Բաժիններ՝

Ուկրաինան ՌԴ-ի վերաբերյալ ԵԽԽՎ-ի որոշումից հետո հետ է կանչում Եվրախորհրդին առընթեր իր դեսպանին

Ուկրաինան Ռուսաստանի վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի որոշումից հետո որոշում է ընդունել կոնսուլտացիաների համար հետ կանչել Եվրախորհրդին առընթեր իր դեսպանին: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Կլիմկինը: «Եվրախորհուրդը կորցրեց մեր վստահությունը եւ այն խիստ դժվար կլինի վերականգնել:

Մարդու իրավունքների պաշտպանության գործում առաջատարից այդ կազմակերպությունը վերածվել է պարզ մենեջերի: Ուստի կոնսուլտացիաների համար հետ ենք կանչում Եվրախորհրդին առընթեր մեր դեսպանին: Ռազմավարությունը հասկանալի է, մարտավարությունը՝ նույնպես»,-հայտարարել է նախարարը:

Ինչպես արդեն տեղեկացվել է, ԵԽԽՎ-ն Ռուսաստանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու հունիսի նստաշրջանին: Վեհաժողովը համապատասխան բանաձեւն ընդունել է հունիսի լույս 25-ի գիշերը: Փաստաթղթի օգտին քվեարկել է118 խորհրդարանական, 62-ը դեմ է հանդես եկել, եւս 10-ը ձեռնապահ է մնացել: Ռուս խորհրդարանականների խումբը՝ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի գլխավորությամբ արդեն մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ-ի նստշրջանին:

Մինչդեռ Ուկրաինայի պատվիրակությունը լքել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճը: Ինչպես հունիսի 25-ին «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է խորհրդարանական Ալեքսեյ Գոնչարենկոն, «սեր ամբողջ պատվիրակությունը լքել է դահլիճը:

Մենք այս նստաշրջանի համար ընդունել ենք որոշում, որ Ուկրաինայի պատվիրակությունը մասնակցելու է օրակարգի միայն այն կետերի քննարկմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի վրա պատժամիջոցներ դնելուն»: Գոնչարենկոյի խոսքով՝ Ուկրաինայի պատվիրակությունը դեռ կվերադառնա նիստերի դահլիճ՝ խանգարելու ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու՝ ԵԽԽՎ-ի փոխխոսնակ ընտրվելուն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 25-ին հիասթափություն է հայտնել ԵԽԽՎ-ի որոշման կապակցությամբ, որն անցած գիշեր հաստատել է ՌԴ պատվիրակության լիազորությունները ամառային նստաշրջանում:

«Հիասթափված եմ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորություններն առանց սահմանափակումների հաստատելու ԵԽԽՎ-ի որոշումից,-գրել է քաղաքական գործիչը Facebook-ում:-Անցած շաբաթ ես անձամբ այդ հարցը քննարկել եմ Ֆրանսիայի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի հետ:

Փորձել եմ համոզել պարոն Մակրոնին եւ տիկին Մերկելին, որ ԵԽԽՎ ռուսական պատվիրակության վերադարձը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կկատարի վեհաժողովի սկզբունքային պահանջները: Ափսոս, որ եվրոպացի մեր գործընկերները մեզ չանսացին եւ վարվեցին այլ կերպ»:

Ռուսաստանը ԵԽԽՎ-ում հիմնական լիազորություններից, մասնավորապես, ձայնի իրավունքից, զրկվել էր 2014 թվականի ապրիլին Ղրիմի վերամիավորման եւ Ուկրաինայի հարավ – արեւելքում ռազմական գործողությունների պատճառով: 2017 թվականին Ռուսաստանը, որը ԵԽԽՎ-ի խոշորագույն ավանդատուն է, սառեցրելէ անդամավճարի մուծումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս