Հակաիրանական նոր պատժամիջոցներն «ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին». Իրանի ԱԳՆ
Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ հունիսի 24-ին սահմանված պատժամիջոցներն անօգուտ են եւ ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին: Այդ մասին Twitter-ում գրել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Իրանի գերագույն ղեկավար (այաթոլլա Ալի Խամենեիի), ինչպես նաեւ իրանական դիվանագիտության ղեկավարի (Ջավադ Զարիֆի) դեմ անօգուտ պատժամիջոցների սահմանումն ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին»,- նշել է նա:
Մուսավին նաեւ ասել է, որ «Թրամփի հուսալքված կառավարությունը ոչնչացնում է միջազգային բոլոր մեխանիզմները, որոնք կոչված են պաշտպանել մոլորակի խաղաղությունն ու կայունությունը»:
ԱՄՆ-ի նախագահը հունիսի 24-ին հրամանագիր Է ստորագրել, որը պատժամիջոցների խստացում է նախատեսում Իրանի դեմ: Ելույթ ունենալով լրագրողների առջեւ, նա ճշտել է, որ նոր միակողմանի միջոցներն ուղղված են նախ եւ առաջ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դեմ:
Իր հերթին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտնել է, որ «այս շաբաթ ավելի ուշ» պատժամիջոցների ցուցակում պլանավորվում Է ներառել նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ութ զորահրամանատարներ, ներառյալ հունիսի 20-ին ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքի ոչնչացման համար պատասխանատու գեներալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: