարագայում գյուղմթերքի ու մսի շուկայում թանկացումներն անխուսափելի կդառնան, ուստի Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի և ձեռք բերի անասնակեր։
«Չնայած գիտենք, որ Կառավարությունը ոչինչ էլ չի անելու, ամեն ինչ բարձիթողի վիճակում է»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։
Զվարթ Խաչատրյան